Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Կարո Եղնուկյան. «Կարո՞ղ է ազատազրկվածները Yandex տաքսի պիտի կանչեին, դատի գային»



«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով Վերաքննիչ դատարանի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. բազմաթիվ քաղաքացիներ այդպես էլ չկարողացան ներս մտնել դահլիճ՝ լուրերի սպասելով դատարանի բակում: Առաջնահերթ թույլ էին տալիս դահլիճ մտնել ազատազրկվածների հարազատներին ու լրագրողներին: Սակայն նիստը սկսվելուն պես քարտուղարը հայտարարեց՝ «ամբաստանյաները չեն ներկայացել նիստին»:

Օրեր առաջ 10 մլն դրամի գրավով ազատություն վերադարձած Կարո Եղնուկյանն ասաց. «Ինչ է նշանակում՝ չեն ներկայացել, կարող է Yandex տաքսի պիտի կանչեին, գային: Պիտի բերեին նրանց»:

Նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանն ընթերցեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Մարտիրոսյանի գրությունն, ըստ որի՝ ոստիկանության ուղեկցող խմբի կողմից հնարավոր չի եղել նիստին ապահովել Ժիրայր Սեֆիլյանի և մյուս 6 ազատազրկված քաղաքացիների ներկայությունը: Դատական կազմից դատավոր Մխիթար Պապոյանը փորձեց պարզաբանել, որ մեղադրյալների չներկայացվելը դատարան իրենց համար ևս նորություն էր.

«Դատարանը 15 րոպե առաջ է իմացել այս մասին»,- ասաց դատավոր Պապոյանը: «Չենք հավատում»,-լսվեցին բացականչություններ դահլիճից:

Այս նորությունը դահլիճում ներկաների կողմից վրդովմունքով ընդունվեց՝ «ամո՛թ-ամո՛թ» բացականչությունների ներքո նիստը հետաձգվեց մինչև հունիսի 6-ը:


Տեսանյութը՝ Առաքել Մինասյանի

Ի դեպ, գործով դատախազներ Արամյանն ու Պետրոսյանը դատարանի դահլիճից դուրս եկան դատավորների համար նախատեսված մուտքով՝ խուսափելով քաղաքացիների հետ առերեսվելուց:

Նիստին հետևելու նպատակով դահլիճում էին նաև «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության» փաստաբանները: Քրեական ու միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Կարո Ղազարյանը որպես խայտառակություն բնորոշեց ազատազրկվածներին դատարան չներկայացնելը: Ամերիկահայ փաստաբանը հետևել է դատական նիստերին: Նա կարծիք հայտնեց, որ այսօր դատական կազմը և ոստիկանությունը միասնաբար սաբոտաժով հետաձգում են նիստը:

«Պարոն վարչապետն ասում է՝ ցուցում չենք տալու դատարանին, շատ լավ, բայց այսօր ուրիշ մեկը թելադրանք տվեց»,- ասաց Կարո Ղազարյանը:

Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը հայտարարեց, որ դատարանի շենքում կսպասեն ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որպեսզի պարզաբանում ներկայացվի. «Քաղբանտարկյալներին դատարան չբերելն այսօր դատարանը բարդեց դատարանի վրա»,- ասաց Թորոս Սեֆիլյանը:

Մեկ ժամ սպասելուց հետո քաղաքացիները Արշակունյաց պողոտայով երթով շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարան, որտեղ արդեն երկու շաբաթ է ներկայացվել է Ժիրայր Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանքը չվերացնելու դեմ բողոքը:

Հիշեցնենք, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ։ Սեֆիլյանի ու Ներսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ պահանջում են արդարացի որոշում և հնարավորինս արագ քննություն։ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչը հայտնեց, որ որոշումը կայացվել է, ուղարկվել է փոստով.

«Չի բացառվում, որ վաղն էլ ստանաք»: Բայց Արայիկ Պապիկյանի հարցին, թե երբ է կայացվել որոշումը, այդպես էլ պատասխան չհնչեց: «Պարզեցինք, որ իբր մեր բողոքը հետ են ուղարկել թերություններն ուղղելու պատրվակով»,- նշեց Արայիկ Պապիկյանը:

Այնուհետև, քաղաքացիները շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ և ավարտեցին բողոքի ակցիաները՝ հունիսի 6-ին կրկին հավաքվելու պայմանով:  

Ժիրայր Սեֆիլյանն այս տարվա մարտի 20-ին դատապարտվել էր 10 ու կես տարվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝  5 տարի 5 ամիս, ակտիվիստ Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝  3-ական տարվա, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա ազատազրկման: Հովհաննես Պետրոսյանը վաղը՝ մայիսի 31-ին ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր էր ճանաչել քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Ի սկզբանե, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ սա դատավարություն չէ, այլ թատերական բեմադրություն: Մյուս 6 ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ, իսկ Գևորգ Սաֆարյանը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության: Ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման՝ ներկայացված որևէ մեղադրանք չի ապացուցվել դատարանում, փոխարենը քրեական հոդվածների տակ իրականացվել է քաղաքական գործչի հետապնդում:

Մի շարք իրավապաշտպան ՀԿ-ներ հայտարարել են, որ Ժիրայր Սեֆիլյանին ու մյուսներին ճանաչում են որպես քաղբանտարկյալներ:

Հավելենք, որ Վերաքննիչ դատարանում, ինչպես և առաջին ատյանում, դատական կարգադրիչները հավաքագրում էին քաղաքացիների անձնական տվյալները՝ չներկայացնելով որևէ օրինական հիմք:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված