Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի

Կառավարությունը հավանություն տվեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների ներդրումային ծրագրերի փոփոխություններին



Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու հարցում փոփոխություն կատարելու որոշումը։ Նախագիծը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Ներդրումային ծրագրերին հավանություն տալու»  N 762-Ա որոշման համաձայն՝ կառավարությունը հավանություն էր տվել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին: Ըստ ծրագրի՝ պետությունն ու համայնքը մասնակցում են ծրագրին հողի տրամադրման ձևով, իսկ մասնավորը պարտավորվում է ապահովել ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, ինչի հաշվին մինչև 2020 թվականը ամայի 110 հա  հողամասի վրա կառուցվելու էր կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան։

Այսօրվա նիստի օրակարգում հայտնված որոշման համաձայն՝  համալիրի կառուցման ներդրումային ծրագրի ֆինանսավորման և ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետների, ինչպես նաև ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցով էլեկտրաէներգիայի մատակարարմամբ պայմանավորված ներդրումային ծրագրի ինժեներատեխնիկական առաջարկում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել։ Ըստ նախկինում ընդունված որոշման՝ ջերմատնային համալիրի 60 հեկտարի կառուցման փուլի համար անհրաժեշտ ներդրումները գնահատվում էին 133 մլն ԱՄՆ դոլար, այժմ առաջարկվում է այդ թիվը կրճատել՝ դարձնելով 88 մլն ԱՄՆ դոլար։ Ջերմատնային համալիրի առաջին փուլի մեկնարկը նախատեսվում էր մինչ 2017 թվականի աշուն, շինարարության ավարտը՝ 2018 թվականի ամառ։ Այժմ առաջարկվում է շինարարության ավարտի ժամկետը երկարաձգել մինչ 2019 թվականի դեկտեմբեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ներկայումս ծրագիրը ո՞ր փուլում է, նախարարն արձագանքեց՝ պրոցեսը շարունակվում է, սակայն չի կարող հստակեցնել, թե նախագծի որ փուլին են հասել։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս ծրագիրը դիտարկել են որպես նոր մոդել, ոչ թե նախկինի շարունակություն:

«Եկեք որոշումը ընդունենք, բայց եթե տեսնենք, որ ներդրումը չի իրականացվում, չեղարկելը ևս մեր լիազորությունների տիրույթում է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ հարցը Երևանի ավագանիում է, ուստի նորընտիր ավագանին կառավարության հավանություն տալուց հետո կքննարկի այդ հարցը։

«Կարծում եմ բնականոն աշխատանքի համար, եթե կառուցումը շարունակվում է, պետք է լուծում գտնենք, շարունակենք հետևել պայմանագրին»,- ասաց վաչապետը՝ հիշեցնելով, որ որոշումը հավանություն է ստանում և փոխանցվում նորընտիր ավագանուն:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացրել «Սպայկա» ընկերությունում և բացահայտել 2015-2018 թվականների ընթացքում կատարված խախտումները։ Ըստ այդ ուսումնասիրությունների՝ «Սպայկա»-ն պետբյուջե չէր վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ։ Նշված դեպքով հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև, քրեական գործով որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, քանի որ նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված