Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի

«Հետաքննող լրագրողներ»-ի դատը հետաձգվեց



Մեկ տարվա դատական քաշքշուկի ընթացքում իր կրած նյութական վնասը փոխհատուցելու պահանջով «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը մարտի 10-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Քաղաքացիական օրենսգրքի համաձայն' Հայաստանի Հանրապետությունը (կամ նրա անունից հանդես եկող ֆինանսական մարմինը) պետք է փոխհատուցի պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ) քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասը: Երեւանի քաղաքապետի անգործությունը կազմակերպությանը պատճառել է 308.300 դրամի նյութական վնաս: Այդ գումարը ծախսվել է փաստաբանական ծառայության եւ դատական ծախսերը հոգալու համար:

Ապրիլի 22-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց դատական նիստը:

Դատարանում պատասխանող կողմը ՀՀ ֆինանսների նախարարությունն է: Դատական նիստը տեւեց 10 րոպե: Նախարարության իրավաբան Արարատ Խաչատրյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու մասին: Պատճառաբանելով միջնորդությունը' նա նշեց, որ դատաքննությանը պետք է որպես երրորդ կողմ ներգրավել քաղաքապետարանի ներկայացուցչին: «Մենք պետք է պարզենք, թե ում մեղքով է, որ քաղաքապետարանը չի կատարել օրենքով նախատեսված իր պարտականությունները: Ինչու՞ ինչ-որ պաշտոնյայի անգործության պատճառով պետական բյուջեն պետք է տուժի»,-ասաց Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:

Լրագրողների շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը, մի քանի հարց ուղղելով նախարարության ներկայացուցչին, համաձայնեց դատական նիստի հետաձգմանը: Նախագահող դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարեց Ֆինանսների նախարարության միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 13-ին:

Հիշեցնենք, որ առայսօր լրագրողները քաղաքապետարանից չեն ստացել իրենց պահանջած տեղեկությունները' չնայած ՀՀ վճռաբեկ դատարանը 2005-ի փետրվարի 10-ի իր վճռով Երեւանի քաղաքապետին պարտավորեցրել է «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել նախկին քաղաքապետերի որոշումները:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված