Երեքշաբթի, 17 սեպտեմբերի

Նոր ներդրումներ Կալիֆոռնիայից՝ հայաստանյան ՏՏ ոլորտում. համաձայնագրեր են ստորագրվել



Բիզնես Արմենիայի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար, Գյումրիի ՏՏ կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը արտագնա գործարար առաքելություն է իրականացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ։ Շուրջ 50 գործարարների համար շնորհանդես է կազմակերպվել՝ հայաստանյան ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրի վերաբերյալ։ Այս մասին տեղկեացնում է Բիզնես Արմենիան:

Արտագնա առաքելության ընթացքում համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանում ներդրումների մասին։ Դրանցից մեկով, որ ստորագրվել է Ամալյա Եղոյանի և «Ալենա Սոլյուշընզ» ընկերության գործադիր տնօրեն Ասբեդ Կասիսի միջև, նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր հիմնել Վանաձորի և Գյումրիի ՏՏ կենտրոններում։ «Ալենա Սոլյուշընզը» տարբեր բիզնեսների համար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություն է։

Մյուս համաձայնագրով, որ ստորագրվել է «Հայերքլաութ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Ավետիս Անթափլյանի հետ, նախատեսվում է Գյումրիում բացել ընկերության մարքեթինգային գրասենյակ։ «Հայերքլաութը» ՏՏ ոլորտի ընկերությունների համար կադրերի հավաքագրմամբ և խորհրդատվությամբ զբաղվող ընկերություն է։

«Բիզնես Արմենիան իր օտարերկրյա ներկայացուցիչների մեծ ցանցով պատրաստ է աջակցել դեպի Հայաստան ներդրումներին։ Այս դեպքում հատկապես ուրախ ենք, որ նոր ներդրումները կուղղվեն մարզեր»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Գյումրին, Վանաձորը, Գավառը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների համար հեռանկարային են, ունեն ենթակառուցվածքներ, համալսարնների մասնաճյուղեր, առաջին երկուսում տեխնոպարկեր են գործում։ Սա գնահատելի է, քանի որ ներդրումների մի մասը դեպի մարզեր ապակենտրոնացնելու ռազմավարություն ունենք»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը։

Միացյալ Նահանգներում գործարարների հետ հանդիպմանը Ամալյա Եղոյանը նաև ներկայացրել է Հայաստանում ընկերություն հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, բարձրորակ մասնագետներ ներգրավելու, վերապատրաստման, հաջող բիզնես ծավալելու ճանապարհային քարտեզը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված