Երեքշաբթի, 20 օգոստոսի

Առգրավվել են Yerevan today-ի խմբագրի համակարգիչն ու սկավառակներ



Yerevan today կայքի խմբագրությունում այսօր կատարված խուզարկության արդյունքում ոստիկաններն առգրավել են կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի համակարգիչն ու մի քանի համակարգչային սկավառակ։ Այս մասին խուզարկությունից հետո կայքի խմբագրության դիմաց հավաքված լրագրողներին ասաց ինքը՝ Սևակ Հակոբյանը:

Խուզարկության թույլտվության հիմքն, ըստ Հակոբյանի, այն է, որ Yerevan Today-ն, իբր, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային գաղտնալսված խոսակցություններն ավելի վաղ է տեղադրել կայքում, քան այն տարածել են այլ լրատվամիջոցներ:

«Նման պնդման առիթ է տվել Google որոնողական համակարգը, որը նշել է սեպտեմբերի 11-ը (գաղտնալսման տարածման օրը-հեղ.) և կից գրել, որ հրապարակումը կատարվել է դրանից 2 օր առաջ: Սակայն, դա այդպես չէ. Yerevan.Today-ը զրույցի ձայնագրությունը հրապարակել է նույն ժամերին, ինչ հայկական մյուս լրատվամիջոցները»,- ասաց Սևակ Հակոբյանը` հավելելով, որ ըստ Google որոնողական համակարգի՝ «Հրապարակ» օրաթերթը ևս հայտնի ձայնագրությունը դրա տարածումից հինգ օր առաջ է հրապարակել: Ըստ Հակոբյանի՝ խնդիրը որոնողական համակարգն է: 

Անդրադառնալով իրենց խմբագրությունում արված խուզարկությանը՝ Հակոբյանը պատմեց, որ թեև վաղ առավոտից խմբագրություն այցելող անձինք արձանագրել են, որ չեն գտել այն, ինչ փնտրելիս են եղել, համակարգիչն ու սկավառակներն իրենց հետ տարել են: Ըստ Հակոբյանի` դա փաստացի զրկել է իրենց աշխատելու հնարավորությունից:

«Իրենք չեն կարող ասել, թե երբ կվերադարձնեն այդ ամենը. կապարակնքեցին և Yerevan City-ի տոպրակներով տարան»,– պատմեց կայքի գլխավոր խմբագիրը: 

Սևակ Հակոբյանը պնդեց նաև, թե կայքը երկրորդ նախագահին չի պատկանում և վերջինս առհասարակ առնչություն չունի կայքի հետ:

Նշենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս հերքել էր իր առնչությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված