ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Հաշմանդամություն ունեցող դատապարտյալը 25 տարի անց կարող է ազատվել պատժի հետագա կրումից



25 տարի պատիժ կրող, 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն ունեցող Վահագն Մարուքյանը «Արթիկ» ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ «Գյումրի» ԲԿ, որտեղ պետական պատվերով կանցնի մի շարք հետազոտություններ: Այս մասին «Հետքին» հայտնեց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նոր հետազոտությունների համար հիմք էր հանդիսացել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Մարուքյանն ու նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանը դիմել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան բանտային լեզվով ասած՝ «ակտիրովկայի»՝ հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատվելու համար: Դատապարտյալին, ըստ դատարանի, պետք է ուղարկեին նոր հետազոտությունների, քանի որ նախկինը 2 տարվա վաղեմության էր: Հետազոտությունները պետք է կազմակերպվեին 30 օրվա ընթացքում: Այդպիսի ժամկետ էր սահմանել դատարանը: Սկզբում ստացվել էր ՔԿՎ արդեն նախկին պետի տեղակալ Արսեն Համբարձումյանի մերժումը: Ապա Մարուքյանը դիմումներ էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱՆ Արտակ Զեյնալյանին և ՔԿՎ պետ Արտյոմ Մխոյանին: Մինչ այդ արդեն  ՔԿՎ-ն դիմել էր առողջապահության նախարարություն, որպեսզի Վահագն Մարուքյանի հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում իրականացվեն քաղաքացիական հիվանդանոցում: «Առողջապահության նախարարությունից ստացել ենք դրական պատասխան, և դատապարտյալ Վահագն Մարուքյանն արդեն տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց»,-մեզ փոխանցեց ՔԿՎ պաշտոնյան:  

Վահագն Մարուքյանը 2014-ից զրկվել է ինքնուրույն քայլելու հնարավորությունից, տեղաշարժվում է երրորդ անձի օգնությամբ՝ սայլակով: Ունի ռևմաթոիդ արթրիդ, որը պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն է: Պաշտպան Ռոբերտ Ռևազյանը բոլոր հիմքերը տեսնում է, որպեսզի հաշմանդամություն ունեցող դատապարտյալը ազատվի պատժի հետագա կրումից: 25 տարի պատիժ կրող, որից 9 տարին հաշմանդամության անժամկետ 2-րդ կարգ ունեցող ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը կարող էր 5 տարի առաջ արդեն ազատության մեջ լինել. նա կարող էր կա՛մ պայմանական վաղաժամկետ ազատվել կամ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության հիմքով:

Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի սպանության մեջ: Պատիժը կրելուց 22 տարի անց փոխվել է նրա պահման ռեժիմը՝ փակից դառնալով կիսափակ: 5 անգամ մերժվել է նրա պայմանական ազատումը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված