Կիրակի, 21 հուլիսի

Նիկոլ Փաշինյան. «Կա չափազանց մեծ հավանակություն, որ ՀՀԿ անդամների առնվազն մի մասը նույնպես կքվեարկի ժողովրդի թեկնածուի օգտին»



Մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի թեկնածուի առաջադրման եւ քվեարկության նպատակով գումարվելիք նիստից առաջ «Իմ քայլը» շարժման անդամները ապրիլի 29-ին Երեւանում եւ մարզերում իրականացրին քաղաքացիական անհնազանդության վերջին գործողությունները: Ժամը 19-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդները ներկայացրին օրվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումները եւ խոսեցին վաղվա անելիքների մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ, Երեւանի ավագանու անդամ Էդուարդ Աղաջանյանի խոսքով` վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ հնարավորություն է լինելու, անկախ կուսակցական պատկանելությունից, կատարել իրոք ազատ եւ անկախ ընտրություն: Շարժման անվան հետ կապվող հակառուսական տրամադրությունների, մայդանի հետ համեմատությունների առնչությամբ նա ասաց, որ եթե նախկին իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով կարող էին առաջանալ հակառուսական տրամադրություններ, ապա ժողովրդի իշխանությունում դա բացառվում է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ իրենք քաղաքական վենդետաներով չեն զբաղվելու, բայց եթե որեւէ մեկը համարձակվի օրենք խախտել, կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

ՔՊ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը կրկնեց շարժման միակ նպատակը` սեղմ ժամկետներում կազմակերպել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ:

Արդեն մի քանի օր շարժմանը միացած կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը խոսք ուղղեց ԱԺ-ում ներկայացված կուսակցություններին. «Սերժ Սարգսյանը հեռացավ եւ շատ լավ արեց, բայց մի բան ասեց, որն ինձ շատ զարմացրեց` ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր: Հետեւաբար, ամեն ՀՀԿ-ական պետք է հարգի իր լիդերի խոսքը եւ հետեւի նրա խոսքին»:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեց. «Այն, ինչ մենք արեցինք, մի մեծ խենթություն էր, երազանք, բայց ողջ մարդկության բոլոր զարգացումները պայմանավորված են եղել խենթություններով ու երազանքներով: Հինը խոչընդոտում է երազանքին, եւ այդպես էր նաեւ մեզ մոտ: Հինը սկսում էր վնասել մեր պետականությանը: Հենց դա նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ առաջարկում էր իր թեկնածությունը ժամանակավոր կառավարության համար: Սրտանց ողջունում եմ ԱԺ բոլոր քաղաքական ուժերի խոհեմությունը եւ պատրաստակամությունը քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին: Մենք գնալու ենք համերաշխության եւ միաբանության ճանապարհով, դա է մեր երկրի զարգացման միակ ճանապարհը»: Ըստ նրա` բազմաթիվ լավ մասնագետներ կան ստորին, միջին, բարձր օղակներում, եւ նրանք պետք է շարունակեն ծառայել ՀՀ-ին: Փաշինյանի թիմը նրա ընտրության դեպքում պատրաստվում է ներգրավել նոր մասնագետներ թե´ ներսից, թե´ դրսից, ստեղծելու է խումբ եւ ընդունելու է առաջարկներ Հայաստանի զարգացման վերաբերյալ: «Մենք ապահովելու ենք այդ պրոցեսի քաղաքական առաջնորդությունը, ցուցաբերելու ենք քաղաքական կամք` կերտելու մեր երազանքների Հայաստանը: Շարունակելու ենք խենթ լինել եւ երազել»,- խոսքն ավարտեց պատգամավորը:  

Նիկոլ Փաշինյանը, որի ելույթով միշտ ավարտվում է հանրահավաքը, ասաց, որ վերջին երկու օրերին ՀՀ քաղաքացիների հետ հաջողվեց բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում. «Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ օրը դեպի Գյումրի ավտոերթի ընթացքում, իսկ երեկ դեպի Իջեւան եւ Վանաձոր ավտոերթի ընթացքում, ակնհայտ դարձրեց, որ ՀՀ-ում թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակն անշրջելի է»: Նա տեղեկացրեց, որ ԱԺ 3 խմբակցություններ` ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան դաշինք» հայտարարել են, որ մայիսի 1-ին քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին: «Հանրապետական խմբակցությունը որոշել է ընդհանրապես չառաջադրել, ինչը նշանակում է, որ կա չափազանց մեծ հավանակություն, որ նրանց անդամների առնվազն մի մասը նույնպես կքվեարկի ժողովրդի թեկնածուի օգտին»,- ասաց Ն. Փաշինյանը:

Անդրադառնալով տարիներ շարունակ Հայաստանի միջազգային վարկը բարձրացնելու նպատակով իրականացվող ծրագրերին, ծախսվող բյուջետային միջոցներին` նա նշեց, որ միջազգային մամուլում Հայաստանի անունը այնքան չի արծարծվել, որքան վերջին 15 օրերին, եւ միայն դրական լույսքի ներքո: «Բոլորը գրում են այն մասին, թե ինչպես այս փոքրիկ երկրում հնարավոր եղավ կազմակերպել այս ողջ գործընթացը առանց մի կրակոցի, առանց մի կաթիլ արյան: Բայց այս պատմությունը դեռ չի ավարտվել, եւ մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը ու պիտի լինենք շատ ավելի կարգապահ: Սա պետք է լինի օրինականության, սիրո, հանդուրժողականության, ապագայի հաղթանակը»,- ասաց շարժման առաջնորդը:

Հանրահավաքի մասնակիցներին նա հայտնեց, որ այսօր շատ արդյունավետ եւ ջերմ հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ եւ բաժանվել են որպես բարեկամներ` արձանագրելով, որ այս գործընթացը հայ-ռուսական հարաբերություններին ոչ միայն չի սպառնում, այլ ապագայում այդ հարաբերությունները խորանալու են: «Զարգացնելու ենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով` ԵՄ, Չինաստան, ԱՄՆ, Վրաստան, Իրան: Դրա համար կան բոլոր նախադրյալները` վերջին օրերին դուք բոլորդ ՀՀ կշիռը, հեղինակությունը կրկնապատկել եք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:   

Վաղը` ապրիլի 30-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ բոլոր խմբակցությունների հետ: Այդ պատճառով քաղաքացիական անհնազանդության գործողությունները դադարեցվում են: «Որպեսզի օրվա վերջին կարողանամ ձեզ տեղեկություն տալ, որ ձեր թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին երաշխավորված է»,- ասաց Փաշինյանը եւ հորդորեց դադարեցնել ՀՀԿ պատգամավորներին ուղղված հեռախոսազանգերը եւ նամակները:

Ժամը 17-ին Գարեգին Նժդեհի հրապարակից Նիկոլ Փաշինյանը շարժման անդամների հետ երթով կգա Հանրապետության հրապարակ, որտեղ էլ կներկայացնի բանակցությունների արդյունքները: «Անկախ ամեն ինչից` մայիսի 1-ին բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում ժամը 8-ին: Իսկ թե այդ օրը որտեղ ու ոնց կանցկացնենք ` կախված կլինի իրավիճակից: Ես ուզում եմ հստակ պատասխանել ՀՀ օդում կախված մի հարցի, ուզում եմ ուղիղ, շատ հստակ, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով, ամենայն վստահությամբ հայտարարել, որ այո´, պատրաստ եմ պատասխանատու ձեւով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, որովետեւ ծառայում եմ Հայաստանի ժողովրդին, ծառայում եմ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությանը»,- իր խոսքը եզրափակեց «Իմ քայլը» շարժման առաջնորդը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. preston bagrationi19:30 - 30 ապրիլի, 2018
Ignorance is bliss, but Not in the case of our small landlocked and friendless mother Armenia. A look at the faces of these ladies tell all. They erroneously assume that once Pashinyan becomes prime minister, they will have ample jobs, new houses and lots of fun times on their hands driving their new cars to lake Sevan. Boy they will be in a monumental shock. 99.99% of crooked oligarchs, business people and the rest of the underworld, have switched allegiances OVERNIGHT, and if these poor naive compatriots believe that Pashinyan will be dismantle the "economic status quo" of the country, they are simply having sad illusions and in some extreme case, hallucinations. If Pashinyan, who I supported initially, invites other candidates from Other parties for the PM job, then I still will have some hope left for a democratic Armenia. But if he acts rash and dictatorial, we will chase him out of Armenia. Let us see how he will deal with the crooked oligarchs and greedy business people. If he is able to beat them All, then he will go down in history as a great leader. But if he is in cahoots with these oligarchs and business people sucking the life out of Armenia, then we Will throw Pashinyan out of the window, instead of the front door. Long live Armenia. Remember. Without Artsakh, Armenia will fall. Anyone who SELLS Artsakh will face judgement....remember Operation Nemesis? Turncoats, traitors, spies and the like will face judgement.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված