Շաբաթ, 14 դեկտեմբերի

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Նորքի զինված խմբի գործով հինգ ամբաստանյալի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու



Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Լենա Նազարյանը Նորքի զինված խմբի գործով մի քանի ամբաստանյալի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան:

Այսօր տևական ընդմիջումից հետո դատարանը շարունակում է այս գործի քննությունը: Պաշտպանական կողմը անազատության մեջ գտնվող յոթ ամբաստանյալներից հինգի խափանման միջոց կալանավորումը փոխելու և պատգամավորների անձնական երաշավորությամբ, գրավով կամ ստորագրությամբ նրանց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացրեց:

Ամբաստանյալ Արթուր Եղիազարյանի և Հարություն Սալնազարյանի համար դատարան երաշխավորագրեր էին ուղարկել Լենա Նազարյանն ու Հովիկ Աղազարյանը, Վլադիմիր Առաքելյանի համար՝ Արարատ Զուրաբյանն ու Նապոլեոն Ազիզյանը: Առաքելյանի պաշտպանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ երկու ամիս առաջ իր պաշտպանյալը վիրահատվել է:

Ազատության մեջ Խաչիկ Ավետիսյանի պատշաճ վարքագիծը երաշխավորել են Հովիկ Աղազարյանն ու Արարատ Զուրաբյանը: Երաշխավորություն ներկայացրած 4 պատգամավորներն այսօր ներկայացել էին դատարան:

Ձախից` պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանը, Արարատ Զուրաբյանը, Լենա Նազարյանը

Ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը դատարանից խնդրեց Ստեփանյանին ստորագրությամբ ազատ արձակել: Մեղադրող կողմը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ստորագրությունը չի կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը:

Դրանից հետո Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց, որ եթե դատարանը ևս կհամարի, որ չհեռանալու մասին ստորագրությունը չի ապահովում իր պաշտպանյալի պատշաճ վարքագիծը, նրա նկատմամբ 500 հազ. դրամի չափով գրավի կիրառումը թույլատրելի համարի:

Արա Պողոսյանի պաշտպան Արմինե Ֆանյանը ևս դատարանին միջնորդեց Պողոսյանին կալանքից ազատել 500 հազ. դրամ գրավի դիմաց: Պաշտպանը նշեց, որ Արա Պողոսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, խնամքին՝ երեք տարեկան երեխա: Ըստ Ֆանյանի՝ Պողոսյանի կինը և մայրը ևս առողջական խնդիրներ ունեն:

Մեղադրող դատախազները միջնորդությունների դեմ չառարկեցին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դրանց վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված