Կիրակի, 20 հոկտեմբերի

Զինված խմբի գործով վեց ամբաստանյալ ազատվեց կալանքից



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում՝ Նորքի զինված խմբի գործով վեց ամբաստանյալի՝ Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Արա Պողոսյանին, Արթուր Եղիազարյանին, Վաղինակ Ստեփանյանին և Հարություն Սալնազարյանին կալանքից ազատելու վերաբերյալ: 

Դատարանը սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած դատական նիստին հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ այս ամբաստանյալների խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Նշենք, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Լենա Նազարյանը մի քանի ամբաստանյալի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան, երկու ամբաստանյալի՝ Արա Պողոսյանի և Վաղինակ Ստեփանյանի պաշտպաններն էլ միջնորդել էին իրենց պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը կամ գրավի կիրառումը համարել թույլատրելի:

Մեղադրող դատախազները միջնորդությունների դեմ առարկություններ չեն ներկայացրել: 

Նշենք, որ ավելի վաղ կալանքից ազատվել են նաև այլ ամբաստանյալներ, որոնց թվում՝ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: 

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: 

Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված