ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Իրավապաշտպան Նինա Կարապետյանց. «Նոր իշխանության օրոք ուշի ուշով հետևելու ենք, որ չլինեն քաղաքական բանտարկյալներ»



Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը երազում է այն օրվա մասին, երբ իրավապաշտպանները կմնան առանց ռեալ աշխատանքի կամ զբաղվեն այնպիսի խնդիրներով, ինչպիսիք հուզում են, օրինակ, Նորվեգիայի իրավապաշտպաններին՝ բնություն, կենդանիներ, «ինչն իրականում շատ կարևոր է, բայց ոչ այն խնդիրներով, ինչով մենք ենք զբաղվում երկար տարիներ՝ մարդկանց հիմնարար իրավունքների համատարած ու կոպիտ խախտումներ՝ քաղաքական հետապնդումներ, խոշտանգում, բռնություն, անմարդկային վերաբերմունք»:

Մարդկանց խախտված իրավունքները պետք է վերականգնվեն դատարանում, որտեղ պիտի բացառապես արդարադատություն իրականացվի: Բայց իրավապաշտպանը ցավով է արձանագրում, որ երկար տարիներ խտրական վերաբերմունք է տեսել դատարաններում՝ եղել են յուրայիններ ու ոչ յուրայիններ, քաղաքական պատվերներ, հետապնդումներ, վրեժխնդրություն, անպատժելիություն: Փաստաբան, իրավապաշտպան Կարապետյանցի կարծիքով, այդ ամենը մեր պետության զարգացման հարցում ունեցել է խիստ բացասական հետևանք՝ տնտեսականից մինչև քաղաքական բանտարկյալներ:

Սակայն հիմա մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Նինա Կարապետյանցը հավատում է, որ դատարանները ևս կաշկանդված են լինելու հասարակության պահանջատիրության ներքո, «իսկ հասարակությունը պետք է պահանջի բացառապես արդարադատություն»:

Փաստաբան Կարապետյանցը հիշում է, որ տարիներ շարունակ մարդիկ փոքր ու մեծ խմբերով միշտ էլ պայքարել են փողոցում, ձայն բարձրացրել: Եղել են դեպքեր, երբ անգամ լրագրողներն ու ոստիկանները ակցիայի մասնակիցներից շատ են եղել, «բայց դրանք՝ բոլորն էլ, հետք են թողել յուրաքանչյուրի սրտում ու մտքում: Չկա Հայաստանում այնպիսի մարդ, ում վրա, օրինակ, ծանր հետք չի թողել սևազգեստ մայրերին բռնության ենթարկելը, ապրիլյան պատերազմն ու դրանից հետո բացահայտված կոռուպցիոն ռիսկերը, բռնությունը խաղաղ ցուցարարների հանդեպ: Դեպքերն այնքան շատ են: Ու եկավ այն սերունդը, որը չէր մնացել սովետական կլիշեների տակ: Արդյունքում ունեցանք համաժողովրդական շարժումը»,-ասում է իրավապաշտպանը:

Նա հավատում է, որ թավշյա հեղափոխության արդյունքում առաջին ու ամենակարևոր փոփոխությունն արդեն արվել է մարդկանց գիտակցության փոփոխության տեսքով. «Մարդիկ հասկացան իրենց արժանապատվության, իրավունքի ու պարտականության գինը: Հիմա՝ որպես իրավապաշտպաններ, մենք պետք է կարողանանք պաշտպանել այն գիտակցությունը, որի կրողն արդեն մեր երիտասարդներն են»:

Նինա Կարապետյանցը գտնում է, որ պակաս կարևոր չէ իշխանության ղեկին գտնվողների  գիտակցության փոփոխությունը: «Նրանք պետք է գիտակցեն, որ ժողովուրդը միշտ պատրաստ է լինելու ըմբոստանալու, եթե անօրինականություն նկատի: Մենք՝ որպես իրավապաշտպան կազմակերպություն ուշի ուշով հետևելու ենք, որ նոր իշխանության օրոք չլինեն քաղաքական բանտարկյալներ: Դա լինելու է մեր թիվ մեկ գործառույթը: Իսկ այսօրվա քաղաքական բանտարկյալների ազատումը պետք է սկսվի բացառապես օրինական հիմքերով»:

Ըստ իրավապաշտպանի, «հրաշալի է, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է՝ վենդենտա չի լինելու, քանի որ տարիներ շարունակ մենք տեսել ենք քաղաքական վենդենտաներ, բայց գիտեք նաև՝ իշխանությունը մարդկանց փոխում է, ես դրանից եմ վախենում»: Սակայն Նինա Կարապետյանցը հույս ունի, որ իշխանություն ստանալով՝ Նիկոլ Փաշինյանը չի փոխվի:

Նինա Կարապետյանցը հավատում է՝ դրական փոփոխությունները սարերի հետևում չեն. հասարակության ու իշխանության երկխոսությունը պիտի անընդհատ լինի: Փաստաբան-իրավապաշտպանը նաև գիտակցում է՝ տարիներով կուտակված խնդիրները անհնար է մի քանի ամսում լուծել: «Բայց կլինեն, կարծում եմ, քննարկումներ, որտեղ մեր ձայնը լսելի կլինի»: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված