ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Ժիրայր Սեֆիլյան. «Պիտի ազատվեն ոչ միայն քաղբանտարկյալները, այլև անարդար դատապարտվածները»



Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու ևս 5 քաղաքացիներ կշարունակեն մնալ բանտերում: Այսօր Վերաքննիչ դատարանը հետաձգեց նրանց խափանման միջոցները փոխելու մասին միջնորդությունները, նույնիսկ այն պարագայում, երբ Գևորգ Սաֆարյանի ու Ներսես Պողոսյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը: Ներսես Պողոսյանը հայտարարեց հացադուլ սկսելու իր որոշման մասին:

Նախագահող Ռուզաննա Բարսեղյանը միջնորդության քննության հետաձգումը պատճառաբանեց, որ գործի քննության շրջանակներում կանդրադառնան միջնորդությունների լուծմանը: Դատարանը հետաձգման որոշման մեջ նշել էր, որ բողոքները քննվելու են վճռաբեկության կարգով, երկար չեն տևելու:

Դատարանի այս մոտեցումը դժգոհության ալիք բարձրացրեց դահլիճում, ուր ասեղ գցելու տեղ չկար: Չկային նաև աշխատանքային պայմաններ՝ դատավորների ձայնը հազիվ լսելի էր, բարձրախոսներ չկային, դրսում քաղաքացիներ էին մնացել, քանի որ տեղ չկար դահլիճում անգամ կանգնելու համար:

Փոխվել էր դատախազների մոտեցումը. նրանք չէին առարկում խափանման միջոցների փոփոխության դեմ, հակառակը՝ գտնում էին, որ իրավիճակ է փոխվել, վկայակոչվեց անգամ այն փաստը, որ, օրինակ՝ Ներսես Պողոսյանը մինչև 14 տարեկան 3 երեխա ունի:  

Մինչ դատավորները խորհրդակցական սենյակում էին, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: Նա նշեց, որ քաղբանտարկյալների ազատումը օրերի խնդիր է: Ըստ Ժիրայր Սեֆիլյան՝ պիտի ազատվեն ոչ միայն քաղաքական բանտարկյալները, այլև անարդար, ապօրինի դատապարտյալները:

«Մեր գլխավոր խնդիրն այսօր բոլորի ազատությունն է: Գործող իշխանությանը՝ հանձին պարոն Փաշինյանի, պիտի նեցուկ կանգնենք, որ այս դժվարին գործընթացից միասին պատվով դուրս գանք, որ հետո սկսենք պետական շինարարությունը: Ռևանշիստների հույսերը պիտի վերանան, նրանք նույնիսկ երազում պիտի չտեսնեն, որ կարող են նորից վերադառնալ: Այդ արգելքը մենք չենք դրել, մեր ժողովուրդն է դրել: Մեր ժողովուրդը ոչ միայն մեզ է զարմացրել, այլև ամբողջ աշխարհին: Մենք տեր պիտի կանգնենք այս զարթոնքին: Բոլոր քաղաքական ուժերը պիտի մի կողմ դնեն տարբեր տարաձայնությունները ու երկրի մաքրագործման աշխատանքները իրականացնեն»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն լրագրողներին, լրատվամիջոցներին, ովքեր երկու տարի լուսաբանում են նիստերը:

Դատարանն անցավ բողոքներին: Նշենք, որ դատարանից պաշտպանների պահանջն արդարացման դատավճիռն է: Նիստը հետաձգվեց. այն տեղի կունենա վաղը՝ ժամը 14:00-ին:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված