Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Կողբի ուսուցչուհու նամակի առնչությամբ



Ոստիկանության Նոյեմբերյանի բաժինը նյութեր է նախապատրաստում «Հետք»-ի հրապարակման հիման վրա, որում ներկայացրել էինք Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ազատյանի նամակը՝ ուղղված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Այս մասին, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրեց գլխավոր դատախազությունը:

Հրապարկումը գլխավոր դատախազությունից ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն, որտեղից էլ` ոստիկանության Նոյեմբերյանի բաժին`  «հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար»:

Հիշեցնենք, որ Անուշ Ազատյանի նամակը մինչև «Հետք»-ում հրապարկվելը ուղարկվել էր ԿԳ նախարարի էլեկտրոնային հասցեին: Ուսուցչուհին նախարար Արայիկ Հարությունյանին խնդրել էր դպրոցում անցկացնել ստուգում, քանի որ, իր կարծիքով, տնօրենը չարաշահում է պաշտոնեական դիրքը:

ԿԳՆ-ն նամակը ուղարկել էր Կրթության տեսչական մարմին, որտեղից էլ դպրոց են այցելել մասնագետներ և այնտեղ հրապարակել Անուշ Ազատյանի նամակը: Դրանից հետո դպրոցում ավելի են լարվել հարաբերություները, իսկ դպրոցում այդպես էլ համալիր ստուգում չի իրականացվել, ինչը նամակի նպատակն էր:

Անուշ Ազատյանի դստեր` ֆեսյբուքում բարձրացրած աղմուկից հետո միայն, արձագանքեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` խոստանալով, որ նախարարության ներկայացուցիչը կայցելի դպրոց ու անձամբ կտեղեկանա իրավիճակի մասին: Ճշտելու համար, թե ինչ ստուգումներ են արվել կամ արվելու դպրոցում, Հետք»-ը գրավոր հարցում է ուղարկել նախարարություն: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Ուսուցչուհին նամակում մանրամասնել էր նաև փողերի հնարավոր լվացման մասին տեղեկություն, մասնավորապես նշված է, որ տնօրենը ուսուցիչների միջոցով սոցիալական օգնության անվան տակ գումար է դուրս գրել դպրոցի բյուջեից և յուրացրել:

Թե ինչ կպարզի ոստիկանությունը նյութերի ուսումնասիրությունից հետո, կտեղեկացնենք առաջիկայում:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված