Շաբաթ, 16 նոյեմբերի

ԱԱԾ-ում տեղյակ չեն եղել, որ Ադրբեջանի համար լոբբինգ արած Քեմալ Օքսուզը ՀՀ-ում պետությանը վնաս հասցնող գործունեությամբ է զբաղվել



Օգոստոսի 29-ին Երևանում ձերբակալված ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք Քեմալ Օքսուզի կողմից խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է պետական եկամուների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է գլխավոր դատախազությունը:

Սակայն պարզվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) տեղյակ չեն եղել, որ Ադրբեջանի համար լոբբինգ իրականացրած Օքսուզը Հայաստանում պետությանը վնաս հասցնող գործունեություն է ծավալել: ԱԱԾ-ից «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հաղորդել էին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ընթացքում ԱՄՆ քաղաքացի Քեմալ Օքսուզի կողմից պետական շահերին սպառնացող հնարավոր գործողությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել:

Քեմալ Օքսուզի նկատմամբ, ով ԱՄՆ քաղաքացիություն ստանալուց հետո դարձել է Քևին Օքսուզ, հայտարարվել էր միջազգային հետախուզում ԱՄՆ քրեական օրենսգրքի հատկանիշներով, մասնավորապես՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու /4 դրվագ/ մեղադրանքներով:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Հետք»-ին տեղեկացրին նաև, որ Քևին Օքսուզին ԱՄՆ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն է ստացվել:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Օքսուզը 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանի Վաղարշյան փողոցում գրանցել է «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի 100% բաժնեմասը պատկանում է Օքսուզին: Ընկերությունը զբաղվել է տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ՝ հարսանիքներ, երեկույթներ, ուղևորություններ և այլն: Ըստ ռեգիստրի տվյալների` Օքսուզի բնակության հասցեն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում է:


Քեմալ Օքսուզն ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության համագործակցությունը

2015 թվականի մայիսի 13-ին The Washington Post պարբերականը հոդված էր հրապարակել ամերիկացի կոնգրեսականների՝ Ադրբեջան կատարած կասկածելի ողևորության մասին: Մասնավորապես` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, գաղտնի ֆինանսավորել է ԱՄՆ կոնգրեսի 10 անդամների և աշխատակազմի 32 ներկայացուցիչների ուղևորությունը 2013 թվականին Բաքվում կայացած «ԱՄՆ-Ադրբեջան. ապագայի տեսլական» կոնֆերանսին: ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երեք նախկին գլխավոր օգնականները կոնֆերանսին հանդես են եկել որպես բանախոսներ:

Washington Post-ի հրապարակման մեջ, որը հիմնված է ԱՄՆ կոնգրեսի էթիկայի գրասենյակի հետաքննության վրա, նշվում է, որ Բաքու մեկնած ամերիկացի պաշտոնյաները ուղևորության ծախսերի համար ստացել են հազարավոր դոլարներ, մետաքսե շարֆեր, թեյի բյուրեղապակյա բաժակների հավաքածուներ, ադրբեջանական գորգեր, ընդհանուր՝ 2500 -10 000 դոլար արժողությամբ նվերներ: Օրենսդիրների և նրանցից մի քանիսի ամուսինների ավիատոմսերի արժեքը կազմել է մոտ 113 հազար դոլար:

SOCAR-ը կոնֆերանսի անցկացման նպատակով 750 հազար դոլար է փոխանցել ԱՄՆ Հյուսթոն քաղաքում տեղակայված «Ամերիկացիների և եվրասիացիների թյուրքական խորհուրդ» (Turquoise Council of Americans and Eurasians, TCAE) և «Ադրբեջանի ընկերների ասամբլեա» (Assembly of the Friends of Azerbaijan, AFAZ) շահույթ չհետապնդող ընկերություններին, որի հիմնադիրը և գործադիր տնօրենը Քեմալ Օքսուզն է, փոխարենը Օքսուզը խոստացել է, որ SOCAR-ի տարբերանշանը կօգտագործվի տպագիր բոլոր նյութերում, պաստառներում և վեբ-կայքում:

Ոստիկանության տեսանյութը՝ Օքսուզի ձերբակալման վերաբերյալ

Հետաքննության համաձայն՝ մայիսի 13-ին SOCAR-ը 750 հազար դոլար գումարը փոխանցել է AFAZ-ի Wells Fargo բանկային կազմակերպությունում ունեցած հաշվին, իսկ երեք օր անց Օքսուզը առաջին դրամական փոխանցումներն է կատարել կոնֆերանսի մասնակիցների ավիատոմսերի վճարումները կատարելու համար: Քննչական խումբը պարզել է, որ օրենսդիրները պարբերաբար գումարներ են ստացել TCAE-ից և AFAZ-ից:

2012 թվականին SOCAR-ը և մի շարք այլ նավթային ընկերություններ փորձում էին Կասպից ծովում իրականացնել 28 միլիարդ դոլար արժողությամբ խողովակաշարի նախագիծը, որին խոչընդոտում էին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները:

Քննիչները, սակայն, չէին կարողացել պարզել՝ կոնգրեսականները օգտագործե՞լ են իրենց պաշտոնեական դիրքը SOCAR-ի շահերը կամ խողովակաշարի նախագիծը պաշտպանելու համար:

Քեմալ Օքսուզը, Ադիլ Բագիրովը և «Ադրբեջանական լվացքատունը»

Համացանցում Քեմալ Օքսուզի մասին հրապարակումներ փնտրելիս նրա անունը գտանք նաև մի շարք լրատվամիջոցների համատեղ իրականացրած, «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած հայտնի հետաքննությանն առնչվող նյութերում: Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ (OCCRP) «Բաքվի մարդը Ամերիկայում» հրապարակման մեջ պատմվում է ադրբեջանցի գործարար, լոբբիստ Ադիլ Բագիրովի ամերիկյան գործունեության մասին, հրապարակման մի հատվածում շոշափվոմ է նաև Քեմալ Օքսուզի անունը, ով Բագիրովի հիմնած «Միացյալ նահագաների ադրբեջանցիների ցանց» (US Azeris Network, USAN) ընկերությունից 250 հազար դոլար է խնդրել կոնֆերանս կազմակերպելու համար, սակայն USAN-ում ծագած խնդիրների պատճառով կազմակերպությունը համաձայնել է տրամադրել ընդամենը 10 հազար դոլար:

Հիշեցնենք, որ «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած հետաքննության շնորհիվ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի իշխանությունները բանկային խարդախությունների միջոցով 2012-2014 թվականներին 2,5 մլրդ եվրո գումար են հատկացրել եվրոպացի ազդեցիկ քաղաքական գործիչներին կաշառելու համար, որպեսզի վերջիններս եվրոպական ատյաններում ադրբեջանամետ դիրքորոշումներով հանդես գան:

Սրանք Քեմալ Օքսուզի կողմից Ադրբեջանի իշխաննությունների հետ առնչությունների ընդամենը երկու դրվագներ են: Արտասահմանյան լրատվամիջոցներում կան նաև այլ հրապարակումներ Օքսուզի և Ադրբեջանի իշխաննությունների կամ նրանց փոխկապակցված անձանց համագործակցության մասին:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վախթանգ Սիրադեղյան12:37 - 20 սեպտեմբերի, 2018
Եթե ԱԱԾ-ն զբաղվի զուտ ներքաղաքական խնդիրներով, ապա պարզ է, որ «ԱՄՆ քաղաքացի Քեմալ Օքսուզի կողմից պետական շահերին սպառնացող հնարավոր գործողությունների վերաբերյալ տվյալներ» չի ունենա:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված