Կիրակի, 15 դեկտեմբերի

Կարո Եղնուկյան. «Հսկիչներից մեկը հարցրեց՝ եթե ինձ տեսնես փողոցում, ի՞նչ ես անելու, ասեցի՝ գրկելու եմ. էդպես էլ արեցի»



«Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը 11 օր է՝ ազատության մեջ է: Մասնակցում է քաղաքական դատավարություններին, ակցիաներին: Հարցիս՝ ինչպես է սկսում օրը, պատասխանում է՝ քայլելով. «Միշտ եմ սիրել Երևանի փողոցները չափչփել. դա էի կարոտել, մեկ էլ՝ մարդկանց գրկելը: Մարդկանց ջերմությունը զգալու պահանջ կար բանտում»:

Կարո Եղնուկյանը պատմեց, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, ժողովրդի լեզվով ասած՝ KГБ-ում, աշխատակիցները լավ են վերաբերվել իրեն. «Հսկիչներից մեկը մի օր հարցրեց՝ եթե ինձ տեսնես փողոցում, ի՞նչ ես անելու. ասեցի՝ գրկելու եմ, էդպես էլ արեցի»:

Կարո Եղնուկյանն ազատությունից զրկված է եղել 22 ամիս և 5 օր: Մայիսի 24-ին 10 մլն գրավի դիմաց փոխվեց նրա խափանման միջոց կալանքը, և Եղնուկյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

Երկքաղաքացի Կարո Եղնուկյանը 12 տարեկանից ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, իրավաբան ու գործարար է, ԱՄՆ-ում շարունակել է ընտանեկան բիզնեսը: Հինգ երեխաների հայր է: 36 տարի ապրել է ԱՄՆ-ում, ապա բազմազավակ ընտանիքով մշտական բնակություն հաստատել Հայաստանում:

«Շատ հուզիչ էր, ապրիլի 11-ից սկսած մեջս թրթռում էր, արդեն զգում էի 6-րդ զգայարանով, որ ուրիշ ալիք է բարձրանում, իհարկե, չէի կանխատեսում նման հեղափոխություն դեռ, բայց ամսի 13-ից զգում էի, որ ձնագնդին մեծանում է: Ամենամեծ վախս էր, որ հնարավոր են սադրանքներ: Բայց երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, արդեն գիտեի, որ ազատությունս մոտ է: Խոսեցի աղջկաս հետ՝ համ լացում էր, համ ուրախանում էր, ասեց՝ հայրի՛կ, քեզ կազատեն: Ասեցի` մի՛ շտապիր, ժամանակ կա: Ընտանիքս սպասում էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հենց նույն օրը դռները պիտի բացվեն»,- պատմում է Կարո Եղնուկյանը:

Նա նկատում է, որ դասական հեղափոխությունը դա էլ պահանջում է: «Բաստիլն ես բացում ու ազատում ոչ միայն քաղբանտարկյալներին, այլև անիրավի դատապարտվածներին: Ո՞վ չգիտի, որ Հայաստանում կեսից ավելին «պեչենիի» համար դատապարտվածներն են»:

Բայց, Կարո Եղնուկյանի կարծիքով, Հայաստանում դասական հեղափոխություն չի եղել, ինչը, նրա խոսքով, հղի կլիներ վտանգներով: «Փոխարենը՝ այս հեղափոխությամբ 3-րդ ուժը չեզոքացվեց: Հետևանքն այն եղավ, որ հեղափոխությունն ընկավ Սահմանադրության և օրենքների թակարդի մեջ: Հիմա ինձ օրենքո՞վ են պատժել, որ օրենքով պիտի ազատեին,- հռետորական հարց է ուղղում Եղնուկյանը՝ ինքն իր հարցին պատասխանելով:- Ինձ օրենքի մանիպուլյացիայով ազատությունից զրկեցին ու օրենքի մանիպուլյացիայով էլ ազատեցին»:

Կարո Եղնուկյանը սկզբունքորեն համամիտ է Շանթ Հարությունյանի հայտարարությանը: Կարծում է, որ քաղբանտարկյալների պարագայում վիրավորական է համաներվելը. «Ի՞նչ է արել, որ ներվի: Սկզբունքորեն սխալ է: Բայց կոպեկի հակառակ կողմն էլ կա, որ ինքս եմ ընտրել՝ րոպե առաջ ազատության մեջ մարդկանց միանալ: Ազատությունից ավելի թանկ բան չկա: Եթե մեկ օր առաջ կարող եմ լինել ազատության մեջ, անպայման կօգտվեմ: Եթե Բաստիլը չի քանդվում, դռները չեն բացվում հենց հիմա, ուրեմն պիտի դուրս գալ ազատություն այն ճանապարհով, որն այդ պահին գործող է»:

ԵԽԽՎ 1900 բանաձևն, ըստ Կարո Եղնուկյանի, ունի մի բացթողում՝ չի ներկայացնում քաղաքական բանտարկյալների ազատման մեխանիզմը: «Միակ ճանապարհը, որ քաղաքացին ինքն է ներկայացնում պետությանը մեղադրանք, թե ես քաղբանտարկյալ եմ քո պատճառով: Իսկ պետությունը պիտի ապացուցի, որ այդ մարդը քաղբանտարկյալ չէ: Հիմա ես մեղադրանքը ներկայացրել եմ պետությանը, որ ես քաղբանտարկյալ եմ: Պետությունը ինձ չի կարողանում ապացուցել հակառակը, ուրեմն պիտի ազատ արձակի»:

Կարո Եղնուկյանի հետ մեկուսարանի պայմաններից շատ չխոսեցինք, միայն ասաց, որ առանձնապես վատ չէին պայմանները, որ ինքն իր կամքով նախընտրել է խցում մենակ մնալ, քանի որ ծխող չէ, ու միայնությունը հնարավորինս ազատություն է տալիս թեկուզ բանտում. «Միայն առաջին 2 ամիսը խցակից կար: Հետո, երբ հացադուլ արեցի, խցակցիս տարան այլ խուց, 14 օր անց էլ ետ չբերեցին: Նաև շատ առողջական խնդիրներ ունեմ, բայց ոչ մեկը կրիտիկական չէր: Գիշերվա ընթացքում շնչափողս փակվում է: Սլիփաթնիա է ( քնի օբստրուկտիվ ապնոէ-հեղ.) կոչվում այդ հիվանդությունը: Հատուկ սարքով եմ քնում, սարքը ձայն է հանում: Պետք չէր ուրիշին այդպես խանգարել»: Կարոն պատմեց, որ խցում տաք է եղել, անգամ՝ շոգ, նույնիսկ ձմռանը պատուհանը բաց է պահել մի քիչ: Ամառը սաստիկ շոգ է եղել, անդիմադրելի, շոգից անգամ շնչելու սարքը չի աշխատել:

«Ընտանիքս՝ կինս ու երեխաներս, ի պատիվ իրենց, լավ դիմակայեցին: Բայց լավ գիտեմ՝ ինչ դժվար է եղել նրանց համար առանց ինձ այս 22 ամիսներին»,- նշեց Կարո Եղնուկյանը:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդներին պահելուն օժանդակելու (38-218 հոդված) ու զավթած շենքերը և շինությունները պահելուն օժանդակելու (38-219 հոդված) մեջ: Մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչվել է որպես քաղաքական բանտարկյալ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված