ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները դասադուլ-բողոքի ակցիա են իրականացնում



Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ այս պահին դասադուլ-բողոքի ակցիա են իրականացնում բուհի դիմաց։ Բողոքի ակցիայի պատճառը ոստիկանության՝ բուհում հայտնաբերած չարաշահումներն են: Ուսանողները պահանջում են ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը, ինստիտուտի՝ վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը` հստակ առանձնացված տողերով։ Թատերականի ուսանողների ակցիային միացել են նաև «ԵՊՀ restart» նախաձեռնության որոշ անդամներ:

ԵԹԿՊԻ-ի Ուսանողական խորհրդի նախագահ Միլենա Բալդրյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ բուհում կատարված չարաշահումների մասով կասկածներ ունեցել են, սակայն դրանք փաստող փաստաթղթեր չեն եղել, այդ իսկ պատճառով չեն կարողացել բացահայտել այդ չարաշահումները: Ասում է՝ ոստիկանությունը հաստատեց իրենց այդ կասկածները, որն էլ բողոքի ակցիայի պատճառ դարձավ: Միլենայի փոխանցմամբ՝ չարաշահումների հանգամանքները պարզելու համար բազմիցս և´ ուսանողները, և´ ինքը ռեկտորի հետ հանդիպումներ են ունեցել, սակայն նա ուսանողներին հավատացրել է, որ ինստիտուտում ամեն գործընթաց օրինական կերպով է ընթանում:

«Չարաշահումների մասին չի խոսվել, ըստ իրենց՝ ամեն ինչ օրինական կարգով է ընթացել: Հիմա իրենց մոտ էլ է հարցական, թե հիմա ինչի էսպես ստացվեց»,- ասում է Միլենան:

Ուսանողները բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ երեկ են հանդիպել, Մուրադյանը չարաշահումների դեպքերով որևէ մեկնաբանություն չի տվել, ասել է՝ նախաքննություն է ընթանում, որը հանգամանքները կպարզի: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,5 միլիոն դրամ աշխատավարձ։ Բացի այդ, պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում՝ վատնվել է շուրջ 900 000 դրամ։

Իսկ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8,1 միլիոն դրամ։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված