Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի

Խոզերին վերացրել են՝ առանց հիմնավորման. Տավուշում անկումը շարունակվում է


Դեռևս 3 ամիս առաջ Մաթևոս Մարկոսյանը Տավուշի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում ուներ 509 խոզ։ Մարզի ամենամեծ ֆերման էր: Այսօր նա կորցրել է այն․ խոզերին ոչնչացրել են՝ առանց հստակ հիմնավորման։ Տավուշի մարզում խոզերի անկումը մինչ օրս շարունակվում է, գյուղացիներն ասում են՝ ժանտախտի կասկած կա:

ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հավաստիացնում է, որ 2011թ․ ի վեր Հայաստանում լաբորատոր ախտորոշված ժանտախտի դեպքեր չեն եղել, իսկ Մաթևոս Մարկոսյանն էլ իր խոզերին վերացրել է սեփական նախաձեռնությամբ:

Տարիներ առաջ՝ 2014թ․-ին, ներդնելով մոտ 30 հազար ԱՄՆ դոլար անձնական միջոցներից ու վարկ վերցնելով՝ Մաթևոս Մարկոսյանը սահմանամերձ Այգեհովիտ գյուղում բացել է խոզերի ֆերմա։ Իր պատմելով՝ գործը բավականին հաջող է ընթացել, գյուղացիներն էլ աշխատանքով են ապահովվել։

2018թ․ փետրվարին 9-ին, սակայն, 2-4 գլուխ խոզեր անկում են ունեցել: Նմանատիպ դեպքեր երբեմն լինում են, և Մաթևոս Մարկոսյանը շատ չի անհանգստացել: Բայց, երբ հաջորդ օրերին անկումները շարունակվել են՝ հասնելով 20-ի, որոշել է ինքն անձամբ փորձաքննության ուղարկել սատկած խոզերից:

«Ուղարկեցի անկում ունեցած խոճկոր, որ տեսնեինք՝ ինչ է,- պատմում է Մ. Մարկոսյանը։ - Իրենք( «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիան, հեղ․) չէին ընդունել՝ ասելով, որ Սննդի անվտանգության մարզայինից ուղեկցող թուղթ է պետք, որպեսզի իրենք վերցնեին, բերեին։ Ինձ բանավոր մերժել են»,- հիշում է նա։

Մաթևոս Մարկոսյան

Դրանից հետո զանգահարել է ՍԱՊԾ մարզային տեսչություն, գյուղապետն ու անասնաբույժն են եկել՝ անալիզներ վերցնելու և Երևան՝ «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիա ուղարկելու:

Համայնքը սպասարկող տեսուչ Արարատ Շահնազարյանի գրությամբ՝ փետրվարի 14-ին անկված կենդանիների ներքին օրգաններն ուղարկվել են լաբորատորիա՝ «դասական ժանտախտ» ինֆեկցիոն հիվանդության փորձաքննության կասկածանքով։

Մ. Մարկոսյանը պատմում է, որ փորձաքննության արդյունքներն իմանալու համար քանիցս զանագահարել է լաբորատորիա, բայց արձանգանք չի ստացել․ խոզերի անկումն էլ չի դադարել։

«Ո՛չ անալիզի պատասխան կա, ու անկումը շարունակվում է, ի՞նչ պետք էր անել, ես չէի հասկանում,-պատմում է  Մ. Մարկոսյան:- Տարբեր անասնաբույժները, որոնց հետ ես աշխատում եմ, բոլորն ասում են՝ անտիբիոտիկ բեր, սրսկում են, բայց օգուտ չկա»:

Ըստ Մ. Մարկոսյանի՝ մի քանի օր հետո ՍԱՊԾ մարզայինի բաժնի պետ Վասիլի Գալստյանն իրեն ասել է, որ «վերևից հրաման է եկել՝ պետք է խոզերին ոչնչացնեք»:

«Իմ դեմը զանգահարեց անասնաբույժների ղեկավարին՝ Հովհաննես Մկրտչյանին (անասնաբուժության տեսչության պետ, հեղ.), - պատմում է Մ. Մարկոսյանը,- նա ասեց, որ՝ չէ, պետք է ոչնչացնեք անպայման»:

Չունենալով փորձաքննության արդյունքներն ու որևէ պատճառ չիմանալով՝ Մ. Մարկոսյանը փետրվարի 20-ին սանիտարական հարկադիր սպանդ է իրականացրել։ Բայց ցանկանալով հասկանալ՝ այնուամենայնիվ, ինչն է խոզերի անկման պատճառը, անձամբ եկել է Երևան՝ «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիա։

Պարզվել է, որ փորձաքննության արդյունքերը պատրաստ են եղել դեռևս սպանդի նախօրեին՝ փետրվարի 19-ին, և դրանց համաձայն՝ խոզերի մոտ որևէ ինֆեկցիոն հիվանդություն չի եղել․ նրանք եղել են առողջ (արձանագրությունն ամբողջությամբ տես՝ այստեղ

Հասկանալու համար, թե ով պետք է պատասխանատվություն կրի խոզերին ոչնչացնելու համար և վնասը փոխհատուցի, Մ․ Մարկոսյանը Տավուշի մարզային տեսչությունից իրականացված գործողությունների վերաբերյալ ակտ է ուզել։ Ակտի մեջ նշված է եղել, որ տեսուչները կենդանիների ջերմությունն են չափել և կլինիկական այլ միջոցառումներ են իրականացրել, սակայն Մ․ Մարկոսյանը պնդում է, որ նրանք ոչինչ էլ չեն արել, նույնիսկ ջերմություն չեն չափել։ Սկզբում նա հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, սակայն փոխհատուցում ստանալու և գործին ընթացք տալու համար ակտն անհրաժեշտ էր, և նա ի վերջո ստորագրել է։

Դիմել է փոխհատուցման համար, սակայն իրեն մերժել են․ գյուղատնտեսության նախարարությունից ապրիլին հայտնել են, որ ըստ 2008թ. հունվարի 31-ի N82 որոշման՝ «հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը տրամադրվում է օժանդակություն՝ միայն լաբորատոր փորձաքննության դրական եզրակացության հիման վրա»։

Իրեն ասել են, որ կարող է կերից լինի, սակայն ըստ նրա՝ կերի փորձաքննությունը պատշաճ չի իրականացվել (որ օրվանն է, որ խմբաքանակն է, որտեղ է արտադրված, արտադրողն ով է և այլն), և եթե կերից լիներ, շատ կենդնանիներ անկում կունենային, քանի որ Հայաստանի տարբեր մարզերում շատերն են օգտագործում «Թոթլփիգ» կերերը («Արնդանե» ՍՊԸ, հեղ․)։

«Երբ որ ուղարկում են թուղթ, որ կերը հիվանդություն է տարածում, դա նշանակում է, որ կերի գործարանները միանգամից պետք է փակվեին, և կարանտին հայտարարեն»,- զարմանում է Մ․ Մարկոսյանը։

Այնինչ նման բան չի արվել, և ըստ Մարկոսյանի՝ Տավուշի մարզում մինչև օրս անկումները շարունակվում են (Աչաջուր, Գանձասար գյուղեր), և ոչ ոք դրանցով չի զբաղվում:

Մ․ Մարկոսյանն ասում է, որ եթե ժանտախտ էլ լիներ, ինքը քանիցս դիմել է պատասխանատու կառույցներին, որ գան խոզերին անհրաժեշտ պատվաստումներ անեն, սակայն իրեն ասել են, որ ՝ «չկա, չունենք պատվաստանյութ»։

«Երեք անգամ ես եմ խոսել հեռախոսով, երկու անգամ կինս անձամբ է եղել Երևանի լաբորատորիայում («ՀԱԲԼԾԿ», հեղ․),- հիշում է Մարկոսյանը։- Ե՛վ ինձ հեռախոսով, և՛ կնոջս ասել են՝ մենք ժանտախտ չենք կարող փորձաքննություն անել, որովհետև մենք չունենք այդ միջոցները»,- պատմում է նա։

 

ՍԱՊԾ․ ժանտախտի դեպքեր Հայաստանում չկան, խոզերին վերացրել են անձնական նախաձեռնությամբ

ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ Տավուշում կարող է ժանտախտի դեպք լինել, ինչպես նաև այն, որ մարզում կենդանիները չեն պատվաստվում։

«Պատվաստումներ արվում են,- ասում է նա։ -Խոզերին պատվաստում են միայն դասական ժանտախտի դեմ, այսինքն՝ պետպատվերի շրջանակներում։ Տնտեսվարողն ինքը՝ իր իսկ անասնաբույժի առաջարկությամբ պետք է կատարի կանխարգելիչ միջոցառումներ, իր միջոցներով, քանի որ, օրինակ, մենք այսօր ունենք 120 և ավելի հիվանդություններ, բայց պետությունը միայն 12 հիվանդության նկատմամբ է կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ իրականացնում»,-պարզաբանում է անասնաբուժության տեսչության պետը։

Ըստ նրա՝  թեև 2011թ.-ից ի վեր Հայաստանում «լաբորատոր ախտորոշված ժանտախտի հիվանդության որևիցե դեպք» չի եղել, սակայն եթե տնտեսվարողը չի ուզում վնաս ստանալ, պարտավոր է «իր հաշվին միջոցառումներ իրականացնել»։

Ինչ վերաբերում է Մ․ Մարկոսյանի խոզերին, ապա Հովհաննես Մկրտչյանն ասում է, որ նա խոզերին վերացրել է «անձնական նախաձեռնությամբ»։

«Ասել է ՝ ինչ անենք, ասել ենք՝ հիմա անկվածները պետք է թաղենք, հոգեվարքի մեջ են։ Այսինքն՝ ունեն բարձր ջերմություն, դող, և որ կենդանիներին բնորոշ է, որ շատ շուտով իրենք էլ կանկեն ու իր առաջարկությամբ՝ կենդանիներն անարյուն ճանապարհով շշմեցվել են, և անկվածների հետ նրանք էլ են վերացվել»,- ասում է Հ․ Մկրտչյանը։

Այն հարցին, որ ըստ Մ․ Մարկոսյանի՝ խոզերի ոչ մի զննում չի իրականացվել և տաքություն չի չափվել, Հ Մկրտչյանն ասաց, որ Մարկոսյանն արձանագրության մեջ ստորագրել է․

«Երբ որ արձանագրության մեջ գրված է, որ կենդանիների ջերմությունն այսքան է, ինքն այդ արձանագրության տակ ստորագրել է։ Թող բարի լիներ այդ մարդը, ստորագրություն չդներ, ասեր՝ նման բան չի եղել։ Մեր տեսուչներն արել են այն, ինչ պետք է անեին, և ինքը դրա տակ ստորագրել է»,-հայտնում է նա՝ նշելով, որ որևիցե բան չի եղել ի վնաս տնտեսվարողի, նրա նախաձեռնությամբ, նրա կանչով գնացել են, տեսել՝  «էդ վիճակն է»։

Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մեզ հետ զրույցում ֆմի կողմից հավաստիացնում էր, որ Մաթևոս Մարկոսյանը դիմել է իրենց, երբ «իր մոտ մնացել էին  0-4 ամսական գոճիներ, որոնք ապրանքային տեսք չունեն» և «խոզերի մոտ եղել է բարձր ջերմություն, այսինքն՝ բոլոր նշանները, որ հիվանդ են», ապա հայտում, որ չեն կարող ասել՝ անկման վերջնական պատճառը որն է, քանի որ Մարկոսյանն «իր նախաձեռնությամբ բոլոր խոզերին վերացրել է և խոզ չի թողել, որ պարզեն՝ «լավ, ինչից կարար լիներ»»։

«Մինչև փորձեցինք հասկանալ՝ էլ կենդանի չմնաց, էդ եղածի կեսն էլ սատկել էր, իր առաջարկությամբ հարկադիր ոչնչացվեցին, թաղվեցին, էլ ինչն ուսումնասիրեինք, երբ որ վերացել էր, ֆերման չկար արդեն»,- ասում է անասնաբուժության տեսչության պետը։

Անկման պատճառներն ըստ նրա, բազմաթիվ են՝ կերը, խնամքը, անտառային բաց միջավայրը, որտեղ հիվանդության տարբեր հարուցիչներ կարող են լինել, հատկապես՝ Տավուշի մարզում, որը բարձր ռիսկային գոտի ֆէ։ Սակայն նրա պնդմամբ՝ այս պահին Տավուշում բռնկումներ չկան։

«Ենթադրվում է, որ կերից կարող է լինել,- ասում է Հովհ․ Մկրտչյանը,- որովհետև կենդանիների ներքին օրգանների փորձաքննությամբ՝ որևիցե ինֆեկցիոն հիվանդության հարուցիչ չի հայտնաբերվել»՝ հավելելով, որ Տավուշի մարզում գյուղացիներից մեկը կերը փոխել է, և խնդիրը վերացել է։

Այն հարցին, որ խոզաբուծությունը մարզում տարածված է, և լավ կլիներ, որ անկման հստակ պատճառը պարզվեր, Հովհաննես Մկրտչյանը պատասխանեց․ «Ո՞վ է ասում, որ տարածված է, ես չէի ասի։ Ավելի շատ ոչխարաբուծությունն է տարածված»։

 

Փոխհատուցում՝ դատական ճանապարհով

Փոխհատուցում ստանալու համար, Մաթևոս Մարկոսյանն արդեն դիմել է դատարան և հունիսի 3-ին Վարչական դատարանում (դատավոր Մհեր Պետրոսյան)  նիստ է լինելու՝ ոչ իրավաչափ ճանաչելու ՍԱՊԾ աշխատակիցների գործողությունները: Մարկոսյանի փաստաբան Ժիրայր Սաֆարյանն ասում է, որ իրենք գործ ունեն պետության կողմից անձի սեփականության ուղղակի ապօրինի միջամտության հետ:

«Իրենց գործողություններն ապօրինի են, դա միանաշանակ է,- ասում է փաստաբանը,- բայց որպեսզի այդ ամեն ինչը հաստատվի, պետք է նախևառաջ վարչական դատավարության կարգով փորձենք պետական մարմնի գործողության ոչ իրավաչափությունը հաստատենք, դրանից հետո, արդեն համապատասխան հաշվարկների հիման վրա, նորից դիմենք վարչական դատարան և ապօրինի վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում պահանջենք պետությունից»:

«Միգուցե խոզերը եղել են հիվանդ, բայց պետությունը չի ցանկանում դրա մասին բարձրաձայնել, չի ցանկանում խոսել, չի ցանկանում խոստովանել,- նշում է Ժ․ Սաֆարյանը,- որովհետև եթե պետությունը ֆիքսեց, որ խոզերի մոտ իրականում եղել է որևէ վիրուսային հիվանդություն, պետք է ամբողջությամբ՝ 100%-ով փոխհատուցի»։

Ըստ նրա՝ ՍԱՊԾ-ում չեն խոստովանում, որ կա հիվանդություն, որ չփոխհատուցեն։ Հիմնական փաստարկն այն է, որ սպանդը եղել է «սեփական նախաձեռնությամբ»։

«Լավ, ասենք, Մաթևոս Մարկոսյանը որոշել էր իր բոլոր խոզերին ոչնչացնի՝ թաղելու եղանակով։ Կարող է խոզերի մոտ այնպիսի հիվանդություն էր, որ դրանք պետք է ոչ թե թաղվեին, այլ ասենք՝ այրվեին․ օրենքը ոչնչացման տարբեր եղանակներ է սահմանում»,- նշում է փաստաբանը՝ ավելացնելով, որ եթե նույնիսկ անձնական նախաձեռնությամբ լիներ, պետությունը պետք է շահագրգռված լիներ հիվանդության պատճառը բացահայտելու և կարանտին հայտարարելու համար։

Փաստաբանի կարծիքով, առանց բաց թողնված օգուտը հաշվելու (հղի խոզեր, ձագեր, սպասվելիք ծին, գնված կեր և այլն), Մ․ Մարկոսյանին պատճառված վնասը նվազագույնը մոտ 80 մլն ՀՀ դրամ է։

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։