Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

«Կպատրաստվենք վարչապետի ընտրություններին». Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վաղը դադարեցնել անհնազանդության գործողությունները



Երեկ ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության ձախողումից հետո այսօր առավել մեծ թափով սկսվեցին քաղաքացիական անհնազանդության գործողությունները մայրաքաղաքում եւ մարզերում: Հաղորդակցության բոլոր ուղիները փակված էին, մեծաթիվ պետական եւ մասնավոր հաստատություններում գործադուլ եւ դասադուլ էր: Այս պայմաններում ՀՀԿ խմբակցությունը ԱԺ-ում նիստ գումարեց եւ հայտարարեց, որ ՀՀԿ-ն մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու եւ սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին:  

Լրագրողների հարցին՝ կո՞ղմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանին, խմբակցության ղեկավար Բաղդասարյանը պատասխանել էր, որ քվեարկելու են մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուի օգտին՝ այդպես էլ չտալով Փաշինյանի անունը:

Հանրապետության հրապարակում հավաքվածները ՀՀԿ այս հայտարարությունն ընդունեցին ցնծություններով: «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին ասաց, որ ելույթի մանրամասն տեքստ էր պատրաստել, սակայն արագ զարգացող իրադարձությունների եւ մասնավորապես ՀՀԿ հայտարարության համատեքստում այն ժամանակավրեպ է: Նա փորձեց վերլուծել երեկ ԱԺ-ոիմ տեղի ունեցածը եւ ասաց, որ ՀՀԿ պահվածքն ուներ 3 հիմնական նպատակ`

  1. Հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում չգիտեմ ինչ է տեղի ունենալու, դրա համար Հանրային հեռուստաընկերությամբ ուղիղ հեռարձակում էին, եւ ժողովուրդը միանգամից փոխելու է տեսակետը իմ եւ շարժման մասին: Դա չաշխատեց:
  2. Հույս ունեին, որ իրենց պահվածքով կբարկացնեն, կբորբոքեն ժողովրդին եւ այդ ֆոնի վրա սադրանքներ կազմակերպել: Դա նույնպես չաշխատեց:
  3. Հույս ունեին, որ իբր իրենք խրոխտ կանգնում են, եւ ժողովուրդը կհուսահատվի եւ հանրահավաքի մասնակիցների թիվը կնվազի:

Բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, Փաշինյանի խոսքով` աննախադեպ էր: «Հանրապետությունում չի եղել ոչ մի բաց ճանապարհ: Զանգում էին գյուղապետեր եւ ասում, որ 8:15 ճանապարհները փակել են: Առավոտյան Թումանյան փողոցը փակվել է չինացի զբոսաշրջիկների կողմից, որոնք պահանջել են ժողովրդի թեկնածուին ընտրել ՀՀ վարչապետ: Սա աննախադեպ մասշտաբ է»,- ասաց Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունները կապահովեն պատգամավորների թվի 1/3-րդի` այսինքն` 35 հոգու ստորագրությունները` իր թեկնածությունն առաջադրելու համար: Իսկ հաշվի առնելով ՀՀԿ խմբակցության հայտարարությունը ընտրություններին ժողովրդի թեկնածուին աջակցելու մասին` կարելի է ասել, որ վարչապետի ընտրությունների 2-րդ փուլում իր ընտրության խնդիրը գործնականում լուծված է: «Բայց սրանք բանավոր հայտարարություններ են եւ անհրաժեշտ է վաղը այս կապակցությամբ պատրաստել համապատասխան փաստաթղթերի փաթեթ եւ ավելի մանրամասն տեղեկանալ ՀՀԿ-ի դիրքորոշմանը»,- հայտարարեց շարժման առաջնորդը:

Նա առաջարկեց վաղը ոչ մի ակցիա չիրականացնել եւ հանգստանալ: Իսկ իրենք ԱԺ-ում կաշխատեն եւ կփորձեն հավաստիանալ, որ այդ քաղաքական հայտարարությունները, մասնավորապես ՀՀԿ-ինը, հիմնավոր է:

Դասադուլ անողներին նա հորդորեց վաղը գնալ դասի: «Հետեւեք իմ ֆեյսբուքյան էջին, տեղյակ կպահենք, թե ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ նորմալ գնա, կպատրաստվենք ընտրությունների: Իսկ ընտրության օրը կհավաքվենք արդեն ոչ թե 250, այլ 500 հազարով: Կեցցե´ աշխարհի ամենահզոր քաղաքացին, կեցցե´ ՀՀ-ն` աշխարհի ամենասիրուն հանրապետությունը, կեցցե´ ԼՂՀ-ն, որ, ի վերջո, դառնալու է ՀՀ անբաժանելի մաս: Հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- այս խոսքերով իր ելույթն ավարտեց Նիկոլ Փաշինյանը:      

    


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված