Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Զանգվածների մուտքը քաղաքականություն



Այս տարվա ապրիլյան դեպքերի՝  զանգվածային ցույցերի ու ակցիաների հետևանքով իշխանությունը փոխվեց ։ Խորհրդարանում մի քանի պատգամավոր ունեցող քաղաքական ուժի առաջնորդը դարձավ վարչապետ, իսկ զանգվածները դարձան Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր գործոնը։ Գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ով կարողանա տիրապետել և ուղղորդել զանգվածներին, նա էլ կկարողանա հաջորդ հինգ տարիների ընթացքում ունենալ  իշխանություն։ Իսկ ինչպե՞ս են իրենց դրսևորում զանգվածները, և ինչպե՞ս է պետք նրանց ուղղորդել։ Հոգեբաններին, սոցիոլոգներին ու անտրոպոլոգներին այդ խնդիրը երկար ժամանակ է հետաքրքրում։

Լը Բոնի գաղափարները

Ֆրանսիական հեղափոխությունից հետո զանգվածների դերը քաղաքական կյանքում դառնում է կարևոր։ Նրանց հակումների և դրսևորումների խնդիրը կարևոր, վճռական գործոն է դառնում։ Առաջիններից մեկը, ով կարողացել է տեսականորեն ուսումնասիրել լայն զանգվածների, ինչպես նաև ամբոխում հայտնված անձի հակումները և բնազդները,եղել է ֆրանսիացի սոցիոլագ, հոգեբան, անտրոպոլոգ, պատմաբան Գուստավ Լը Բոնը (1841-1931թթ.)։ Լը Բոնը կանխատեսում էր, որ սկսվում է «զանգվածների ժամանակաշրջանը»։ Նա համարում էր, որ երբ մարդկանց հոծ բազմություն է հավաքվում, նրանց մոտ ենթագիտակցական բնազդները սրվում են, որի հետևանքով իջնում է ինտելեկտի, պատասխանատության և ինքնուրույնության մակարդակը, իսկ ամբոխում հայտնված մարդու անհատականությունը, որպես այդպիսին, անհետանում։

Նրա «Ժողովուրդների ու զանգվածների հոգեբանությունը» և «Ամբոխների թագավորությունը» գրքերը եղել են Լենինի, Ստալինի, Հիտլերի, Մուսոլինիի սեղանի գրքերը։ Զիգմունդ Ֆրոյդը, ինչպես նաև բազմաթիվ հոգեբաններ, նույնպես շարունակեց այդ ուսումնասիրությունները։ Զանգվածների դրսևորումների ու հատկությունների ուսումնասիրությունը կարևոր է քաղաքականության, հատկապես` հրապարակային ելույթների, գործունեության ժամանակ։ Գովազդի և մեդիա մանիպուլյացիաների ժամանակ նույնպես այդ գիտելիքները կարևոր են։ Վիրտուլ ցանցերում կուտակված «ամբոխը» նույնպես  նմանատիպ հատկություններ է դրսևորում։

Լը Բոնի դիտարկումներն այսօր նույնպես արդիական են, չնայած նրան, որ այս ոլորտում գիտությունն առաջ է գնացել, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանի հասարակությունն իր չափորոշիչներով ու սոցիալական կառուցվածքով ավելի մոտ է 20-րդ դարասկզբի եվրոպական երկրներին, քան ժամանակակից հասարակություններին։ 

Տնտեսական սոցիոլոգիայի հիմնադիր, ամերիկացի սոցիոլոգ Նեյլ Սմելզերի խոսքով` Լը Բոնի մտքերը, չնայած քննադատություններին, դեռեւս հետաքրքրական են. «Նա կարողացել է կանխատեսել ամբոխների դերը մեր դարաշրջանում, ինչպես նաև` ամբոխի վրա իշխանություն ձեռք բերելու հնարքները»։

Ըստ Լը Բոնի` «Ամբոխում ձևավորում է հավաքված զանգվածի սոցիալ-հոգեբանական միասնություն («հոգևոր»)՝ «ամբոխի ոգին»։ Այն ներարկվում է ընդհանուր զգացմունքներով, փոխադարձ ոգեշնչումը նոր էներգիայով է լիցքավորում։ Ամբոխում ճնշվում և վերանում է գիտակցված անհատականությունը։ ... Ամբոխն ընկալում է կերպարներով ու զգացմունքներով, դրա համար այն առաջնորդը, որը կկարողանա իր գաղափարները ներկայացնել պարզ, հստակ, միանշանակ ձևով, որի համար չի պահանջվում հիմնավորումներ և թույլ չեն տրվում քննարկումներ, կարող է իր նկատմամբ հարուցել համակրանք, անգամ` կրքոտ ֆանատիզմ»։

Ամբոխի քանակը ազդում է նաև առաջնորդի ելույթների բավանդակության վրա։ Հոծ ամբոխի դեպքում ելույթները պետք է լինեն շատ պարզ, ըմբռնելի 15-16 տարեկանի ինտելեկտի համար, իսկ ավելի մեծ ամբոխի դեպքում ընդհանրական ինտելեկտը կարող է իջնել մինչև 12 տարեկանի մակարդակը։

Ըստ Լը Բոնի` տիպական առաջնորդները չեն պատկանում խորքային մտածողների դասին, նրանք ավելի շուտ գործողության մարդիկ են։ Նրանք չեն առանձնանում խորաթափանցությամբ, քանի որ խորաթափանցությունը հանգեցնում է կասկածանքների և որպես հետևանք՝ անգործության։ Նրանք ամբոխի վրա ներազդում են կրկնությունների միջոցով։ Առաջնորդը կարող է մարդանց վարակել գաղափարներով, որոնք ընդունվում են առանց քննադատության ու դառնում են գործողությունների ուղեցույց։ Մարդկանց վրա հնարավոր չէ ներազդել` դիմելով նրանց բանականությանը, պետք է նրանց վրա ազդել  պնդումներով, որոնց հանդեպ վերաբերմունքը կախված է առաջնորդի անձից՝ ինչպես է նրան վերաբերվում զանգվածը։

Լը Բոնն ասում է, որ երջանկությունը պայմանավորված չէ արտաքին հանգամանքներով, դա հոգու վիճակ է։ Նույն սոցիալական իրավիճակներում ժողովուրդներն իրենց կարող են զգալ երջանիկ կամ դժբախտ։ Դա կախված է նրանց` տվյալ պահի հոգեվիճակից։

Լը Բոնի կարծիքով` առավել քիչ ներազդման ենթակա ազգերից են անգլիացիները. «Անգլոսաքսոնական ռասայի առանձնահատուկ հատկությունները կարելի է շատ քիչ խոսքերով նկարագրել` նախաձեռնողականություն, էներգիա, կամքի ուժ, ինքնատիրապետում։ Մի խոսքով, անգլիացիներին հատուկ ներքին կարգապահությունը, որը մարդուն ազատում է իր վրա արտաքին կառավարում որոնելուց»։ Ըստ նրա` անգլիացիների համար կարևոր է, որ պետությունը քիչ միջամտի իր գործերին։ Նրանք առաջնորդներից քիչ սպասելիքներ ունեն ու կարևորում են միայն օրինականությունն ու անձի ազատությունը։

Զանգվածի դրսևորումները սոցիալական ցանցերում

Սոցցանցերի օգտատերերը սկսել են հաճախ բողոքել, թե որևէ ռացիոնալ քննարկում գնալով անհնարին է դառնում։ Վիրտուալ տարածքում «ամբոխը» հաճախ վերը նկարագրված հատկություններն է ցուցաբերում։ Որքան friend-ների քանակը շատանում է, այնքան իջնում է քննարկումների ինտելեկտուալ մակարդակը, և քննարկումները վերածվում են կարգախոսների, դաշտը բաժանվում է «սևի» և «սպիտակի», բանավեճերը՝ պատերազմի, իսկ հայհոյանքները՝ կարծիքի հանդեպ վերաբերմունքի։ Եթե ժամանակին սոցցանցերն նվազեցրին իշխանությունների քարոզչական հնարավորությունները, ապա հետագայում օգտատերերի քանակի ավելացման շնորհիվ իջավ քննարկումների ինտելեկտուալ մակարդակը։ Զգացմունքները հրապարակից մուտք են գործել վիրտուալ տարածք, և սթափ քննարկումների հնարավոր հարթակներ ձևավորելը հնարավոր է դառնում ավանդական եղանակներով՝ կենդանի շփումների ժամանակ։

Համացանցը, բոլորին տալով ամբիոն և արտահայտվելու հնարավորություն, իջեցրել է ոչ միայն վիրտուլ քննարկումների մակարդակը, այլև իր ետևից է «տանում»  լրատվամիջոցներին, որոնքէ պետք է հարմարվեն հանրային «պահանջներին»` լսարան չկորցնելու համար։

Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Արտակ Չալգուշյան05:11 - 15 սեպտեմբերի, 2018
Շատ լավ և իհարկե ճիշտ իր ժամանակին հայտնված հոդված է։ Հրաշալի Հետք։ Նիկոլը հայտարարեց որ եթե հանկարծ իր գլխից մի երկու մազ պակասի ապա ժողովուրդը այդ բոլոր ընդիմադիրներին ուղղակի իր իսկ խոսքերով ասած անմիջապես «սամասուդ» կանի։ Ասաց քանի հոգի են նրանք 300, 500 ՞ «լավ քարը տրաքի» մի 1000։ Զանգվածների այսպիսի տարբերությունն է որ այդ «դուխը» ներշնչում է Նիկոլին։ Նիկոլը իսկապես որ կոդը կոտրել է և լիովին տիրապետում է զանգվածներին։. Բրավո Նիկոլ։ Վերջապես այսպիսի կարգին լիդեր ունեցանք որը գիտի ինչ է անում։ Ունի բավական մեծ դիապազոն որը այնպես կարևոր է ճիշտ կառավարելու համար։ Հարգելի բարեկամներ արձագանքեք ձեր մտքերը։
2. Արտակ Չալգուշյան16:39 - 15 սեպտեմբերի, 2018
Վերջապես մի լավ Բիջ վարչապետ ունեցանք։ Բայց երևի ներդրողները երեք մատի կոմբինացիա ցույց կտան այս վարչապետին։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված