Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Այս օրերին ոստիկանները կալանավորներին դատարան չեն բերում



Որտե՞ղ է ոստիկանության ուղեկցող խումբը

Արդեն շուրջ յոթ օր է՝ ոստիկանության ուղեկցող խմբերը կալանավորներին չեն բերում դատարաններ: Դատական նիստերը սկսվում ու հետաձգվում են: Ֆորմալ առումով նիստերի արձանագրության մեջ նշվում է, թե կալանավորների չներկայանալու պատճառը անհայտ է դատարանին: Սակայն պաշտպանները տեղեկացված են, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաներով է պայմանավորված կալանավորների բացակայությունը:

Այսօր եղանք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ ժամը 15:00-ի դրությամբ որևէ նիստ չէր լսվում: Կարգադրիչն ասաց` պատճառը կալանավորներին մեկուսարաններից չբերելն է:

Մայրաքաղաքի ամենահանդարտ վայրերը դատարաններն են

Այս օրերին մայրաքաղաքի ամենահանդարտ վայրերը քրեական գործեր քննող դատարաններն են` Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերը: Փաստաբան Նարինե Ռշտունին ապրում է Կենտրոնի դատարանի մոտ: Ասում է, որ մշտապես լսում է, թե ինչպես են ազդանշաններով բերում ամբաստանյալներին ոստիկանական մեքենաներով, սակայն վերջին օրերին հանգիստ է. «Սովորական օրերին, երբ կալանավոր են բերում, հենց իրենք` ոստիկաններն են ճանապարհները փակում, էնպիսի ազդանշաններով են գալիս, ոնց որ աշխարհի վերջն է, մանավանդ հնչեղ գործերով»,- մեզ հետ զրույցում ասաց Նարինե Ռշտունին:

Փաստաբան Ռշտունին այսօր դատական նիստ է ունեցել «Նորքի զինված խմբի» գործով, սակայն դատարանի Կենտրոնի նստավայրից ժամը 10:30-ին նրան զանգահարել ու փոխանցել են, որ այդ գործով ժամը 11:00-ին նշանակված նիստը չի կայանալու. «Ճիշտն ասած՝ ես հարցրեցի՝ կալանավոր չբերելու պատճառով, պատասխանեցին՝ այո»:

Նարինե Ռշտունու կարծիքով` իշխանությունը մտավախություն ունի, որ ճանապարհների փակ լինելու պատճառով կալանավորների պահպանության ու անվտանգության հարց կարող է առաջանալ, առավել ևս քաղաքական հնչեղության գործերով:

Փաստաբանն անձամբ է տեսել ուղեկցող խմբի ոստիկաններին Կենտրոնի տարբեր փողոցներում

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ այսօր, «Սասնա Ծռերի» գործով նշանակված դատական նիստերը հետաձգվել են կալանավորներին չներկայացնելու պատճառով:  

Կալանավորների ներկայությունը դատական նիստերին ապահովվում է ոստիկանության ուղեկցող խմբի կողմից: Փաստաբան Շուշանյանը նշեց, որ անձամբ ականատես է եղել, որ ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման աշխատակիցները Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում մյուս ստորաբաժանումների ոստիկանների հետ «պայմանական ասած՝ հասարակական կարգ են պաշտպանում»: Ըստ Մուշեղ Շուշանյանի՝ «հավանաբար ոստիկանությունը հիմա ողջ ռեսուրսն ուղղել է ակցիաների դեմն առնելու համար»:

Փաստաբանը նաև այլ կարծիք է լսել, որ պարզապես վախենում են կալանավորներին բերել դատարան, քանի որ ժողովուրդը հնարավոր է որոշի գնալ դատարաններ, իսկ ոստիկանությունը չկարողանա մեծաքանակ ժողովրդին հսկողության տակ պահել:

«Վարչախումբը վերջին ռեսուրսը ներդրել է քաղաքացիական անհնազանդությունը ճնշելու համար»

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ևս վերջին 10 օրերի ընթացքում մի քանի նիստեր է ունեցել, որոնք հետաձգվել են նույն պատճառով՝ կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին դատական նիստին չներկայացնելու պատճառով: Փաստաբանը փոխանցեց, որ իրեն դատարաններից զանգել, տեղեկացրել են, որ դատական նիստերը չեն կայանալու կալանավորներին դատարաններ չտեղափոխելու պատճառով:

Փաստաբան Պապիկյանի կարծիքով` «վարչախումբը վերջին ռեսուրսը ներդրել է քաղաքացիական անհնազանդությունը ճնշելու գործին»:

Դատարաններից զանգահարում ու զգուշացնում են, որ նիստերը չեն լինելու

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հերթով թվարկեց վերջին տասնօրյակի այն բոլոր գործերը, երբ իր կալանքի տակ գտնվող պաշտպանյալներին ոստիկանները չեն բերել դատարան: Հետևանքն այն է, որ նիստերը հետաձգվել են: Այսպես՝ երկուշաբթի օրը Արարատ Նիկողոսյանի և 5 ամբաստանյալով գործն է հետաձգվել Շենգավիթի նստավայրում, նույն օրը Ավանի նստավայրում 3 ամբաստանյալի չեն բերել դատարան: Իսկ այսօր Լիպարիտ Սիմոնյանի տարբեր գործերով պաշտպանյալներ Արմեն Կիրակոսյանին ու Սերգեյ Հակոբյանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան:

Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ դատարաններից զանգահարում ու զգուշացնում են, որ նիստերը չեն լինելու, քանի որ կալանավորներին չեն բերելու:

Փաստաբանը կածում է, որ «կալանավորներին դատարաններ ուղեկցող ոստիկանները զբաղված են ոչ իրենց անմիջական պարտականությունների կատարմամբ»:

Ամբաստանյալների իրավունքները խախտվում են

Այն, որ կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին ոստիկանները դատարաններ չեն բերում, հանգեցնում է նրանց իրավունքների խախտման: Փաստորեն, իրավապահ կառույցը չի կատարում իր գործառույթը, չի ապահովում կալանավորների ներկայությունը իրենց իսկ գործերով նիստերին: Դրա հետևանքով խախտվում է ամբաստանյալների՝ դատական քննությունը ողջամիտ ժամկետներում կատարելու իրավունքը: Այս մասին ահազանգում են փաստաբանները:

Պաշտոնական պարզաբանում

Կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին՝ վերջին օրերին դատարաններ չբերելու պատճառների մասին փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով պատասխանեց՝ գրավոր հարցում ուղարկեք: Մեր հարցման պատասխանը ստանալուն պես, կտեղեկացնենք:

Նույն հարցի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Դատական դեպարտամենտից: Դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով. «Թույլ տվեք պատասխանել իմ լիազորությունների շրջանակներում գտնվող հարցերի»: Իսկ հարցին, թե այսօր «Սասնա Ծռերի» գործով նիստը կայացե՞լ է, կալանավորներին բերե՞լ են դատարան, Արման Խաչատրյանը պատասխանեց, որ Արշակ Վարդանյանի նախագահությամբ Շենգավիթի նստավայրում նախատեսված ժամին սկսվել է «Սասնա Ծռերի» գործով նիստը, կողմերը պատշաճ իրազեկված են եղել, սակայն նիստին ներկա են եղել մեղադրող կողմը և հանրային պաշտպանների ու փաստաբանների մի մասը: Դեպարտամենտի պաշտոնյան նշեց, որ ամբաստանյալները ներկա չեն եղել: Նիստը հետաձգվել է, նշանակվել հաջորդ շաբաթ նույն օրը, նույն ժամին:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված