Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի

Զինծառայողների՝ սննդով պայմանավորված հիվանդությունները հում կաթի և պանրի օգտագործումից են



Վերջերս «Հետք»-ը հոդված էր հրապարակել աղիքային սուր հիվանդությունների մասին, որտեղ ներկայացրել էինք, որ դրանց կեսից ավելին պայմանավորված է սննդային գործոնով։

Այս անգամ ուսումնասիրել ենք նաև զինծառայողների շրջանում՝ սննդով պայմանավորված հիվանդությունների դեպքերը։ Պարզվել է, որ դրանց մեծամասնությունը պայմանավորված է հում կաթի, ինչպես նաև՝ ոչ գործարանային պայմաններում արտադրված պանրի օգտագործումից։

 

Պաշտպանության նախարարության՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկությունների համաձայն 2016-2018թթ․ մարտն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է բրուցելոզի 30 դեպք, որից 2-ը՝ սուր, իսկ 28-ը՝ քրոնիկ։

Նույն ժամանակահատվածում՝ ՊՆ-ն արձանագրել է բրուցելոզով հիվանդների ընդամենը 3 դեպք նորակոչիկների շրջանում։

«Բրուցելոզվարակիչ հիվանդություն, մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Բնորոշ են երկարատև ընթացքը, նյարդայինսիրտանոթային, ինչպես նաև ոսկրահոդային համակարգերի ախտահարումները»։

Սուր դեպքերից մեկն արձանագրվել է պայմանագրային զինծառայողի, մյուսը ՝ սպայի մոտ։

2016-2018թթ մարտին զինված ուժերի անձնակազմի շրջանում սննդային թունավորումների խմբակային դեպքեր կամ սննդով պայմանավորված վարակիչ հիվանդություններ չեն արձանագրվել։

 

Հիվանդությունների հիմնական պատճառները

Որպես հիվանդության հիմնական պատճառ՝ պաշտպանության նախարարությունը նշում է կաթնամթերքը, մասնավորապես՝ հում կաթի, ինչպես նաև՝ ոչ գործարանային պայմաններում արտադրված պանրի օգտագործումը, որոնք բերել են զինծառայողների հարազատները։

«Բոլորը դեպքերը պայմանավորված են եղել տնային պայմաններում պատրաստած և ծնողների այցելությունների ժամանակ տնից բերված կամ տան պայմաններում օգտագործված սննդամթերքի հետ»,- մեզ պարզաբանել են ՊՆ-ից։

Առողջապահության նախարարությունը ևս «Հետք»-ին հայտնել էր, որ աղիքային հիվանդությունների համաճարակաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ դրանց հիմնական պատճառը սննդակարգում ՝ կենդանիներից ստացված կաթի, կաթնամթերքի օգտագործումն է, ինչպես նաև՝ հիվանդ կենդանիների հետ շփումը:

 

Բանակի սննդամթերքի յուրաքանչյուր խմբաքանակ փորձաքննվում է



Սննդի յուրաքանչյուր խմբաքանակ, ըստ պաշտպանության նախարարության, փորձաքննության է ենթարկվում՝ նախքան զինվորի սեղանին հասնելը։ ՊՆ-ն ունի համապատասխան լաբորատորիա, որտեղ սննդամթերքը ենթարկվում է փորձաքննության։

Բացի այդ, ըստ ՊՆ-ի, բոլոր զորամասերում նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին մատուցվող պատրաստի սննդի որակական հատկանիշները ստուգվում են զորամասի հերթապահ բուժանձնակազմի և զորամասերի հերթապահների կողմից:

Մատակարարված սննդատեսակի այն խմբաքանակները, որտեղ փորձաքննության արդյունքում խախտումներ կամ նորմայից շեղումներ են արձանագրվում, ճանաչվում են ոչ պիտանի և հետ են ուղարկվում՝ համապատասխան արձանագրությամբ՝ մատակարարի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Նախարարությունը նաև հայտնում է, որ իրենք պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում՝ ԶՈՒ թիկունքի վարչության, ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի, ինչպես նաև՝ համապատասխան հսկողություն իրականացնող ծառայությունների միջոցով։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված