ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի գրասենյակում կատարված խուզարկությունը



«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը դատապարտել է սեպտեմբերի 17-ին Yerevan.Today լրատվական կայքի գրասենյակում կատարված խուզարկությունը: Կազմակերպության տարածած հայտարարությունում նշվում է, որ իրավապահների գործողությունները վնասում են լրագրողների աղբյուրների գաղտնիությանը.

«Yerevan.Today-ի գրասենյակում կատարված խուզարկությունը, սարքավորումների առգրավումը լրագրողների աղբյուրների գաղտնիության սկզբունքի լուրջ խախտում է: Լրագրողների աղբյուրների գաղտնիությունը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանով: Մենք ցավում ենք, որ ոստիկանությունը չի ձգտել գտնել պակաս միջամտող և ավելի համաչափ ճանապարհ իր օրինական նպատակին հասնելու համար»,- ասել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Յոհան Բիրը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի վարույթում քննվող ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 17-ին խուզարկություն էր կատարվել Yerevan.Today կայքի գրասենյակում: Խուզարկության արդյունքում առգրավվել էր մեկ համակարգչային պրոցեսոր և երեք հիշողության կրիչ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսային խոսակցության գաղտնալսման վերաբերյալ տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է Yerevan.Today լրատվական կայքում, և կարճ ժամանակ անց այն հեռացվել է կայքից: Ըստ Google որոնողական համակարգի՝ սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը լրատվական կայքում առաջին անգամ տեղադրվել է դրանից 2 օր առաջ:

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը սեպտեմբերի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ խնդիրը կապված է Google որոնողական համակարգի հետ, և իրենց կայքը հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակել է նույն ժամերին, ինչ հայկական մյուս լրատվամիջոցները:

Լրատվական կայքի հայտարարության մեջ նշվում է, որ խուզարկությամբ փորձ է արվել լռեցնել Հայաստանում քննադատական խոսք հնչեցնող լրատվամիջոցին.

«Սա միտված է մեր օրինակով «դաս» տալ ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին: Սա անուղղակի պարտադրանք է՝ ազատ մտածելն ու արտահայտվելը փոխարինելու ներքին գրաքննությամբ»,- ասվում է Yerevan.Today-ի հայտարարությունում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված