Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի

Երեւանի քաղաքապետը խուսանավելու տեղ չունի



«Հետաքննող լրագրողների»' Երեւանի քաղաքապետարանից փաստաթղթեր ստանալու ոդիսականն արդեն ծանոթ է մեր ընթերցողներին: 2003 թվականից սկսած' կազմակերպությունը քաղաքապետ Երվանդ Զախարյանից պահանջում է Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի հանրային այգու տարածքների հողահատկացումների մասին որոշումները: Մեկ տարի ընթացող վիճաբանությունը Հայաստանի բոլոր դատական ատյաններում, ի վերջո, դրական արդյունք է տվել:

2004թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը բեկանել էր վերաքննիչ դատարանի վճիռը, որով մերժվել էր կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի' քաղաքապետի անգործությունը վիճարկելու մասին վերաքննիչ բողոքը, եւ գործն ուղարկել նույն դատարան' այլ կազով նոր քննության:

Դատավոր Վ. Ավանեսյանի նախագահությամբ' վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 1-ին նոր քննության արդյունքում բավարարեց լրագրողների հայցը եւ Երեւանի քաղաքապետարանին պարտավորեցրեց տրամադրել նշված տարածքների մասին կայացված որոշումները:

Չհաշտվելով պարտության հետ' քաղաքապետարանը վճռաբեկ բողոք ներկայացրեց ՀՀ վճռաբեկ դատարան:

2005թ. փետրվարի 10-ին Վճռաբեկ դատարանը, մնալով իր կարծիքին, վերաքննիչ դատարանի վճիռը թողեց անփոփոխ: Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանը պարտավորվում է «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել նախկին քաղաքապետերի' 1997-2003թթ. բոլոր որոշումները, որոնք վերաբերում են Օպերայի հանրային այգու տարածքների հողահատկացումներին: Դատարանների վճիռները բողոքարկելու' Երեւանի քաղաքապետարանի բոլոր հնարավորություններն այլեւս սպառվել են:

Մեր պահանջած որոշումները կամավոր չտրամադրելու դեպքում քաղաքապետարանին դա կպարտավորեցնի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ), որի որոշումները չկատարելու համար «ԴԱՀԿ մասին» օրենքը նախատեսում է տուգանք' նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով (100.000 դրամ): Դատական ակտը չկատարելն առաջացնում է նաեւ քրեական պատասխանատվություն: ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածով ոչ միայն ավելի մեծ տուգանք է սահմանվում, այլեւ կալանք' մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկում' առավելագույնը երկու տարի ժամկետով:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված