Չորեքշաբթի, 17 հուլիսի

Ժողովրդի իշխանություն. Լենինը, Մուսոլինին, անարխիտսներն ու մոնարխիստները



Ուղիղ ժողովրդավարության թեման, որը հնչեցվեց օգոստոսի 17-ի հանրահավաքում, զարմանալիորեն, կամ ավելի ճիշտ` կանխատեսելիորեն չդարձավ քննարկման թեմա: Հատկանշական է, որ այս հարցում միասնական են, կարծես, թե´ «սևերը», թե՛ «սպիտակները»: «Սևերը» մի քիչ փնթփնթացին, թե բա, տեսեք, քանդել են ուզում «ինստիտուցիոնալ» հիմքերը, մի երկու հատ էլ ծիսական «քրֆեցին»՝ «պոպուլիզմ» ու անցան ավելի «կարևորին»: «Սպիտակներն», ընդհանրապես, լռեցին (քիչ բացառությամբ), մտքում, երևի ասելով` «դե լավ, մեր Նիկոլն ա, բան էր ասեց, կանցնի, կգնա»:

Իրականում, սակայն, եթե էս վերջին ամիսներին իրապես մի քանի հեղափոխական բան ասվել է Հայաստանում, դա նախևառաջ ուղիղ ժողորդավարության թեմայի և դրա հետ կապված «Հայաստանում նոր հասարակարգ է ստեղծվում» հայտարարություններն էին: Ինչո՞ւ:

Ցավոք, պետք է սկսենք հեռվից, ընդ որում առանց փոքր իսկ հույսի` թեման որևէ կերպ մեկ հոդվածում ամփոփելու: 

«Ժողովրդի իշխանություն» արտահայտությունը մեր դարի սրբություններից է՝ ընկած երկրների մեծ մասի սահմանադրությունների հիմքում (բացառությունների մեջ, ուշագրավ են «խորամանկ» անգլիացիները, որոնք քիչ է, որ յոլա են գնում առանց սահմանադրության, մի հատ էլ պետությունը նույնացնում են «թագի» հետ՝ առանց ժողովրդի իշխանության որևէ հիշատակման): Մեր դարում ինքնին պարզ է համարվում, որ իշխանությունը ժողովրդինն է, իսկ ժողովրդի իշխանության արտահայտման լավագույն և միակ ձևն այսպես կոչված «ներկայացուցչական» դեմոկրատիան է՝ ազատ ընտրություններ, դրանցով ձևավորվող կառավարման մարմիններ և կուսակցական քաղաքականություն սուրբ եռյակով:

Բայց սրբացված հասկացությունները մի վատ հատկություն ունեն. երբ այլևս վեճ չկա, թե որն է ճիշտն ու սխալը, և ընդունվում է միայն մեկ «ճիշտ», ապա դա ժամանակի ընթացքում ծիսականանում է, դրա կենդանի իմաստը մաշվում է, և այն դառնում է պարզապես խաղի կանոնի մի մաս՝ հավատում ենք, որովհետև բոլորն են դրան հավատում, որովհտեև ընդունված է այդպես, հին ադաթ է և այլն:

Օրինակ` մեծ հարց է, թե ե՞րբ էին մարդիկ ավելի ջերմեռանդ քրիստոնյա՝ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը մեկն էր տարածված այլ ուսմունքների մեջ, և երբ քրիստոնեության ներսում էլ թեժ վեճեր կային, թե քրիստոնյա դավանանքներից ո՞րն է ավելի ստույգ, թե՞ այն ժամանակ, երբ քրիստոնեությունն արդեն միակ ընդունված տեսակետն էր, իսկ նրա մեջ էլ ընդունելի էին համարվում միայն շատ կոնկրետ դավանական դրույթները: Դժվար չէ կռահել այս հարցի ճիշտ պատասխանը:

Նույնը ժողովրդի իշխանություն հասկացության դեպքում է: Դեռևս 20-րդ դարի առաջին կեսին թեժ վեճեր կային թե՛ նրա մասին, թե՞ արդյոք ժողովրդի իշխանությունն է ճիշտ տարբերակն ընդհանրապես, թե՛ նաև այն մասին` ի՞նչ բան է հենց ինքը ժողովորդի իշխանությունը և դրա առավել ճիշտ մեկնաբանությունը: Այսօր այդ վեճերն արդեն վաղուց մարած են և նույնքան հնացած են թվում, որքան քրիստոնյաների դավանական վեճերը ասենք` Քրիստոսի երկու, թե մեկ բնության մասին: Բայց հենց վեճի բացակայությունը վկայում է լուրջ խնդրի մասին՝ բուն հղացքն, ուրեմն, չունի իրական կենսունակություն: Չեն վիճում, մեծ հաշվով, միայն մեռածի կամ զուտ ծիսականի, անբովանդակի մասին: 

Ի դեպ, եթե քթի մազություն անենք, ապա, պետք է նշենք, որ ժողովրդավարություն և դեմոկրատիա բառերը համարժեք չեն: Դեմոկրատիայի հայերեն ավելի ստույգ համարժեքը արևելահայերենում անցյալում, իսկ արևմտահայերենում այսօր էլ օգտագործվող ռամկավարությունն է, քանի որ եթե հայերեն ժողովուրդը նշանակում է ամբողջություն, ամբողջ ժողովրդին՝ «ժողովվածներին», ապա հունարեն «դեմոսը» դասակարգային իմաստ ունի՝ ոչ թե ամբողջ ժողովուրդն է, այլ ռամիկների դասը՝ ստորին խավերը կամ այսպես կոչված` «հասարակ ժողովուրդը»: Հին հունական դեմոկրատիան ենթադրում էր ոչ թե ամբողջ ժողովրդի իշխանություն, այլ դեմոսի իշխանություն ի հակադրություն՝ արիստոկրատիայի՝ ազնվապետության կամ մոնարխիայի՝ միապետության, նաև օլիգարխիայի՝ բառացի «քչերի իշխանության»: Ժողովուրդ` որպես ամբողջություն, արտահայտելու համար հին հույներն ունեին այլ բառեր, օրինակ, «լայոսը», որը նշանակում էր ժողովուրդ ընդհանրապես կամ զորք և այլն (որից, ի դեպ՝ Նիկոլայոս՝ ժողովրդի կամ զորքի հաղթող անունը):

Հայերեն ժողովուրդն իր իմաստով ավելի մոտ է լատիներեն «populus»-ին (որը նույնպես ի սկզբանե նշանակել է և´ ժողովուրդ, և´ զորք, ինչպես և մեր հայկական հին աղբյուրներում որոշ դեպքերում Հայոց զորք և հայեր հասկացությունները կամ շատ մոտ են, կամ գրեթե նույնանում են), որին ցեղակից է նաև publica և համապատասխանաբար՝ respublica-ն՝ հանրապետությունը: Լատիներեն բառը չունի կամ դրանում թույլ արտահայտված է հունական «դեմոսի» դասակարգային իմաստը և բացի այդ` Հռոմում նույնիսկ կայսրության շրջանում իրավական համակարգի տեսակետից ինքնիշխանը հենց Հռոմի ժողովուրդն էր՝ populus-ը՝ սենատի՝ ծերակույտի հետ միասին, այլ ոչ թե որևէ անձ կամ պետական կառույց ու պաշտոնյա: Որոշումներն ընդունվում էին հանուն «Հռոմի ժողովրդի» և նույն ժողովրդի ու սենատի անունից: 

20-րդ դարի վեճերում, իմիջայլոց, ուշագրավ է հեղափոխական մարքսիզմի, հատկապես լենինիզմի տեսակետը ժողովրդի իշխանության մասին, որը, լինելով շեշտված դասակարգային, այդու, ակամայից մոտ էր հին հունականին: Հայտնի մարքսիստ Կուտսկու հետ իր բանավեճում Լենինը, քննադատելով պառլամենտական դեմոկրատիան, որի պաշպանն էր Կաուտցկին, հակադրում էր դրան Սովետների իշխանությունն ու պրոլետարիատի դիկտատուրան` որպես դեմոկրատիայի ավելի կատարյալ ձևեր: Այսօր նման տեսակետը կարող է թվալ զավեշտալի, բայց Լենինի փաստարկումը պարզ էր՝ սովետական իշխանությունը ներկայացնում էր բնակչության մեծամասնության՝ բանվորների և գյուղացիության շահերը, իսկ պառլամենտական դեմոկրատիան զուտ վերնախավային գործիք էր: «Եթե մենք մեծամասնության իշխանությունն ենք, ապա մերն ավելի դեմոկրատական է»,- ասում էր Լենինը: Մեծամասնությունը պետք է պաշտպանի իր շահերը փոքրամասնության ոտնձգություններից, ու քանի որ փոքրամասնությունն ավելի լավ կազմակերպված է և ունի ավելի մեծ ռեսուրսներ, դիմադրելու համար մեզ պետք է դիկտատուրա:

Որքան էլ, սակայն, պառլամենտական ներկայացուցչական դեմոկրատիային հակադիր, Լենինը այլ տեսակետ ուներ, սակայն, կար դրա հետ հատման կարևոր կետ: Երկուսն էլ խոսում էին ներկայացուցչական դիրքերից: Լենինի ասած մեծամասնության իշխանությունն իրացվում էր կուսակցության կողմից, որն արդեն ոչ թե հենց բուն մեծամասնությունն էր, այլ դրա ներկայացուցիչը: 

Ձախ թևում, սակայն, կային և այլ տեսություններ ժողովորդի իշխանության մասին՝ հիմնված ոչ ներկայացուցչական սկզբունքի վրա: Հատկապես իր ժամանակին մեծ համբավ ունեցող, սինդիկալիզմի տեսաբան Ժորժ Սորելի գործերում ներկայացուցչականության, կուսակցականության, պառլամենտարիզմի հղացքները խիստ քննադատության են ենթարկվում որպես կեղծիք, իսկ ժողովրդի (տվյալ դեպքում՝ «դեմոսի») ինքնակազմակերպման լավագույն ձևը համարվում են արհեստակցական միությունները: Ի տարբերություն կուսակցությունների` սրանք զանգվածների շահերի արտահայտման ոչ թե միջնորդավորված, այլ անմիջական ձևեր են: Եթե շարունակենք նմանաբանությունները կրոնական ոլորտի հետ, ապա ներկայացուցչական՝ կուսակցականության և պառլամենտարիզմի կողմնակիցները նման են այն աստվածաբաններին, որոնք համարում են, որ Աստծո և մարդու միջև անհրաժեշտ է միջնորդ կառույց՝ Եկեղեցին, իսկ Սորելի նման մտածողները միջնորդին համարում են ավելորդ և կեղծող:

Սորելը հեղափոխական սինդիկալիզմի կողմնակից էր: Նրա համար արհեստակցական միությունները ոչ թե բուրժուազիայի հետ բանակցելու և կոմպրոմիսի գործիքներ էին, այլ համընդհանուր գործադուլի միջոցով հեղափոխություն իրացնելու: Հեղափոխությունից հետո նոր հասարակարգը պետք է հիմքում ունենա հենց նույն միությունները: 

Սորելը ներկայացնում էր քաղաքական մտքի արմատական ձախ թևը (նա ոչ միայն հեղափոխական էր, այլև մարքսիստների նման քաղաքական բռնության ջատագով. քաղաքական բռնության վերլուծությանը նվիրված է նրա գրքերից մեկը, որն այդպես էլ կոչվում է «Բռնության մասին»):

Բայց ուշագրավ է, որ նույն ժամանակաշրջանում քաղաքական ներկապնակի հակադիր՝ աջ թևում քննարկվում էին հղացքներ, որոնք հիշեցնում էին Սորելի տեսակետները: Լավ օրինակ է Սորելի հայրենակից և ժամանակակից՝ միապետական, հականահապետական, միաժամանակ՝ ֆրանսիական նոր տիպի նացիոնալիզմի հայրերից համարվող, հակասական կենսագրության և խառնվածի տեր Շարլ Մոռասը: Նրա համար որպես միապետականի՝ ժողովրդի իշխանության սկզբունքն ինքնին անընդունելի էր: Բայց մյուս կողմից նա խիստ քննադատության էր ենթարկում ֆրանսիական հեղափոխությունն ու հանրապետականությունը նրա համար, որ ազատության և հավասարության անվան տակ, նրանք գերկենտրոնացած պետության մոդել ստեղծեցին, վերացնելով ավանդական տեղական ինքնավարությունները (ինքը` Մոռասը, պրովանսալցի էր, այսինքն՝ Ֆրանսիայի հարավին բնորոշ ինքնավարության սկզբունքի բնիկ կրող), նաև ավանդական գյուղական և քաղաքային ինքնակազմակերպման ձևերը, օրինակ, քաղաքի արհեստավորների եղբայրությունները՝ «համքարությունները»:

Մոռասն այս հարցում չէր սխալվում՝ պետության յակոբինյան մոդելն իրոք շարունակեց և տրամաբանական ավարտի հասցրեց աբսոլյուտիզմի դարաշարջանի կենտրոնացման միտումը, որով ազնվապետության շրջանի ինքնավարության մնացորդները, հանրային ինքնակազմակերպման այլևայլ ձևերը վերացան: Դրան եկավ փոխարինելու այլևայլ հանրային շերտերի շահերից խոսող, բայց այդ շերտերի հետ ոչ թե անմիջականորեն, այլ միջնորդավորված կապված, վերացարկված կուսակցությունների քաղաքականությունը: Մոռասի և նրա նման մտածող միապետականների ծրագրի կարևոր մասն, ուրեմն, տեղական ազատությունները և դասակարգային միությունների վերականգնումն էր: Ըստ այդմ՝ կոպիտ ասած՝ պետությանը վերապահված է մեծ քաղաքականության ոլորտը, իսկ մյուս հարցերում նա չպետք է խառնվի ինքնակազմակերպված հանրության գործերին:

Մոռասին մոտիկ դիրքերից էին խոսում նաև իսպանական միապետականներից առավել պահպանողական և ավանդապաշտ համարվող՝ կարլիստները: Այդ իսկ պատճառով նրանց աջակցությունը մեծ էր Իսպանիայի ռեգիոններում՝ բասկերի մեջ, Նավարայում, մասամբ՝ Կատալոնիայում: Նրանք կողմնակից էին ռեգիոնների ինքնավարությունների վերականգման, որոնք վերանում էին լիբերալիզմի քաղաքականության և չզսպվող կապիտալիզմի տնտեսական հարաբերությունների հետևանքով: 

20-րդ դարասկզբի այս վեճերը յուրահատուկ արտացոլում ստացան 1920-ականների երկու զուգահեռ հեղափոխություններում՝ ռուսական բոլշևիկյանում և իտալական ֆաշիստականում: Ռուսականի մասին որոշ չափով արդեն ասացինք: Այստեղ ոչ ներկայացուցչական, ոչ կուսակցականության սկզբունքին մոտիկ է Սովետների սկզբունքը: Սովետները կոչված էին լինելու բանվորների և գյուղացիների անմիջական ինքնակազմակերպման և անմիջական իշխանության ձև: Իրականում, սակայն, դրանց իշխանությունը ձևական մնաց` ի համեմատություն զուգահեռ գոյություն ունեցող կուսակցական իշխանության:

Ֆաշիստական Իտալիայի օրինակը մասամբ նման է սովետական Ռուսաստանին: Պետք է հիշել, որ ֆաշիզմը ոչ թե մաքուր աջ կամ մաքուր ձախ ուղղություն էր, այլ երկուսի տարրերի յուրահատուկ միություն: Իտալական ֆաշիզմն, իր ծագմամբ, ձախ քաղաքական շարժում էր, որն, ապրելով որոշակի քաղաքական զարգացում, կայացավ որպես ավելի աջ ընկալվող, իսկ իրականում ինքնուրույն՝ ավանդական բաժանումներից դուրս ուղղություն: Ֆաշիզմի ձախ արմատները ոչ միայն Մուսոլինիի հայտնի սոցիալիստ գործիչ լինելու փաստն է, այլև այն, որ Ֆաշիստական կուսակցությունը ձևավորած երեք տարրերից էին սինդիկալիստները (մյուս երկուսը՝ ճակատից վերադարձած մարտիկների միություններն էին, և ֆուտուրիստների խումբը՝ ֆուտուրիզմի հիմնադիր, հայտնի բանաստեղծ Մարինետիի գլխավորությամբ): Սինդիկալիստների ծրագիրը մեծ ազդեցություն է ունեցել ֆաշիզմի ձևավորման վրա, իսկ Սորելին (չնայած որ Սորելն անարխիստ էր) իր ուսուցիչներից մեկն էր համարում հենց Մուսոլինին:

Սինդիկալիզմի ազդեցությամբ ձևավորվեց կորպորատիվիզմի մասին ֆաշիստական հղացքը: Ըստ այդմ՝ կուսակցական պառլամենտարիզմին պետք է փոխարիներ Կորպորացիաների խորհուրդը: Կորպորացիաները, մոտավորապես, համապատասխանում են դասակարգերին: Ամեն Կորպորացիայի մեջ պետք է մտնեին այս կամ այն ոլորտի արհեստակցական միություններ: Ի տարբերություն Սորելի, Մուսոլինիի պատկերացմամբ ներկայացված պետք է լինեին ոչ միայն բանվորներն, այլև՝ գործարարներն` իրենց միություններով: Կորպորացիաների խորհուրդը պետք է դառնար երկրի բարձրագույն մարմինը կուսակցական պառլամենտի փոխարեն: Երկրի տնտեսական և սոցիալական կյանքի հարցերը պետք է որոշվեին անմիջականորեն այստեղ:

Դժվար է գնահատական տալ կորպորատիվ պետության փորձին 1920-30-ականների Իտալիայում, քանի որ հասկանալի պատճառներով չեզոք, անկողմնակալ հետազոտություն գտնել այս հարցում դժվար է: Եղածը կամ ունի ֆաշիզմի դատապարտման, կամ էլ ջատագովության ենթատեքստ: Ամեն դեպքում, կարծես, այստեղ էլ կորպորատիվիզմն ի վերջո ավելի ձևական սկզբունքի վերածվեց, իսկ իրական իշխանությունը կուսակցությանն էր պատկանում: 

Այս բոլոր վեճերն այսօր կարող են թվալ միայն էքզոտիկա, կուրյոզ: Ինչպես որ մի քրիստոնյայի այսօր կարող է անհավատալի թվալ, որ ժամանակին եղել են քրիստոնյաներ՝ ամբողջ համայնքներ, աստվածաբանական խոշոր դպրոցներ, որոնք, օրինակ, չեն ընդունել Ս. Երրորդության սկզբունքը, կամ Քրիստոսի լիարժեք աստվածությունը: Եղել են նաև այնպիսիք, որոնք Հին Կտակարանի Աստծուն նույնացրել են Սատանայի հետ, իսկ Քրիստոսին համարել են ուրիշ՝ Բարի Աստծո որդի, որը եկել է քանդելու Յահվեի չար արքայությունը: Սրանք եղել են ոչ թե ինչ-որ լուսանցքային ուղղություններ, այլ տարածված ու կազմակերպված ուսմունքներ, և բոլորն էլ իրենց համարել են քրիստոնյա, և չեն էլ ենթարկվել հալածանի կամ դատապարտման, քանի որ այն ժամանակ միասնական եկեղեցի` այն էլ պետության կողմից հովանավորյալ, չկար: Քրիստոնյա միտքն ու հավատքը, կենդանի էր հենց այն ժամանակ, երբ դեռ կային այդ վեճերը:

Մարդիկ չեն կարող չվիճել նրա մասին, ինչին հավատում են: Հակառակը՝ երբ որևէ թեմայի շուրջ սկզբունքային վեճերը դադարում են, և սկսվում է միակ ընդունված դավանանքի ու ծիսականացան փուլը, նշանակում է` իրական կենսունակությունը գաղափարը կորցնում է:

Նույնը վերաբերում է ժողովորդի իշխանության մասին վեճերին: Հատուկ այսքան մանրամասն մեջբերեցինք սրանք այստեղ (մեծ մասը, իհարկե, բաց թողնելով, եղածն էլ պարզեցնելով, երանգները մի կողմ թողնելով), որպեսզի պարզ լինի, որ դեռ մի երկու-երեք սերունդ առաջ, ժողովրդի իշխանության հղացքը թեժ կրքերի ու մտքի աշխատանքի թեմա էր: Այսօր, եթե այդպես չէ, պատճառն այն է, որ ոչ ոք իրականում չի հավատում դրան, այլ ինչպես 60-80-ակաների սովետում բոլորն իբր կոմունիստ էին, իսկ իրականում կոնֆորմիստ, նույնն էլ այսօր է:

Եվ ուրեմն, պետք է մի օր սկսենք զրոյից: Ի՞նչ է ժողովրդի իշխանությունը, ո՞ւմ է դա պետք, եթե պետք է, ապա ինչի՞ համար: Հայաստանում հետաքրքիր ժամանակներ են, իսկ մենք ուզում ենք դրանք վերապրել հնոտի ու սնոտի, մաշված գաղափարական ու քաղաքական բագաժով:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Հովիկ17:09 - 17 սեպտեմբերի, 2018
Սրանից դեռևս 4 ամիս առաջ բռնատիրական անդորրի ակտիվ ջատագովը, որը բաց ձևով բացառում էր ցանկացած փոփոխություն այսօր ալարմիստության է անցել։ Անլուրջ է նման "միամտությունը" լուրջ ընդունելը, կամ դրա հույս փայփայելը...
2. Վախթանգ Սիրադեղյան18:18 - 17 սեպտեմբերի, 2018
Այն, որ ժողովրդավարությունը կատարյալ բան չի՝ ասել է դեռևս Ու.Չերչիլը, և դա հայտնի է բոլորին: Բայց նա չի տեսել նաև այլընտրանք, թեև, որքան հասկանում եմ, հաստատ ծանոթ է եղել անտիկ հունա-հռոմեական պատմությանը, և ընդունել է խաղի կանոնները: Այսօր ՀՀ վարչապետը «մատնացույց է անում ուղիղ ժողովրդավարությունը», քանի որ խորհրդարանում չունի մեծամասնություն: սակայն խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, երբ դրանցում ՔՊԿ-ն մեծ առավելություն գրանցի, Ն.Փաշինյանը ժամանակի ընթացքում կհեռանա «հրապարակի ժողովրդավարությունից»՝ հայտարարելով, որ «հրապարակի ժողովրդին» այսուհետ ներկայացնում է խորհրդարանում ձևավորված խմբակցությունը, և դա կհամապատասխանի իրականությանը: Իսկ «ուղիղ ժողովրդավարությունը» կվերադառնա իր «տեղը»՝ տեսական մտորումների դաշտը՝ լինեն դրանք խորը թե մակերեսային...
3. Արտակ Չալգուշյան04:43 - 19 սեպտեմբերի, 2018
Միացյալ Թագավորությունը դեմոկրատական մոնարխիա է։ Պրիմեր մինիստրը հաշվետու է թագուհուն իսկ թագուհուց վերև էլ բան չկա ՝ այսինքն աստվածն է որին կարելի է մեկնաբանել ըստ հարմարության քանի որ նա ինքնուրույն ձայն չունի։ Մեր դեպքում վարչապետը պատասխանատու է պրեզիդենտին որը ըստ էության հայոց թագն է ներկայացնում։ Եթե կառավարությունը վարում է ընթացիք գործերը ապա ընդդիմությունը ճիպոտահարում և ուղղորդում է կառավարության ընթացքը ինչպես կառապաը կառք վարելիս։ Ա՛ս սրբազան եռանկյունին բերում է ստաբիլ վիճակ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված