Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Զինվորը չի կարողանում հանգիստ քնել. պլաստիկ վիրահատության կարիք կա



Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, ազատամարտիկ, մահապարտների ջոկատից 2-րդ կարգի հաշմանդամ Հովիկ Մուրադյանն  անհանգստացած է որդու՝ 1998 թվականին ծնված, ժամկետային զինծառայող՝ Սամվել Մուրադյանի առողջական վիճակով: Հայրը պատմեց, որ տղան դժվարությամբ է քթով շնչում, չի կարողանում հանգիստ քնել, թարախային արտադրություն կա:

Սամվելն ունի քթի միջնապատի թեքություն. «Պլաստիկ վիրահատության կարիք կա, բայց Երևանի զինվորական հոսպիտալի ուղեգիր չեն տալիս»,- ասում է Հովիկ Մուրադյանը, ով որդու խնդրի մասին ազատամարտիկ ընկերոջ միջոցով նախ ահազանգել էր «Մայր Մանե» ՀԿ, կազմակերպությունն էլ դիմել էր «Հետք»-ին :

Այժմ զինվոր Սամվելը գտնվում է Վանաձորի N զորամասում: Ծառայության ընթացքում մի քանի անգամ եղել է Վանաձորի զինվորական հոսպիտալում, վերջին անգամ 15 օր է բուժվել Վանաձորի հոսպիտալում, մաքրել են թարախային արտադրությունը, բուժման կուրս անցկացրել:

Սամվելի հոր պատմելով՝ տղան դեռ մինչև բանակ զորակոչվելը մեկ անգամ քթի վիրահատություն է տարել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն շնչառական խնդիրները չեն վերացել: Սամվելն արդեն երկու ձմեռ է անցկացրել զորամասում: «Հենց էդ ամիսներին թարախային արտադրություն ա գալիս քթից, բերանից»,- ահազանգում է զինվորի հայրը:

Հովիկ Մուրադյանն ասում է, որ Վանաձորի հոսպիտալի տնօրենին մի քանի անգամ խնդրել է ուղեգիր տալ, որպեսզի որդուն տեղափոխեն Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ և կանեն պլաստիկ վիրահատությունը. «Միջնապատի թեքությունը պիտի ուղղվի»: Սակայն Երևան չի ուղեգրվել զինվորը:

Երեք ամսից Սամվել Մուրադյանի ծառայությունն ավարտվում է: Հայրը մտավախություն ունի, որ պարզապես չեն ուզում պլաստիկ վիրահատություն անել, քանի որ թանկ վիրահատություն է. «Պետությունը երևի չի ուզում զինվորի վրա էդքան գումարներ ծախսի»,- մտահոգված է Հովիկը:

Մենք խոսեցինք Վանաձորի զինվորական հոսպիտալի տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի հետ, ով պարզաբանեց՝ իրենց հոսպիտալում պլաստիկ վիրահատություն չեն անում. «Իսկ Երևան ուղարկելը խնդիր չէ: Հենց հիմա կզանգեմ, տոները անցնեն կբերեմ, կուղարկեմ Երևան»,- ասաց Վանաձորի հոսպիտալի տնօրենը: Այնուհետև 2 րոպե անց Գագիկ Մարտիրոսյանը զանգահարեց ու ասաց, որ ամեն բան կազմակերպել է՝ այս շաբաթ զինվորին կուղարկեն մայրաքաղաքի հոսպիտալ:

Լուսանկարում՝ հայր և որդի Մուրադյաններն են


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վալյա19:35 - 7 մայիսի, 2018
Ասեմ,որ Երևանի հոսպիտալում ևս քթի պլաստիկ վիրահատություն չեն անում..միայն միջնապատի վիրահատություն են անում: Տղաս նոր է վիրահատվել և վերադարձել ծառայության:Հրաժարվեցին պլաստիկան էլ հետը անել: Բայց հոյակապ մասնագետներ են աշխատում ԼՈՌ բաժանմունքում:Շնորհակալություն բուժանձնակազմին
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված