Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

«Մեր պայքարը գաղափարի համար է, վարչախմբինը՝ նյութի»,- կալանավորված Տիգրան Մազմանյանի հայր



«Մերը գաղափարի պայքար է, իրենցը՝ նյութի»

Հանրային ռադիոյի շենք մտնելու համար կալանավորված ակտիվիստ, 23-ամյա Տիգրան Մազմանյանը ծնվել է ազատամարտիկների ընտանիքում. թե՛ մայրը՝ Արփինե Հարությունյանը, թե՛ հայրը՝ Մհեր Մազմանյանը, մասնակցել են Արցախյան պատերազմին Սյունիքի աշխարհազորի կազմում։ 

Արփինեն ու Մհերը նախ գաղափարական ընկերներ են եղել՝ ԱԻՄ-ի անդամներ. «Պատերազմն է մեզ միավորել: Տիգրանը մեզանից ժառանգել է իր տեսակը ու մեծացել հայրենիք սիրելու, պաշտպանելու արժեքներով»,- ասում է մայրը՝ Արփինեն: Նա Արցախյան պատերազմին մասնակցել է 18 տարեկանից, պատմում է, որ մահը ամեն անգամ մոտ հեռավորությունից է տեսել, պատերազմի դաշտում կորցրել զինակից ընկերուհիներին:

Տիգրանը ծնվել է հրադադարից հետո, մոր պատմելով՝ անընդհատ սնվել է հայրենիքի պաշտպանության գաղափարներով:

Տիգրանի հայրը՝ Մհեր Մազմանյանը, Սպիտակից է: «Ես որոշել էի պատերազմից հետո մնալ ու ապրել Բերձորում, շատ երեխաներ ունենալ՝ իմ բոլոր ընկերների անունով»: Հիմա Տիգրանը 4 եղբայր ու 3 քույր ունի:

Մայրը նկարագրում է որդուն՝ որպես պայքարող, արժանապատիվ քաղաքացի ու զավակ: Տիգրանն ապագա տնտեսագետ է, նաև լրագրությամբ է զբաղվում: Ժամկետային ծառայությունն անցնելուց հետո որպես պայմանագրային զինծառայող ծառայության է անցել խաղաղապահ զորքերում, ապա հեռացվել.  «Դա ճնշման հետևանք էր: Սեյրան Օհանյանի հետ էլ եմ անձամբ զրուցել էդ թեմայով: Ասել եմ, որ Տիգրանը անտարբեր չի իր երկրի խնդիրների հանդեպ ու սոցիալական անձնական էջում գրում է էդ մասին»,- ասաց Տիգրանի հայրը՝ Մհեր Մազմանյանը:

Տիգրանի ծնողներին հանդիպեցի, երբ վերադառնում էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. որդուն հասցրել էին առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ: Մհեր Մազմանյանն՝ ինքը երկու ամիս եղել է նույն բանտում 2016-ին: Նա մեղադրվում էր «Սասնա Ծռերի» գործողություններին օժանդակելու մեջ: 65 օր անց փոխվել է խափանման միջոց կալանքը: «Իմ ազատամարտի ընկերների 80 տոկոսը բանտերում է»,- ասում է Մհեր Մազմանյանը, ով պայքարել է դեռևս 2012-ին ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար:

Այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը առաջ է քաշել Համազգային ազատամարտի հիմնադրամի ստեղծման գաղափարը և խոսել այն ստեղծելու համար անհրաժեշտ գումարների մասին, որոնք պետք է գոյանային հանքարդյունաբերության գումարներից: Պատմում է, որ հենց այդ ժամանակվանից սկսած ճնշումներ են սկսվել իր նկատմամբ: Այնուհետև վերադարձել է Բերձոր, անցել աշխատանքի:  

Այն, ինչ կա հիմա, Մհեր Մազմանյանի կարծիքով, ինքնանպատակ ու ինքնաշահ կառավարում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից իշխանությունը հեռացավ ժողովրդից, առաջացան Շմայսներ, Մանվելներ... ու եթե խնդիր ես բարձրաձայնում, փոխանակ վերլուծեն խնդրի պատճառը ու վերացնեն, ընդհակառակը` դիտում են թշնամություն: Ա՛յ, դա բերեց ընդվզման: Բայց մերը գաղափարի պայքար է, իրենցը՝ նյութի»:

Գորիսում ազատամարտիկների և զոհվածների ընդանիքների հետ հանդիպման ժամանակ Մհեր Մազմանյանը հիշեց, որ 2007-ին վարչապետ Սերժ Սարգսյանը Գորիսում ազատամարտիկների և զոհվածների ընդանիքների հետ հանդիպման ժամանակ իրեն ասել է. «Ոնց ա, որ տղերքը շատ են, հիմա էդ նախանձն ա, որ տղուս բռնում են»,- հարցնում է Տիգրանի հայրը։

Մհեր Մազմանյանը համոզված է, որ պայքարն իր արդյունքը տալու է, «գիտակցական աստիճանը հասունացավ, իշխանությունը մի պահ՝ բացի իր նյութականից, այլ բանի մասին սկսեց մտածել»:

 

Հիշեցնենք, որ Տիգրան Մազմանյանը 2018թ. ապրիլի 17-ին բերման էր ենթարկվել ոստիկանություն զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար: Երկու օր անց՝ ապրիլի 19-ին, քննիչի միջնորդության հիման վրա, Տիգրան Մազմանյանը կալանավորվել է:

Սակայն համացանցում կա տեսագրություն, որտեղ հստակ երևում է, որ նշված ոստիկանի կողքով անցնելիս, Տիգրան Մազմանյանի ձեռքերը բարձրացված են վերև, իսկ ոստիկանը հանգիստ կանգնած է: Այդ տեսանյութը ներկայացվել է նաև դատարան, սակայն ապարդյուն: Տիգրան Մազմանյանին կալանավորելու դեմ բողոքի ձայն են բարձրացրել իրավապաշտպան կառույցները` հայտարարելով, որ Տիգրան Մազմանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, այն նպատակ ունի վերջինիս պատժել իր քաղաքական ակտիվության համար, ինչպես նաև կանխել այլ անձանց քաղաքացիական ակտիվությունը: Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբաններ Ռոբերտ Ռևազյանն ու Արա Ղարագյոզյանը որակել են քաղաքական հետապնդում:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված