Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Yerevan. Today կայքի խմբագիրը պնդում է՝ կատարված խուզարկությունը լրատվամիջոցին լռեցնելու միջոց է



«Yerevan. Today կայքում կատարված խուզարկությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում, երեկ խուզարկություն էր իրականացվել նաեւ «Yerevan. Today» կայքի գրասենյակում։

Կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը նշեց, որ մի քանի ժամով կասեցված է եղել խմբագրության աշխատանքը, եւ աշխատակիցները զրկված են եղել աշխատելու հնարավորությունից, իսկ խուզարկությունից հետո առգրավվել են խմբագրության համակարգիչները, որոնք պարունակել են լրագրողական, առեւտրային եւ անձնական տվյալներ։

Ըստ խմբագրի՝ խուզարկության հիմքը եղել է ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը։ Սեւակ Հակոբյանը նշեց, որ շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝ ձայնագրությունը կայքում երկու օր առաջ տեղադրվել է, այնուհետեւ` ջնջվել, չի համապատասխանում իրականությանը։

«Դա եղել է «Գուգլ» որոնողական համակարգի սխալը»,- նշեց կայքի խմբագիրը։ Ըստ նրա՝  խուզարկության նպատակն է եղել հայտնաբերել գաղտնալսող սարքեր եւ այլ նյութեր` կապված ձայնագրության հետ։

«Սա միտված է դաս տալ ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող լրատվամիջոցներին»,- հայտարարեց Ս. Հակոբյանը, ապա ավելացրեց, որ իրավական համակարգը շարժվում է ֆեյքերի եւ ֆեյքային տրամաբանությամբ գործող իշխանական թերթերի թելադրանքով։

Նշեց, որ մինչեւ խուզարկությունն իրենց համակարգի վրա եղել է «DDoS » հարձակում։

Այն հարցին, թե ինչ կապ ունի «Yerevan. Today» կայքը պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Սևակ Հակոբյանը պատասխանեց. «Կապ ունի այնքանով, որքանով որ այն գտնվում է Ռ. Քոչարյանի գրասենյակի շենքում»։

Նա պնդեց, որ կայքի սեփականատերը Վարդան Հովնանյանն է, ում տունը եւս խուզարկվել է։

Ավելի ուշ Yerevan.Today կայքի խմբագրությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև: 

Yerevan.Today կայքի հայտարարությունը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Քննչական Կոմիտեի և Ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց Yerevan.today լրատվականի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվեց մոտ 6-7 ժամ՝ խաթարելով կայքի գործունեությունը: Նախ աշխատակիցների մուտքը գրասենյակ արգելված էր քննչական գործողությունների իրականցման հիմքով, այնուհետև այդ հնարավորությունից զրկված էին, քանի որ խուզարկության ավարտին հատուկ գործողություն իրականացնող խումբն առգրավեց  գլխավոր խմբագրի համակարգիչը և 3 այլ համակարգիչների կոշտ սկավառակները, որոնք պարունակում են նաև լրագրողական, առևտրային և անձնական տվյալներ:

Հիմքը համացանցում տարածված տեղեկատվությունն էր, իբրև ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալված աղմկահարույց հեռախոսազրույցը դրա տարածումից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, տեղադրել էր մեր կայքը, հետո՝ հեռացրել: Այս տեղեկատվությունը պաշտոնապես հերքվել էր մեր և ոլորտին տիրապետող փորձագետների կողմից՝ հավաստելով, որ Google որոնողական համակարգի սխալի արդյունք է: Մասնավորապես, համակարգը սխալ էր ցույց տվել տեղադրման օրը և ոչ միայն այդ նյութի:

Ըստ Google-ի՝ սեպտեմբերի 11-ին ԱԱԾ և ՀՔԾ տնօրենների հրատապ հրավիրած մամուլի ասուլիսի վերաբերյալ տեղեկատվությունը ևս Yerevan.Today-ը տեղադրել էր երկու օր շուտ, ինչն աբսուրդ է: Այդ որոնման արդյունքն իսկ փաստում էր, որ խնդիր կա Google որոնման համակարգում: Նույն որոնման համակարգի սխալների շարքում էր նաև այն, թե մի քանի այլ կայքեր ևս տեղեկությունն ավելի վաղ են տեղադրել: Այս ամենի մասին համապատասխան հիմնավորմամբ խուզարկությունից օրեր առաջ հանդես եկավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այդ օրերին եղան հրապարակումներ, հերքումներ, պարզաբանումներ, բայց, ըստ երևույթին, իրավապահ մարմիններն ավելի շատ ուշադրություն դարձրին ֆեյքերի լուրերին: Նպատակը, երևի, այլ էր…

Ուշադրություն ենք հրավիրում, որ խուզարկության նպատակն էր նաև հայտնաբերել գաղտնալսող սարքեր և այլ նյութեր՝ կապված այդ ձայնագրության հետ:

Մեր տպավորությամբ, սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևութների քնադատությամբ և փորձ է խաթարելու կայքի բնականոն աշխատանքը: Սա միտված է մեր օրինակով «դաս» տալ ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին: Սա անուղղակի պարտադրանք է՝  ազատ մտածելն ու արտահայտվելը փոխարինելու ներքին գրաքննությամբ:

Այս գործելաոճը մեզ հայտնի է դեռ Սովետմիության տարիներից, որն իր գագաթնակետին հասավ անկախ Հայաստանի 90-ականներին, երբ փակվում էին իշխանության տրամաբանության գծից շեղվող կուսակցություններ և լրատվամիջոցներ: Լրատվադաշտի համախմբված պայքարը՝ այս արատավոր գործելակերպի դեմն առնելու, անցած տարներին հաջողություն արձանագրեց, իսկ այժմ, ցավոք, վերադառնում են մեր պատմության ամոթալի էջերը: Մեր երկրում, ստացվում է, իրավական համակարգը շարժվում է ֆեյքերի և ֆեյքային տրամաբանությամբ գործող իշխանական թերթի թելադրանքով:

Ազատ, անկաշկանդ ու տրամաբանված, հիմնավորված քննադատությունը յուրաքանչյուր իշխանության համար կարևոր գործիք է սխալներից հնարավորինս զերծ մնալու, և չափազանց կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը շարժվի այս գիտակցումով:

Մենք պատրաստվում ենք դիմել ներհայաստանյան և միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են մամուլի և խոսքի ազատության պաշտպանության շրջանակներում՝ իրենց վերաբերմունքը բարձրաձայնելու ակնկալիքով:

Սևակ Հակոբյան

Yerevan. Today կայքի գլխավոր խմբագիր

18.09.2018թ.


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված