ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Շահեն Հարությունյան. «Եթե համաներում լինի, հայրս ամեն ինչ կանի, որ դուրս չգա բանտից»



«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջ են, բացառությամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի: Շանթ Հարությունյանի պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերի 5-ին:

«Հայրս էլ, ես էլ վստահ ենք, որ օրինական պետություն, օրինական դատական համակարգ ունենալու պարագայում հայրս արդարացվելու է, - մեզ հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, իսկ եթե, այնուամենայնիվ, համաներում լինի, շարունակում է, - հայրս ամեն ինչ կանի, որ դուրս չգա բանտից: Այո՛, դա նրա սկզբունքներից է: Արդեն նրա 4-րդ կալանավորումն է՝ սկսած 19 տարեկանից խորհրդային բանտերից սկսած այլախոհական պայքարի համար: Ասում է՝ կամ կազատվեմ արդարացմամբ կամ կնստեմ, ինչքան պետք է»: Սակայն որևէ անգամ Շանթ Հարությունյանը այդպես էլ դեռ չի հասել արդարացման:  

Շանթ Հարությունյանը կարող էր դեռևս 2015-ից պայմանական վաղաժամկետ ազատվել, սակայն հրաժարվել է դատարան բողոքարկել: «Հորս առաջարկում են, բայց տարիներ շարունակ մերժում է, քանի որ նա, ինչպես և մենք վստահ ենք, որ նա չի կատարել որևէ հանցագործություն, որի համար պետք է բանտարկվի, դատապարտվի, դրանից հետո էլ համաներմամբ կամ վաղաժամկետ ազատմամբ դուրս գա»:

Շահենն ասում է, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են. «Այս գործը Սերժ Սարգսյանի հրահանգով էր, եթե ոչ ավելի բարձր ատյաններից: Դա պարզորոշ արտահայտվեց, երբ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում՝ Կոլումբիայի համալսարանում, խախտելով անմեղության կանխավարկածը, հայտարարեց, որ Շանթ Հարությունյանն ու ընկերնները հանցագործություն են կատարել: Սերժ Սարգսյանը զարմացավ՝ արդյոք «խուլիգաններին» Ամերիկայում քաղբանտարկյալ են համարում, թե ոչ: Սակայն դեռ դատավճիռ չկար: Ու մենք գիտենք, որ Հայաստանում չկա անկախ դատական համակարգ, որը կարողանար անտեսել Սերժ Սարգսյանի հայտարարությունը և ինքնուրույն արդար դատավճիռ կայացներ»:

Շահեն Հարությունյանը հիշեց 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին հետևած հայտնի «7-ի գործով» դատավարությունը, երբ Շանթը դարձյալ դատապարտվել էր, հետո՝ 2011-ին համաներում եղավ, բոլորը ազատվեցին, «իսկ հայրս չընդունեց համաներումը, նրան տարան հոգեբուժարան իր կամքին հակառակ: Գրեցին, որ առողջ է, սակայն մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել է աֆեկտի տակ: Եվ ազատ արձակեցին կրկին իր կամքին հակառակ»:

Շահեն Հարությունյանն այս ամսվա սկզբին է հանդիպել հորը՝ Շանթ Հարությունյանին. «Հայրս միշտ մարտական ու հեղափոխական է տրամադրված: Բնականաբար յուրաքանչյուր բանական մարդ ոգևորվում է, որ հնարավորություն է բացվում Հայաստանում դրական փոփոխություններ իրականացնելու համար»:

Այն, որ քաղբանտարկյալների ազատումը պետք է լինի օրինական լուծումներով, Շահենը համաձայն է. «Ես ինքս հարց չեմ բարձրացրել, օրինակ, իմ հորը ազատել անօրինական միջոցներով, քանի որ ինքս պայքարում եմ օրինականության համար»:

Հարությունյան գերդաստանը դեռևս նախորդ դարից պայքարել է ազատության համար: ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Շահեն Հարությունյանը վստահ է, որ իր որդին ու թոռն էլ են պայքարելու հանուն լավ պետության: «Ես ուզում եմ պետություն ունենալ, որտեղ քաղաքացիները կառաջնորդվեն ազատությամբ, հայրենասիրությամբ, եղբայրությամբ: Ես ցանկանում եմ մի պետություն, որտեղ մարդկային հարաբերություններում կարժևորվի ազնվությունը, արժանապատվությունը և բարոյականությունը: Ճշմարտությունը կլինի բացարձակ արժեք, իսկ ղեկավարությունը կառաջնորդվի երկրի շահերի համապատասխան և տուրք չի տա ոչ մի ուժային կենտրոնների որոշումների»:

Նշենք, որ օրեր առաջ ազատվեցին այդ գործով 2013-ին 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանն և Վարդան Վարդանյանը: Նրանց նախ տրվել է 1-ամսյա արձակուրդ, ըստ քրեակատարողական օրենսգրքի, այնուհետև կսահմանվի բաց ռեժիմի բանտային կարգ: Սա նշանակում է, որ 1 ամիս անց Լիպարիտ Պետրոսյանն և Վարդան Վարդանյանն առավոտյան դուրս կգան ՔԿՀ-ից աշխատանքի և երեկոյան կվերադառնան ՔԿՀ:

Մինչ այդ պայմանական վաղաժամկետ ազատվել էր նույն գործով ամենախիստ պատժին դատապարտված Վահե Մկրտչյանը:  

Հիշեցնենք, որ քաղաքական-հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել։ Սակայն Մաշտոցի պողոտայում տեղի էին ունեցել բախումներ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, ձերբակալվել 14-ին: Նրանց առաջադրվել էր խուլիգանության մեղադրանք: 12 քաղաքացի դատապարտվել էին 1,6 -7 տարվա ազատազրկման, իսկ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը` 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Շանթ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) և դատապարտվել 6 տարվա ազատազրկման:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Լուսիկ13:11 - 22 մայիսի, 2018
Հարգում եմ Շանթ Հարությունյանի դիրքորոշումը: Վստահ եմ, որ բանտից ազատվելուց հետո նա դիմելու է դատարան արդարացման պահանջով և, անկասկած, կհաղթի: Իմ կարծիքով օր առաջ բանտից դուրս գալով, նա կխնայի իր առողջությունը և կօգնի պայքարել այս ոչ հանձնված դատաիրավական համակարգի դեմ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված