Կիրակի, 21 հուլիսի

Ադրբեջանում սպանել են «Մոնիտոր» ամսագրի խմբագրին



Մարտի 2-ին Ադրբեջանի ժամանակով ժամը 20-ին սպանել են Ադրբեջանի ամենաժողովրդական եւ արմատական ամսագրի' «Մոնիտոր»-ի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովին: Ինչպես հայտնում են ադրբեջանցի լրագրողները, «այդ պատվիրված ողբերգությունը տեղի է ունեցել շենքի մուտքի մոտ, երբ Էլմարը բարձրանում էր իր բնակարան»: Փորձագետները լրագրողի սրտից հանել են երկու գնդակ, երրորդը վնասել է բերանը եւ ուղիղ դուրս եկել: Հուսեյնովի' մուտքին մոտենալուց հինգ րոպե առաջ շենքում անջատվել է էլեկտրաէներգիան, իսկ Հուսեյնովի բնակարանում' քաղաքային հեռախոսը: Հետմահու պարզվել է, որ անջատված է եղել նաեւ խմբագրի բջջային հեռախոսը:

Հուսեյնովի գործընկերներն ասում են, որ Էլմարին եւ նրա ընտանիքին բազմիցս սպառնացել են: Նման հայտարաությունները Ադրբեջանի իշխանությունները որակում էին որպես «ինքնագովազդ», թե իբր «Հուսեյնովն այդ կերպ ինքն իրեն «գովազդում է», որ դա, ամենայն հավանականությամբ, հուսալքված եւ հոգեպես հիվանդ մարդու զառանցանք է»:

Խմբագրի սպանությունից 20 օր առաջ, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առեւանգել է «Մոնիտոր» ամսագրի թղթակից Աքպեր Հասանովին: Առեւանգումից մեկ օր հետո Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը մամուլի ասուլիսի ժամանակ «հրապարակել է» Հասանովի, այսպես կոչված, «զղջման նամակը»։ Թղթակիցն, իբրեւ թե, ասում է, որ դիտավորյալ եւ հանդուգն կերպով զրպարտել եւ վիրավորել է ադրբեջանական զինված ուժերին, եւ իշխանությունների հասցեին այդ բոլոր վիրավորանքների նախաձեռնողը Էլմար Հուսեյնովն է:

Ադրբեջանի հասարակությունը ցնցված է. «Լրագրողներին ծեծում էին, բայց սպանե՞լ»,-գրում է ադրբեջանցի իրավապաշտպաններից մեկը: Նրանք Հուսեյնովի սպանությունը կապում են Ադրբեջանի իշխանությունների հետ: «Հեյդար Ալիեւը գիտեր խաղի կանոնները, իսկ Իլհամը թույլ է եւ հայտնի ամենաթողության իր հակվածությամբ: Եվ քանի որ Էլմարը «Մոնիտորի» համարներում մշտապես անխնա քննադատում էր նրան, նախագահը կարող էր պարզապես իր շրջապատին ասել. «Լռեցրե՛ք նրան»»,- ասում է մեր աղբյուրներից մեկը:

«Մոնիտոր»-ի խմբագրի սպանության հետաքրքիր վարկած է առաջ քաշում Ադրբեջանի հայտնի իրավապաշտպաններից մեկը, ում անունը, նրա անվտանգության նկատառումներով, չենք նշում: Փետրվարի 11-20-ը «Մոնիտոր»-ի թղթակից Էյնուլա Ֆաթուլաեւը այցելել էր ԼՂՀ եւ Աղդամի շրջան: Վերադարձից հետո նա Ադրբեջանում պատմել է իր տպավորությունների մասին: Ըստ մեր աղբյուրի' Ֆաթուլաեւը շատ պրովոկացիոն մարդ է եւ նրան չի կարելի վստահել. «Ես միշտ Էլմարին ասում էի, որ զգուշանա նրանից: Վերադարձից հետո Ֆաթուլաեւը այնպիսի հայտարարություններ է արել, որոնք ակնհայտորեն կարող էին սրել հակահայկական տրամադրությունները եւ բացասական վերաբերմունք առաջացնել Էլմար Հուսեյնովի եւ «Մոնիտոր»-ի նկատմամբ: Ես չեմ զարմանա, եթե իշխանություններն ամեն ինչի համար մեղադրեն «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությանը»' ասելով թե խմբագրին սպանել են ժողովրդական ցասման ալիքի վրա»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված