Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Հաղթանակ դատարանում. նախկին զինծառայողը կարող է շուրջ 10 մլն դրամ արձակուրդային վճար ստանալ պետությունից



19 տարի հայկական զինված ուժերում ծառայած նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը, ով շուրջ 400 օր արձակուրդից չէր օգտվել ու չէր վճարվել արձակուրդների համար, մի քանի տարի պայքարում էր արձակուրդայինների դիմաց վճարվելու իր իրավունքի համար: Նա պետությունից պահանջում էր ավելի քան 10 միլիոն դրամի արձակուրդային վճար՝ չտրամադրած արձակուրդների դիմաց: Մոտ ժամանակներս Ցոլակ Խաչատրյանի հարցը դրական լուծում կստանա. կարծում է նրա ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանը, ում միջնորդության հիման վրա Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը դիմել էր Սահմանադրական դատարան: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը ճանաչվել է հակասահմանադրական, որով սահմանվում էր, որ միայն վերջին 2 տարիների արձակուրդայինի համար կարող է փոխհատուցվել նախկին զինծառայողը:

Պաշտպանության նախարարությունը առաջնորդվում էր հենց այդ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասով՝ վկայակոչելով, թե 2 տարվա համար միայն կարող են վճարել: Այս հարցով վերջակետը, սակայն, դրվել է Սահմանադրական դատարանի կողմից:

Փաստաբան Կարեն Տոնոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ցոլակ Խաչատրյանին արդեն հայտնել է լավ լուրը: Նա այս պահին Հայաստանում չէ, բայց վերադառնալուն պես կզբաղվի փոխհատուցման հարցերով:

Հիշեցնենք՝ «Հետքն» անդրադարձել է մայոր Ցոլակ Խաչատրյանի պատմությանը, ով հայկական զինված ուժերում ծառայել էր 19 տարի: Այդ ընթացքում հաշված օրեր էր օգտվել իր ամենամյա հերթական արձակուրդ գնալու իրավունքից: 15 տարի ծառայելու ընթացքում օրենքով հասանելիք արձակուրդը 30-օրյա է, 15 տարուց հետո այն դառնում է 40-օրյա: Ցոլակն ասում էր, որ խնդիրը համատարած է, բայց սպաները չեն դիմում դատարան՝ որոշ մասն իր իրավունքները լավ չիմանալու, մի մասն էլ՝ ներքին խնդիրներ չունենալու համար: «Ես էլ չէի դիմի դատարան, եթե բանտում չծանոթանայի իմ իրավունքներին»:

Կոչումով մայոր Ցոլակ Խաչատրյանը զինված ուժերում ծառայության է անցել 1995 թ-ից: Ծառայել է որպես կուրսանտ, ապա՝ որպես սպա: 2014թ.-ին դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման քրեական օրենսգրքի 361 հոդվածով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելը): Հենց 2014թ.-ին էլ դատապարտման հիմքով լուծվել է նրա պայմանագիրը: «4 օր զորամասը թողնելու համար դատապարտվեցի, բայց փաստորեն 400 օրից շատ արձակուրդ գնալու իրավունք ունեի, որը ինձ չի տրամադրվել: Դատելուց արագ-արագ ինձ բանտ ուղարկեցին, իսկ հիմա տարիներով չեմ կարողանում վերականգնել իրավունքս, ստանալ իմ արձակուրդայինները»,- ասել էր Ցոլակ Խաչատրյանը:

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ, ով և լսում էր Ցոլակ Խաչատրյանի ու նրա ներկայացուցիչ Կարեն Տոնոյանի հայցը, բավարարել էր Տոնոյանի կողմից ներկայացված` Սահմանադրական դատարան դիմելու մասին միջնորդությունը և որոշում կայացրել` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի ՀՀ սահմանադրության համապատասխանությունը որոշելու հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան։

Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1424 որոշմամբ նշել է, որ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, քանի որ խտրական է։ Կարեն Տոնոյանն արձանագրում է, սա առաջին դեպքն է Հայաստանում, երբ Սահմանադրական դատարանը իրավանորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչում դրա` խտրական լինելու հիմքով։ Իսկ ՍԴ-ն հոդվածի մասը հակասող և անվավեր է ճանաչել նաև այն հիմքով, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Փաստաբան Կարեն Տոնոյանը հայտնում է նաև, որ Սահմանադրական դատարանի որոշումը տարածվում է ոչ միայն զինծառայողների, այլ նաև ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձանց և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների վրա, քանի որ օրենքը տարածվում էր նաև նրանց վրա։

Լուսանկարում՝ մայոր Ցոլակ Խաչատրյանն է փաստաբան Կարեն Տոնոյանի հետ Վարչական դատարանում


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված