Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի

Ո՞վ եւ ինչո՞ւ եթերազրկեց «Ա1+»-ը



Մհեր Արշակյան

Նախապատմություն

2001-ի նոյեմբերին «Իրավունք» շաբաթաթերթում տպագրվեց հետեւյալ տեղեկությունը. «ՀՀ նախագահական աշխատակազմում կայացվել է «Ա1+» հեռուստաընկերությունը փակելու որոշում»: 2002-ի ապրիլի 2-ին եթերից զրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը: ««Ա1+»-ը դեռ եթերում է»,-ահա այս մակագրությունն էր «թեւածում» թիվ 37 դեցիմետրային հաճախականությունում այդ օրվա ժամը 23.59-ին: Ուղիղ մեկ րոպե հետո «Ա1+»-ը, որը անխափան աշխատում էր ավելի քան 5 տարի, այլեւս եթերում չէր:

«Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ի ներկայացուցիչը մտնում է «Ա1+»-ի վարձակալած տարածք եւ անջատում հեռուստաընկերության հաղորդակը: Ընդդիմադիր մամուլը մինչ այդ բազմիցս գրել էր, որ «Ա1+»-ին եթերից զրկում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այդպիսով նախապատրաստվում է նախագահի 2003-ի ընտրություններին:

Ապրիլի 2-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե մեկնելիս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանում «Ա1+»-ի թղթակցին ասաց. «Դուք լավ հեռուստաընկերություն էիք»: Այդ պահին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում քվեարկությամբ թիվ 37 հաճախականությունը դեռ չէր տրվել «Ա1+»-ի մրցակից «Շարմ» ընկերությանը: Այսինքն' ոչ մի հիմք չկար անցյալ ժամանակով խոսել մի հեռուստաընկերության մասին, որը եթերում էր: Կապուղուն հավակնում էր նաեւ «Դոֆին» ընկերությունը, որը գրանցված էր ընկերության հիմնադիրներներից մեկի բնակարանի հասցեում եւ այնտեղ ոչ մի հեռուստատեխնիկա չկար:

Մամուլը գրեց, որ այս «հեռուստաընկերության» տերը Երեւանի շամպայն-գինիների գործարանի եւ «Ոսկե ձկնիկ» ռեստորանի սեփականատեր Հրայր Հակոբյանն է։ «Հայտնի են նրա ջերմ հարաբերությունները նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի հետ»,-գրված է «Առավոտ» թերթի մարտի 21-ի համարում: «Հրայր Հակոբյանը իմ ընկերն է, ինչպես իմ ընկերներն են «Ա1+»-ում աշխատող մի քանի լրագրողներ, ինչպես իմ ընկերներն են «Շարմում» աշխատող մի քանի մարդիկ»,-լրագրողներին ասում է Ալեքսան Հարությունյանը: Այդ առթիվ 37-րդ հաճախականությունը ձեռքբերելուց երեք տարի անց «Շարմի» գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանն ասում է. «Մեզ շատ մարդկանց հետ փորձեցին կապել, մեզ կապում էին Ալեքսանի հետ, հետո մեզ կապում էին ՀՀՇ-ի հետ, հետո' Հրանտ Վարդանյանի հետ»:

Ի՞նչ էր նախորդել «Ա1+»-ի եթերազրկումը

2002-ի մարտի 18-ին հայտնի դարձավ, որ թիվ 37 հաճախականությանը «Ա1+»-ից բացի հավակնում են «Շարմը» եւ «Դոֆինը»: Ինչու՞ «Շարմը» որոշեց հայտ ներկայացնել հենց թիվ 37 հաճախականության համար: «Գտնում ենք, որ 37 կապուղով հեռարձակվող կա այսօր լրատվական բլոկ։ Եվ գտնում ենք, որ մնացած ժամանակ այդ ալիքը ինչ-որ տեղ գտնվում է ազատ վիճակում։ Եվ այդ իսկ պատճառով էլ դիմվեց 37 դեցիմետրայինին»,-մարտի 28-ին ասել էր «Շարմի» գլխավոր պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը:

Իսկ «Շարմ» ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանն ասել էր. «Քանի որ մենք էս աշխարհից ենք, գիտենք, որ շատ ուրիշ գծերին էլի մասնակցություն կլինեն՝ շատ ավելի շատ, քանց թե 37-ին»։ Շատ ավելի ուշ' երեք տարի հետո, պարոն Ջաղինյանը կասի. «Ես կարծում եմ' մեկ ա, էդ օրը, էդ ժամկետին արդեն ոնց որ որոշված էր, որ «Ա1+»-ը չպետք է լինի: Ու, կոպիտ ասած, իրանց որոշումը ըսենց էր' ավելի լավ ա գոնե էս մարդիկ լինեն, որովհետեւ էլի տիրապետում են»:

«Ազգային միաբանության նախագահ» Արտաշես Գեղամյանը հաջորդ օրը հայտարարեց, որ իշխանությունները «բնականաբար կուզենան խեղդել «Ա1+»»-ին: Նույն օրը «Առավոտ» օրաթերթը գրեց. «Նախընտրական տարում Քոչարյանին պետք չէ լրատվություն, որը տարբերվում է «Հայլուրից», եւ տեսակետներ, որոնք չեն համընկնում պաշտոնականի հետ: Թե ով է օգտագործվելու այդ նպատակի համար՝ «Շարմը», թե «Դոֆինը», եւ ինչպես է դա մատուցելու պաշտոնական քարոզչամեքենան՝ տեխնիկական խնդիրներ են, որոնց իրականացումը հանձնարարված է լրատվամիջոցների գլխավոր համակարգող Ալիկ Հարությունյանին»: Ալեքսան Հարությունյանը հետագայում այդպես էլ չանդրադարձավ այս մեղադրանքներին: Այդ ժամանակ լրատվամիջոցները կրկին հիշեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որի մի շարք դրույթների շնորհիվ էլ հնարավոր դարձավ «Ա1+»-ի եթերազրկումը:

ԱԺ գիտության, կրթության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը շտապեց արդարացնել իր հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած այդ օրենքը, որի դրույթներից մեկն էլ դեռեւս գոյություն չունեցող, սոսկ փաստաթղթային հեռուստաընկերությանը հնարավորություն տվեց «պայքարի մեջ մտնել» գործող հեռուստաընկերության դեմ: Պարոն Քոչարյանն այդ առթիվ ասաց. «Խնդիրն այս է' կարող է լինել մի հեռուստաընկերություն, որի լիցենզիայի ժամկետն ավարտվել է, իսկ իրականում այդ հեռուստաընկերությունն իր ամեն ինչով շատ թույլ է. հիմա հնարավորություն չլինի՞, որ այդ ալիքը մեկ ուրիշը կարողանա աշխատեցնել։ Իսկ դրա ներկայիս ղեկավարը կարողանա բոլորի հետ նորից դիմել»:

Գիտե՞ր Շավարշ Քոչարյանը, որ օրենքը ծառայեցվելու է «Ա1+»-ը փակելուն: Այս մասին նա առ այսօր ոչինչ չի ասում: Օրենքի նախագծի քննարկման օրերին այս մասին լռում էր նաեւ մամուլը: Բանն այն է, որ դեռեւս ԱԺ-ում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի քննարկումների ժամանակ ՀՌԱՀ փոխնախագահ Շամիրամ Աղաբեկյանն «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանին ասում էր. «Հինգ տարի դուք եք աշխատել, թող 5 տարի էլ ուրիշներն աշխատեն»»: Մարտի վերջին' մրցույթից անմիջապես առաջ, լրագրողներն արդեն անթաքույց խոսում էին այն մասին, որ «Շարմի» թիկունքում ուղղակիորեն կանգնած է ՀՀ նախագահի տեղական ինքնակառավարման հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանը: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե ոչ ոք չգիտի' ինչ առաջարկներ են լինելու ՀՌԱՀ-ին ներկայացված հեռուստահաղորդումների ներկայացման լիցենզիաների մրցույթում: Մինչդեռ ՀՌԱՀ անկախ հանձնաժողովի փոխնախագահ Շամիրամ Աղաբեկյանը դեռեւս մարտի 29-ին, երբ հայտնի չէր հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը ծրագրային փաթեթների մասին, Հանրային հեռուստաընկերությամբ «Ա1+»-ի առաջարկը գնահատել էր «թույլիկ»: Նույն օրը «Ա1+»-ը իր աղբյուրներից տեղեկանում է, որ ՀՌԱՀ-ն արդեն կայացրել է «Ա1+»-ը եթերազրկելու եւ թիվ 37 հաճախականությունը «Շարմ» ընկերությանը հանձնելու որոշում:

«Ա1+»-ի հետ համագործակցող «Համասփյուռ» հեռուստացանցի մի շարք տնօրեններ տեղեկացնում են, որ իրենց առաջարկություն է արվել համագործակցելու Հանրային հեռուստատեսության հետ: Այդ օրը' մարտի 28-ին, «Շարմ» ընկերության փոխտնօրեն Հրանտ Թոխատյանը հայտարարում է. ««Եթե հաղթի «Ա1+» հեռուստաընկերությունը, մենք պատրաստ ենք մեր ծրագիրը ներկայացնել տվյալ հեռուստաընկերությանը եւ համագործակցել։ Եթե հաղթենք մենք, կդիմենք «Ա1+»-ին, որպեսզի իր «Այբ-Ֆե» ծրագրով կարողանա օգտակար լինել մեր ծրագրին»։ Այս մասին «Շարմ» ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանը 2005-ի ապրիլին ասում է. «Մենք առաջարկում էինք, որ Մեսրոպը (Մովսեսյան-Մ.Ա.) գար, վերցներ, մեր սաղ լուրերով զբաղվեր, ինքը ասեց' չէ, ու ես էլ կասեի' չէ, նորմալ բան ա»: Հենց մարտի 28-ին էլ ՀՌԱՀ-ում բացվեցին թիվ 37 հաճախականությանը հավակնող ընկերությունների փաթեթները: Ի՞նչ հեռուստաընկերություն էր խոստանում «Շարմը» թիվ 37 հաճախականությունը զբաղեցնելու դեպքում: «Շարմի» փոխտնօրեն Հրանտ Թոխատյանը հայտարարեց. «Իմաստային առումով եւ մատուցման ձեւով՝ հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»։ Իսկ լրատվական հաղորդումների վերաբերյալ նա ասաց. «Նորությունները մատուցվելու են դասական ոճով՝ առանց ավելորդ մեկնաբանությունների եւ կարծիքների»։

«Շարմը» նախատեսում էր թողարկել նաեւ ոչ քաղաքական նորություններ «Միայն լավ լուրեր» խորագրով։ «Շարմի» ներկայացուցիչները չթաքցրին, որ իրենց 18-ժամյա եթերի միայն 15%-ն է նվիրված լինելու լրատվությանը։ Իսկ ծրագրի 65%-ը կազմելու են զվարճալի, ժամանցային եւ նման հաղորդումները, որոնք առավել հոգեհարազատ են իրենց ընկերությանը։ Երեք օր հետո «Շարմը» տիրացավ թիվ 37 հաճախականությանը: Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց ողբերգական ոչինչ չփնտրել այն փաստի մեջ, որ «Ա1+»-ն այլեւս եթերում չէ: «Այդ որոշումը ցույց տվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անկախ լինելը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը, որն անձամբ է նշանակել հանձնաժողովի բոլոր 9 անդամներին:

Ի՞նչ կատարվեց հանձնաժողովում

Հանձնաժողովի անդամ Արա Թադեւոսյանը, որը նաեւ «Մեդիամաքս» լրատվական գործակալության ղեկավարն է, ապրիլի 2-ին եւ՛ «Շարմի», եւ՛ «Ա1+»-ի առաջարկները գնահատեց «4» բալով: «Շարմի» ծրագիրը գնահատելիս ասաց, թե այն կազմված էր «գրագետ, պրոֆեսիոնալ ձեւով. «Ա1+»-ի ներկայացուցիչներին եւս ասացի, որ ես չէի սպասում, որ այսպիսի արհեստավարժ թիմը կարող է ներկայացնել նման տխուր առաջարկ։ Տպավորությունն այն էր, թե այդ առաջարկը կազմվել էր 1-2 օրում զուտ ինչ-որ առաջարկ ներկայացնելու համար»։

Այս մասին այսօր հպարտությամբ խոսում է նաեւ «Շարմ» ընկերության ղեկավար Ռուբեն Ջաղինյանը. «Մենք իսկականից «Ա1+»-ին հաղթել ենք: Ուրիշ գործ, որ «Ա1+»-ի պլյուսը համեմատ մեզ էն էր, որ ինքը եթերայինի մեջ եղել ա ավելի շատ, քան մենք: Բայց մենք, խոսքի, մեր պրոյեկտների քանակությունը հեռուստատեսային, որ մենք արել ենք, իրանք չէին զիջում Ա1+-ին»:

Այդ օրը «Շարմին» «5» գնահատեցին Գրիգոր Ամալյանը եւ Շամիրամ Աղաբեկյանը: Նրանք հանձնաժողովի միակ անդամներն են, որոնց աշխատանքը վարձատրվում է, հանձնաժողովի մյուս 7 անդամներն, ըստ օրենքի, աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանք «Ա1+»-ի ծրագիրը գնահատեցին ամենացածր նիշով' «1» բալով:

Առաջին հակազդեցությունները

Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողները նույն օրը' ապրիլի 2-ին, հանդես եկան հայտարարությամբ, որում ասում էին, թե ծանոթ են հանձնաժողովին ներկայացված 37 կապուղու մրցակիցների առաջարկներին եւ գտնում են, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե օրենքի հինգ պահանջներից (սեփական արտադրության հաղորդումների ծավալը, հայրենական արտադրության հաղորդումների ծավալը, տեխնիկական միջոցների, սարքավորումների բազան, հագեցվածությունը եւ, ի վերջո, աշխատակազմը) որին է բավարարել «Շարմ»-ի առաջարկը։
Լրագրողները գտնում էին, որ օրենքով պահանջված չափորոշիչներին հանձնաժողովը սուբյեկտիվորեն է մոտեցել։ Մինչեւ օրվա վերջ հայտարարությունը ստորագրել էր 17 լրագրող։

Ի դեպ, այդ օրը խորհրդարանականները հրաժարվում էին պատասխանել «Ա1+»-ի փակման վերաբերյալ լրագրողների հարցերին: Խորհրդարանի ամբիոնից հեռուստաընկերության փակումը դատապարտեցին 4 պատգամավորներ' Արտաշես Գեղամյանը, Ստեփան Զաքարյանը, Արշակ Սադոյանը եւ Հրանտ Խաչատրյանը:

«Երեկ ամբողջ օրը ԱԺ-ում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը գովեստի խոսքեր էին շռայլում այդ հեռուստաընկերության հասցեին։ Հանձնաժողովը արհամարհեց բոլոր այդ քաղաքական ուժերի կարծիքը։ Ռ. Քոչարյանի նշանակած հանձնաժողովը, պարզվեց, թքած ունի հանրային կարծիքի վրա։ Մենք գտնում ենք, որ այսպես շարունակել չի կարելի, որովհետեւ վտանգվում է խղճի, խոսքի, ԶԼՄ-ի գոյությունը»,-ասաց ՀԺԿ-ական Ստեփան Զաքարյանը:

«Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ, եւ ԶԼՄ-ի գործունեության համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները»,-ապրիլի 10-ին հայտարարեցին 17 լրատվամիջոցներ' 6 հեռուստաընկերություն եւ մի քանի գործակալություններ ու թերթեր: Այս հայտարարության նախորդ օրը՝ ապրիլի 9-ին, Ռոբերտ Քոչարյանը դիմել էր հեռուստաընկերությունների լրագրողներին եւ ասել. «Ձեզանից որուէ մեկը երբեւէ ենթարկվե՞լ է ճնշումների: Եթե այո' ասեք ինձ»:

Ռոբերտ Քոչարյանի հարցին տեղում ոչ ոք չպատասխանեց: Այս հարցն այնուհետեւ չի առաջանալու երբեք: «Ես «Ա1+»-ի վերաբերյալ նույնիսկ մի փոքր չարաշահում թույլ չտվեցի: Մինչեւ հանձնաժողովի որոշումը ասացի, որ կցանկանայի «Ա1+»-ը տեսնել եթերում: Իսկ դա կարող էր գնահատվել որպես ճնշում հանձնաժողովի վրա:
Եվ դա ասելիս մտածում էի, որ մրցույթի մյուս մասնակիցներն ինձ կարող են մեղադրել»,-ապրիլի 5-ին Դուշանբեից վերադառնալուց հետո օդանավակայանում ասում է Ռոբերտ Քոչարյանը: 17 լրատվամիջոցների հայտարարության հաջորդ օրը 19 այլ լրատվամիջոցներ հայտարարեցին, որ «ազատ խոսքն, այնուամենայնիվ, վտանգված է»:

Ինչպե՞ս էր ստեղծվել «Շարմը»

«Շարմ» ընկերությունը դեռ ամիսներ առաջ էր նախապատրաստվել կապուղիների մրցույթին։ «Շարմի» տղաներն ակտիվորեն ներգրավվել են ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների ընտրություններում, որի ընթացքում միշտ կանգնել են իշխանության թեկնածուի օգտին: Նրանք մասնակցում էին այն համերգներին, որոնք իշխանությունների թեկնածուի օգտին արվող քարոզչության շրջանակներում էին: 1998-ին եւ 2003-ին «Շարմի» «թեկնածուն» Ռոբերտ Քոչարյանն էր:

Ալեքսան Հարությունյանի խոստումներին անսալով՝ թե «Շարմը» շուտով ունենալու է իր կապուղին, ընկերությունը տարածք էր վարձակալել ֆիզիկայի ինստիտուտի ակումբում եւ այնտեղ սկսել ստուդիա կառուցել։ Տարիներ հետո Ռուբեն Ջաղինյանը ծիծաղում էր այս փաստի վրա:

Այսօր ահա թե ինչպես է ներկայացնում հեռուստաընկերություն ունենալու ողջ նախապատմությունը պարոն Ջաղինյանը. «Մենք 15 տարուց ավել փորձում էինք հեռուստատեսություն ունենալ: Մենք ամեն տեղ մերժվում էինք, ուղղակի մեր պատմությունը ոչ ոք չգիտի... Ու առաջին անգամ որ անցկացրեցին, մենք մեր պազիցիան դրեցինք: Որովհետեւ մյուս անցկացնելը պետք ա մի տարուց, թե տարուկեսից լիներ: Տո իստ, էլի էդքամ մենք չպիտի ունենայինք: Եվ մենք էսքան տարվա ընթացքում, որ աշխատում էինք, եստեստվեննը, մենք տարբեր տեղեր ինչ-որ ոլորտներում ճանաչում ենք մարդկանց, ընկերներ ունենք: Մենք հրավիրեցինք դրսից լավ տեխնիկայի մասնագետներ:

Նրանք հաշվարկեցին, որ կա կանալ: Օրինակ, կար բանի կանալը, անունն ի՞նչ ա... Էն որ հիմա «Հայ TV»-ն ա... Ասեցին' «Հայ TV»-ն չի կարելի վերցնել: Մենք ուզում էինք հետո սպուտնիկներ, սաղ Հայաստան, ըսենց, ինքը, ասում ա, ռազվիտյա չունի էդ կանալը. չիստը տեխնիչսկի: Ու մեր մոտ կար վիբըր, փաստորեն, երեք տեղի վիբըր էր: Նի տո երկուսի էր մնացել: Մեկը Հրանտ Վարդանյանն էր մասնակցում, որը ի սկզբանե չգիտես խի գրել էր' դետսկի կանցեպցի: Ու ընդեղ գրած էր, որ էդ կանալում' մենակ մանկական: Էդ նեպանյատնի բան էր մեր համար, մենք մանկական չէինք ուզում: Երկրորդը գիտեինք, որ «Շողակաթն» է մասնակցում: Տո իստ անիմաստ էր ընդեղ «Շողակաթի» հետ մասնակցել, որովհետեւ ես ոնց հասկանում եմ' էդ հարցը որոշված էր, որ առաքելական... Ես էլ, օրինակ, դեմ չեմ: Ընդեղ մի վախտ էս մեր եգովաները, բաները խառնվել են: Ես էլ եմ, օրինակ, զա, որ պետք ա լինի: Ուրիշ գործ' հիմա ինչքանով են դրանով զբաղվում: Էդ երկրորդ խնդիր ա: Ու երրորդը չարաբաստիկ 37-րդն էր»:

Մարտի 27-ին «Շարմ» ընկերության տնօրեն Ռ. Ջաղինյանը լրագրողներին փորձեց հավաստիացնել, որ իրենց ապագա հեռուստաալիքը չի զիջելու «Ա1+»-ին որակով եւ բովանդակությամբ, իսկ որ ամենակարեւորն է՝ «լինելու են ատամնավոր լուրեր»։ «Դա կլինի այն հեռուստաընկերությունը, որը պետք է բոլորիս»,-ասաց նա։ Իսկ ինչու՞, այնուամենայնիվ, «Շարմը» որոշեց հավակնել թիվ 37 կապուղուն:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մարտի 28-ի նիստին այս հարցին ահա թե ինչպես է պատասխանում «Շարմի» գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը. «Քանի որ մենք էս աշխարհից ենք, գիտենք, որ շատ ուրիշ գծերին էլի մասնակցություն կլինեն՝ շատ ավելի շատ, քանց թե 37-ին»։ Այդ նիստում «Շարմ» ընկերությունը խոստանում է 1 մլն 850 հազար դոլար ներդնել, եթե իրեն տրամադրվի 37 կապուղով հեռուստահաղորդումներ հեռարձակելու իրավունքը։ «Դոֆին թիվին» խոսում էր իր գործընկերներից 3 տարում ստանալիք 3 մլն 200 հազար դոլարի մասին։ Իսկ «Ա1+»-ին իր եղածին հարկ էր գումարել առավելագույնը 100 հազար դոլարի ներդրում։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը լրագրողներին ասաց, որ փողն, այնումենայնիվ, որոշիչ չէ. «Որոշիչը լինելու է այն ծրագիրը, որով ընկերությունը պատրաստվում է ներկայանալ հանրությանը։ Եվ այդ ծրագիրը պետք է լինի շատ համոզիչ»։

Ովքե՞ր էին կանգնած «Շարմի» թիկունքում

«Շարմին» «Գիտնականի տունը» վաճառվել է ոչ առանց «բարձրագույն» միջամտության։ Համենայն դեպս, գործարքի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններով զբաղվել է նախարար Կարեն Ճշմարիտյանը (ի դեպ, Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Հ. Ասատրյանն ու նա մորաքրոջ որդիներ են)։ «Եվրոմոթորս» ՍՊԸ-ի եւ «Հայգյուղփոխբանկի» հետ նախնական պայմանավորվածությամբ կատարվելիք 1 մլն 850 հազար դոլար ներդրումներից 300 հազար դոլարը տրամադրվելու էր տարածքի գնմանը։

Ի դեպ, «Շարմի»' հանձնաժողովին ներկայացված առաջարկի հավելվածներում առկա էր նաեւ «Հայգյուղփոխբանկի» գրավոր տեղեկանքը, որտեղ խոսք անգամ չկար որոշակի ներդրումների մասին եւ միայն նշված էր, թե բանկը «պատրաստակամություն է հայտնում երկարատեւ համագործակցություն ծավալելու եւ հույս է հայտնում, որ այդ համագործակցությունը կլինի արդյունավետ եւ փոխշահավետ»։

Երբ 2003-ի գարնանը ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը գնում էր «Կենտրոն» հեռուստաընկերության բաժնետոմսերի փաթեթը, խոսվում էր այն մասին, որ ի սկզբանե էլ այդպես էր նախատեսված: Ռուբեն Ջաղինյանը հիմա ասում է, որ նման բան չկա, պարզապես «Շարմը» եւ Արսենյանն ընտրել են միմյանց:

«Մեր համար դա ավելի նորմալ շարունակություն էր, քան ուրիշ օլիգարխական շարունակություն: Ըսենց ասեմ: Ու դրա համար մենք, ոնց որ, իրար ընտրեցինք: Ինքն էր մեզ ընտրում, ու մենք էլ էինք իրան ընտրում: Մենք առանձին ամեն մեկս ընտրում էինք, եւ որ էդ առաջարկությունը արեցինք, ինքը բիզնեսով հետաքրքիր էր, իսկ հեռուստատեսությունում մենք հըլը ահագին ասելու բան ունեինք, ու ընենց ստացվեց, որ չստացվեց: Իմ կարծիքով' հետո Արսենյանն էլ պրոբլեմներ ունեցավ, նույն ձեւի, ոնց որ մենք»,-պարզաբանում է «Շարմ» ընկերության տնօրենը:

Խոսում են բարձրաստիճան այրերը

«Մեր պետությունում ազատ խոսքը միայն «Ա1+»-ից չի կախված»,-լրագրողներին ասում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, ասել էր, թե չի կարծում, որ «Ա1+»-ը եթերից դուրս է մնացել. «Կարծում եմ' «Ա1+»-ը հնարավորություն կունենա աշխատելու»։
«Իսկ ո՞վ է ասել, որ «Ա1+»-ը զրկվել է եթերից»,-«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին ապրիլի 2-ից մոտ 10 օր հետո հարցնում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Այդ ժամանակ արդեն խոսում էին այն մասին, որ «Շարմ» ընկերության հաղորդակի համար անհրաժեշտ 100 հազար դոլարը գտնելու խնդիրը լուծել է անձամբ Սերժ Սարգսյանը՝ դիմելով մի քանի գործարարների։ Ի վերջո, այդ գումարը հատկացնելու պատրաստակամություն է հայտնել «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը։

Ի դեպ, Սերժ Սարգսյանի լավատեսությունը երկակի իմաստ ուներ' «Ա1+»-ը հնարավորություն ուներ աշխատելու, ոչ ոք նրան աշխատելու իրավունքից չէր զրկել, նրան զրկել էին եթերից: «Իրավունքի» թղթակիցը 2002-ի ապրիլի 18-ին նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին հիշեցրեց. ««Ա1+»-ին եթերից զրկելով Հայաստանում խոսքի ազատության վտանգվածության վերաբերյալ մտահոգություն են արտահայտել «Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն», Եվրոպայի խորհրդին կից՝ «Միջազգային հելսինկյան դաշնությունը», Ֆրանսիայի «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը եւ այլք»։

«Նրանք կարող են սխալվել»,-պատասխանեց նախագահի խոսնակը։ Այդ օրերին արտահայտվեց նաեւ արտգործնախարարությունը, որն ընդունեց հայտարարություն. «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ապրիլի 2-ի կայացրած որոշումը՝ 37-րդ դեցիմետրային կապուղու համար հայտարարված մրցույթի ամփոփման մասին, տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների, որոնք հիմնականում շրջանցում են հարցի իրավական կողմն ու հանգում քաղաքական եզրակացությունների:

Այս առումով հարկ ենք համարում արձանագրել, որ հիշյալ, ինչպես եւ մյուս կապուղիների համար, մրցույթը հայտարարվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն, որը մշակվել է բոլոր հեռուստաընկերությունների մասնակցությամբ, ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունվել երկրի բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը ներառող Ազգային ժողովի կողմից, ապա եւ արժանացել Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանման դրական եզրակացությանը»:

Ինչու՞ եթերազրկեցին «Ա1+»-ը

«Ա1+» հեռուստաընկերության թղթակից Վիկտորյա Աբրահամյանն ասում է. «Նեղ շրջանակում Քոչարյանը հաճախ է ասել. «Քանի ես կամ, էդ լակոտները եթերի երես չեն տեսնի»: Ու ես միայն Քոչարյանին եմ հավատում»:
Վիկտորյա Աբրահամյանն այսօր էլ աշխատում է «Մելտեքս» ընկերության «Այբ-Ֆե» շաբաթաթերթում եւ «Ա1+-online» ինտերնետային լրատվամիջոցում: Ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը նման բան ասել: Բանն այն է, որ «Ա1+»-ն առաջինն էր, որ խոսեց «Պապլավոկ»-ում 2001-ի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած մի «դժբախտ պատահարի» մասին, որը «Ա1+»-ի «շնորհիվ» դարձավ սպանություն:

Դաշնակցական Պողոս Պողոսյանի մահը մամուլում շրջանառվեց որպես դժբախտ պատահար: Եվ ահա, «Ա1+»-ի երեկոյան հիմնական թողարկման ժամանակ, Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասում է, որ տեղի է ունեցել սպանություն: Այս բացահայտումն էական էր նրանով, որ Մարկ Գրիգորյանը դեպքի վայրում չէր եղել, դեպքի վայրում գտնվածների մեծ մասն այդպես էլ չխոսեց, նրանց մեջ' նաեւ լրագրողներ: Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերին:

Այդ պահից հայտնի դարձավ, որ Պողոս Պողոսյանին սպանել են երկրի նախագահի թիկնապահները: Նոյեմբերին ՀՀ նախագահի նստավայրում, ինչպես տեղեկացնում է «Իրավունք» շաբաթաթերթը, վճռվում է «Ա1+»-ի բախտը՝ այն պետք է դուրս գա եթերից: «Մարդն ուզում էր սկզբունքային երեւալ գոնե մեկ հարցում»,-ասում է «Ա1+»-ի թղթակից Կարինե Ասատրյանը:

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի համոզմամբ' «Ա1+»-ին եթերից զրկելու որոշումն, անշուշտ, քաղաքական էր։

«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը միայն գործիք էր Ռ. Քոչարյանի ձեռքում, որը որոշեց զրկել «Ա1+»-ին եթերից»,-ասում է պարոն Աբրահամյանը: «Ինտերնյուս» ՀԿ ղեկավար Նունե Սարգսյանը, արտահայտելով իր անձնական տեսակետը, ասաց. «« Ա1+»-ին եթերազրկեցին հենց նրա համար, որ դա կարող էր լինել մի այլ կարծիք ընտրությունների ընթացքում »:

«Շարմ» ընկերության տնօրենի պատասխանն ավելի կարճ էր. «Երեւի չեն ուզում, որ «Ա1+»-ը լինի»:

Ի՞նչ կատարվեց «Կենտրոն» հեռուստաընկերության հետ

Ռոբերտ Քոչարյանը Դուշանբեից վերադառնալիս խոստացել էր հորինել «Ա1+»-ը: Ծնվեց «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Մի շարք հաղորդումներ իսկապես հողին էին հավասարեցնում իշխանություններին, բայց անձեռնմխելի էր մնում Ռոբերտ Քոչարյանը, որը պատրաստվում էր երկրորդ անգամ դառնալ երկրի նախագահ:
«Բայց մենք ավել չդիմացանք, որովհետեւ մի տարուց հետո մենք ունեցանք շատ ուժեղ, ո՞նց ասեմ...Մենք դավկեք ունեինք ուժեղ, երեւի շատ լրագրական տեղերը, որ ունեցել են եւ ունեն բոլոր աշխարհում»,-ասում է «Շարմի» ղեկավար Ռուբեն Ջաղինյանը: 2003-ի գարնանը հեռուստաընկերությանը տիրացավ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Վերջինս իր այդ քայլը պատճառաբանում էր նրանով, թե ուզում է քարոզել իր ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցության գաղափարները: Հաջորդ տարվա ապրիլի 24-ին Արսենյանը «Կենտրոնը» վաճառեց ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Մուրադ Գուլոյանին, որը Գագիկ Ծառուկյանի համագյուղացին է: Ավելի ուշ «Կենտրոնի» պատասխանատուներից մեկը մեզ խոստովանեց, որ հաշվետու է միայն Գագիկ Ծառուկյանին: «Մուրադ Գուլոյան չկա»,-կենդանի, ապրող մարդու մասին բառացիորեն ասաց նա:

Մեր հարցին' կփորձի՞ երկրորդ անգամ որեւէ հեռուստաընկերություն ձեռք բերել Հայաստանում, «Շարմի» ղեկավար Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց. «Էս օրով արդեն շատ հեռուստատեսություն կա, իմ կարծիքով' հիմա արդեն փակել ա պետք, ոչ թե շատացնել: Մենք ավելի լավ է տարբեր ծրագրեր անենք»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված