Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Փաստաբանները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցությունների գաղտնալսման հետ կապ չունի



Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ներկայացրեց Քոչարյանի գրավոր հայտարարությունը։ Ըստ նրա՝ պաշտոնաթող նախագահի փաստաբանները մանրամասն քննարկել են ՀՔԾ պետի եւ ԱԱԾ պետի միջեւ հեռախոսային խոսակցությունը, որն օրեր առաջ հայտնվեց համացանցում։ Հայկ Ալումյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի ասուլիսին, որի ժամանակ չհերքվեց խոսակցության իրական լինելը։

«Պարզ է դառնում, որ առաջին ատյանի դատավորը հարցը քննել է ԱԱԾ տնօրենի հետ։ Եղել է արհամարհական վերաբերմունք դատավորի նկատմամբ,- ասաց Հայկ Ալումյանը, ապա մեջբերեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցության այն հատվածը, երբ խոսքը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին է,-«Դուխով նայի, բայց կալանքը, ուզած-չուզած, պիտի տաս», «Գնա վարչապետի հետ խոսա, ընգեր, որովհետեւ ես խնդրել եմ, որ տանեն կալանքի»: Ըստ Հայկ Ալումյանի` վարչապետը եւս ուղղակի կամ անուղղակի կապ է ունեցել կալանքի որոշման հետ։

Փաստաբանը նշեց, որ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրենը ժխտել է իր եւ դատավոր Վաչե Մարգարյանի միջեւ եղած հեռախոսային խոսակցության փաստը, սակայն վարչապետն ԱԺ-ում նշել է, որ ստացել է զանգ, թե դատական համակարգում «տրիվոգա է (тревога-հեղ.) դրվել»։

«Սրանով հաստատվում է այն, որ դատավորը մինչեւ կալանքի որոշում կայացնելը գործողությունը հստակեցրել է քննչական մարմնի հետ, առաջին ատյանի դատարանի դատավորը զգուշացրած է եղել դատարաններին, որ քրեական գործում բան չկա, ջուր է, այսինքն` առաջին ատյանի դատավորը ունեցել է այն համոզմունքը, որ մեղադրանքը հիմնավորված չէ, որին ստացել է հետեւյալ պատասխանը. «Ուզես, չուզես` կալանքը պետք է տաս»»,- հայտարարեց Հայկ Ալումյանը։

Ռ. Քոչարյանի փաստաբանները եւս մեկ անգամ նշեցին, որ Քոչարյանի կալանքը տրվել է խախտումներով, որով հաստատվել է այն մտահոգությունը, թե գործն ինչպիսի լուծում պետք է ստանա։ «Հանրության մեջ էլ ձեւավորվել է կարծիք, թե կան անձինք, որոնց իրավունքները կարելի է խախտել, օրինական դատական ակտ կայացնողների նկատմամբ ձեւավորել հասարակական ցասում»,- նշեց Հայկ Ալումյանը։

Փողերի լվացման գործի եւ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու վերաբերյալ փաստաբանները նշեցին, որ ամեն ինչ եղել է օրինական, իսկ հյուրանոցը ձեռք է բերվել 2014-ին, երբ Քոչարյանը պաշտոն չի զբաղեցրել։

Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներին, փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ Քոչարյանը կապ չունի դրա հետ։

«Պարոն Քոչարյանը գաղտնալսումների հետ էնքան կապ ունի, որքան այստեղ նստած յուրաքանչյուր մարդ»,- ավելացրեց Հայկ Ալումյանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վսչե03:01 - 17 սեպտեմբերի, 2018
Եթե փաստաբանները վստահաբար պնդում ոն, որ Ռ․ Քոչարյանը գաղտնալսման հետ կապ չունի, ապա իրենք գիտեն նաև, թե ով՞ կապ ունի։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված