Կիրակի, 18 օգոստոսի

Տպագիր մամուլն իշխանություններին չի հուզում



Հարցազրույց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ 

Պրն Աբրահամյան, Դուք տարբերակու՞մ եք «մամուլի ազատություն» եւ «մամուլի անկախություն» հասկացությունները: Դրանցից ո՞րն ունենք Հայաստանում: 

Բարդ հարց եք տալիս: Ազատությունը պայմանավորված է խոսքի ազատությամբ, այսինքն՝ ավելի լայն հասկացությամբ եւ, ընդհանրապես, մարդու ազատությամբ: Այդ իմաստով մեր մամուլը եւ, մասնավորապես, մեր թերթը շատ ավելի ազատ է, քան անկախ է: Անկախությունն ավելի ուտիլիտար, պրագմատիկ երեւույթ է: Այսինքն՝ երբ մամուլը կամ լրատվամիջոցը կարողանում է գոյատեւել իր եկամուտներով, իր գովազդով եւ տպաքանակով, իր ընթերցողների փողերով, այդ դեպքում մամուլն անկախ է, եւ այդ իմաստով մեզ մոտ քիչ թե շատ անկախ է երեւի «Եթեր» թերթը: Կան կանանց համար տպագրվող որոշ ամսագրեր կամ թերթեր, որոնք տպագրում են խաչբառեր, այ, դրանք անկախ են, որքանով են դրանք մամուլ՝ ուրիշ հարց է: Իսկ այն մամուլը, որը լուրջ հարցեր է բարձրացնում, այսինքն՝ հասարակական-քաղաքական պարբերականները, Հայաստանում անկախ չեն: 

Ի՞նչ նախադրյալներ, գործոններ են անհրաժեշտ դրա համար: 

Տպաքանակների բարձրացում, անշուշտ, եւ գովազդային շուկայի ձեւավորում, որը չկա, եւ որը կախված է ոչ միայն երկրի ընդհանուր տնտեսական վիճակից, այլեւ մեր թերթերի որակից: Երբ ինչ-որ բան չի հաջողվում, ես միշտ պատճառն իմ մեջ եմ փնտրում, եւ տվյալ դեպքում կարծում եմ, որ մեր թերթը, մասնավորապես, չի կարողանում գտնել այն թեմաները, այն ոլորտները, որոնք հուզում են մարդկանց, որպեսզի ամեն օր նրանք գլխապատառ վազեն կրպակների մոտ եւ «Առավոտ» գնեն: Մենք չենք կարողանում դա անել եւ, հետեւաբար, տպաքանակն այնպիսին է, որ մենք ստիպված ենք ուրիշ տեղերից գումարներ գտնել: 

Արդյոք համարու՞մ եք, որ Հայաստանում գովազդային շուկան եւս քաղաքականացված է, եւ լրատվամիջոցների նկատմամբ գովազդատուների վերաբերմունքը պայմանավորված է քաղաքական որոշակի գործոններով: Այսինքն՝ գովազդային շուկան բաժանված է լրատվամիջոցների միջեւ ըստ նրանց քաղաքական կողմնորոշումների: 

Ես կհամաձայնեի այդ դիտարկման հետ, եթե մենք խոսեինք հեռուստատեսության մասին, որովհետեւ ակնհայտ էր, որ որոշ գովազդատուների հրահանգվել էր, օրինակ, գովազդ չտալ «Ա1+»-ին, երբ այն կար: Տպագիր մամուլի դեպքում այդպես չեմ կարծում: Տպագիր մամուլն այդքան էլ չի հուզում իշխանությանը, դրա համար նրանք ինչ-որ պահանջներ չեն դնում իրենց օլիգարխների առջեւ, որովհետեւ մեր բիզնեսն ազատ չէ, այն կախված է իշխանությունից, եւ նա չի հրահանգում գովազդներ չտալ այն թերթերին, որոնք իրեն չեն փառաբանում: Իսկ քանի որ բոլոր հեռուստաընկերությունները փառաբանում են, այդպիսի խնդիր չունեն: 

Ձեր թերթում, օրինակ, առհասարակ չեմ հանդիպում «Մասին տաբակի» կամ «Գրանդ հոլդինգ»-ի գովազդներին: 

Չեմ կարծում, որ դա հատուկ վերաբերմունք է, բայց եթե դուք հանդիպեք պրն Վարդանյանին, հարցրեք, թե ինչու մեզ գովազդ չի տալիս: Չեմ կարծում, որ դա քաղաքական պատվեր է կամ քաղաքական դիրքորոշում: 

Ինչու տպագիր մամուլն այդքան փոքր կշիռ ունի Հայաստանում, այնքան փոքր, որ իշխանություններն էլ են անտարբեր: 

Հեռուստատեսության համեմատ մամուլն իրենց համար փոքր մոծակի խայթոցի նման մի բան է՝ իր տպաքանակի եւ հասարակության վրա ունեցած փոքր ազդեցության պատճառով: 

ԶԼՄ-ը Հայաստանում իրենց ամբողջության մեջ՝ էլեկտրոնայինը եւ տպագիրը միասին, հասարակական կարծիք ձեւավորու՞մ են: 

Կարծում եմ՝ ձեւավորում են, եթե այդպիսի նպատակ են դնում իրենց առաջ: Անշուշտ, հեռուստաընկերություններն ավելի շատ, քան տպագիրը: Կա տպագիր մամուլ, որն ուզում է հասարակական կարծիք ձեւավորել, եւ կա հակառակը: «Առավոտ» օրաթերթն իր առջեւ այդպիսի նպատակ չի դնում: 

Իսկ ի՞նչ նպատակ է դնում իր առջեւ «Առավոտ»-ը: 

Տեղեկացնելու: Եթե մարդկանց հետաքրքիր է կարդալ այս լուրը կամ նյութը, իրենք գնում են թերթը եւ կարդում են: 

Դուք կարծում եք, որ Հայաստանում լրատվամիջոցները ավելի շուտ տեղեկացնու՞մ են, թե՞ քարոզչություն են անում: Քանի՞ «տեղեկատվական» թերթ կարող եք նշել: 

Ես ուրիշների մասին չեմ կարող ասել, բայց մենք մեր առաջ դնում ենք տեղեկացնելու նպատակ: 

Արդյոք կա՞ լրատվամիջոց-ընթերցող կապ: Իմ տպավորությամբ՝ լրատվամիջոցները ձգտում են բավարարել ոչ թե ընթերցողների, այլ իրենց ֆինանսավորողների պահանջմունքները: Այսօր ավելի շատ պաշտոնյաները եւ քաղաքական-ֆինանսական շրջանակներն են թերթ կարդում, քան շարքային ընթերցողը: 

Ցավոք, այդպես է: Դուք, հավանաբար, հիմք ունեք այդ մեղադրանքը հնչեցնելու: Ուրիշ թերթերի մասին խոսելը ես էթիկայից դուրս եմ համարում, բայց «Առավոտ»-ի պարագայում հավատացնում եմ ձեզ, որ որեւէ մեկին բավարարելու կամ չբավարարելու, գովելու կամ փնովելու խնդիր չի դրվում այդ ֆինանսական եւ քաղաքական շրջանակներից: Առհասարակ, մենք աշխատում ենք բացի առաջին երեք էջերից, գրել այնպիսի բաների մասին, որոնք հետաքրքրում են շարքային քաղաքացիներին, կարծում ենք, որ հետաքրքրում են, բայց երեւի չենք գտնում, չենք կարողանում այնպես գրել, որ հետաքրքրի, դա ուրիշ հարց, բայց գոհացնելու նպատակ չենք դնում: 

Պրն Աբրահամյան, մամուլի համար կա՞ն տաբու թեմաներ կամ անձեռնմխելի մարդիկ: Կոնկրետ «Առավոտ»-ի պարագայում որքանո՞վ եք Դուք ազատ քննարկելու հասարակությանը հուզող բոլոր թեմաները եւ կամ այն մարդկանց, ովքեր հասարակության ուշադրության կենտրոնում են: 

Ճիշտն ասած՝ ինձ համար, այնուամենայնիվ, կան թեմաներ, բայց դրանք այն պատճառով չեն, որ մարդիկ փող են տալիս կամ մեկ ուրիշ բան: Ես, օրինակ, նրբանկատ կգրեի մեր բանակի կամ Հայ առաքելական եկեղեցու մասին: Բայց դա այն պատճառով չէ, որ Գարեգին Բ կաթողիկոսը կամ Սերժ Սարգսյանը ինձ փող են տալիս, դրա համար ես վախենում եմ նրանց կպնել: Այնուամենայնիվ, ինչ-որ զսպվածություն կա, ընդհանրապես զսպվածություն է պետք պահել մանավանդ այն կառույցների նկատմամբ, որոնք ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ ապագա իշխանություններինն են, այսինքն՝ պատկանում եմ մեր ամբողջ ժողովրդին: 

Ի դեպ, նախկին իշխանությունների մասին: Վանո Սիրադեղյանի կողմից «Առավոտ»-ի հիմնադրման փաստը այսպես թե այնպես թերթը կապում է նախկին իշխանությունների հետ: Ձեզ չի՞ խանգարում այս հանգամանքը ընթերցողի մոտ անաչառ թերթի համբավի ձեւավորման համար: 

Ես այդ խոսակցությունները, որոնք «Առավոտ»-ը որակում են իբրեւ ՀՀՇ-ական թերթ, կարդում եմ այլ թերթերում, բայց չեմ կարծում եմ, որ մեր գործընկերները այդ մասին գրելիս անկեղծ են: Նրանք դրան չեն հավատում: Պարզապես, հաշվի առնելով ՀՀՇ-ի ցածր ռեյտինգը հասարակության մեջ, մեր ժողովրդի բացասական էմոցիաները, որոնք առաջացնում է այդ հապավումը, երբ փաստարկներ չեն գտնվում ըստ էության պատասխանելու որեւէ հրապարակման, ՀՀՇ-ական թերթի պիտակը կպցնում են, որպեսզի այլեւս իրենց նեղություն չտան ըստ էության պատասխանել այն փաստարկներին, որոնք հնչում են: Գնացեք նախկին իշխանությունների մոտ եւ հարցրեք, թե ինչ են մտածում «Առավոտ»-ի մասին: Կհամոզվեք, որ նրանց վերաբերմունքը բոլորովին էլ դրական չէ: 

Ինչպե՞ս եք վերաբերվում այն երեւույթին, որ լրատվամիջոցներն այսօր օգտագործվում են իբրեւ գործիք քաղաքական կամ տնտեսական հաշիվներ մաքրելու համար: 

Ես վատ եմ վերաբերվում դրան, եւ եթե նկատել եք, այս 10 տարվա ընթացքում «Առավոտ»-ում չի եղել որեւէ հրապարակում, որը փնովի կամ պախարակի որեւէ թերթի կամ լրագրողի: Ես ընդհանրապես արգելում եմ, կամա թե ակամա, ինչ-որ բանավեճի մեջ մտնել որեւէ լրատվամիջոցի հետ: Եթե որեւէ մեկը, որին մեկ այլ թերթում մերժել են իր պատասխանը հրապարակել, բերում է նյութ եւ ինձ ասում՝ դուք պատասխանեք, ես հրաժարվում եմ, որովհետեւ «Առավոտ»-ը այդպիսի բանավեճերի մեջ չի մտնում: Գուցե դա քաղաքական պատվեր էլ չէ, բայց ես հրաժարվում եմ: 

Դա Ձեր թերթի էթիկակա՞ն նորմերի շրջանակում է: Կարծեմ վերապահ վերաբերմունք ունեք լրագրողական էթիկայի առումով: «Առավոտ»-ում գործու՞մ է որեւէ էթիկական սկզբունք, կամ կա՞ն չգրված բարոյական կանոններ: 

Չէ, բոլորովին էլ վերապահ վերաբերմունք չունեմ: Կյանքում պետք է գործեն էթիկայի կանոններ: Մենք բոլորս, ասենք, պայմանավորվում ենք, որ աշխատանքի լողազգեստով չենք գալու: Սա էլ էթիկական նորմ է, եւ թերթերն էլ պետք է պայմանավորվեն, որ իրար «ապուշ», «դեբիլ» կամ նման այլ բաներ չասեն, ինչպես հիմա որոշ թերթեր միմյանց մասին գրում են: Կարելի է դրա մասին էլ պայմանավորվել, բայց դա պետք է նաեւ հասարակության պահանջը լինի: Ինչպես թերթերն են քիչ ազդում հասարակության վրա, այնպես էլ հասարակությունն է քիչ ազդում մամուլի վրա, ուստիեւ մամուլն իրեն ազատ է զգում պիտակավորումներ տալու իր գործընկերներին: 

Երբ նոր լրագրող եք ընդունում աշխատանքի, ո՞րն է առաջին պահանջը, որ ներկայացնում եք: 

Քանի որ 10 տարվա ընթացքում արդեն ձեւավորվել է ինչ-որ բան, ես սկսնակներին առանձնապես ասելու բան չունեմ: Կան էջերի պատասխանատուներ, որոնք եթե ինչ-որ երիտասարդների են ներգրավում, նրանք են պահանջներ դնում, աշխատում նրանց հետ, բայց դրանք սովորական պահանջներ են, որոնք սովորեցնում են ԲՈւՀ-ում: Օրինակ՝ եթե լսում ես մի կողմին, ապա պետք է լսես նաեւ հակառակ կողմին, լուրը պետք է անջատես մեկնաբանությունից եւ այլն: Դրանք հայտնի էթիկական նորմերն են, ոչ մի առանձնակի, էկզոտիկ բան լրագրողներին չի ասվում: 

Խոսենք էլեկտրոնային լրատվամիջոցների մասին: Այսօր մի քանի լրատվամիջոցներ մեկ անձի կամ ընկերության ձեռքում կենտրոնացնելու միտում կա. ձեւավորվում են հոլդինգներ կամ մեդիա-կորպորացիաներ: Ինչպե՞ս եք գնահատում ԶԼՄ-ի կենտրոնացման այս գործընթացը: 

Եթե խոսքը մի քանի հեռուստաընկերություն մեկ ձեռքում հավաքելու գործընթացի մասին է, ապա դա հակասում է օրենքին: Բայց իրականում այդպես է: Հայաստանում 19 հեռուստաընկերություն կա: Այսինքն՝ բոլոր հաճախականությունները բաժանված են հեռուստաընկերությունների միջեւ եւ, իմ կարծիքով, դա արեցին նաեւ «Ա1+»-ին հաճախականություն չտալու համար: Այդ հեռուստաընկերությունների քանակը պետք է կրճատվի: Իսկ հոլդինգներին՝ հեռուստաընկերություն, թերթ, ռադիո, ես լավ եմ վերաբերվում: Բայց էդպիսի բան դեռ չկա Հայաստանում: 

Ձեր կարծիքով, ԶԼՄ-ը Հայաստանում մասնակցու՞մ են քաղաքական գործընթացներին: Եթե այո, ի՞նչ դերակատարություն ունեն: 

Եթե ցանկանում են, ապա մասնակցում են: Մենք չենք ցանկանում եւ չենք մասնակցում: Կան լրատվամիջոցներ, որոնք ցանկանում են մասնակցել: Հեռուստաընկերությունները, օրինակ, կարող են մասնակցել միմիայն Քոչարյանին փառաբանելով, այլ կերպ չեն կարող: Եթե փորձեն չփառաբանել, ապա կփակվեն: Իսկ թերթերի պարագայում՝ կախված է նրանց ցանկությունից: Քանի որ «Առավոտ»ը չի մասնակցում, չեմ կարող խոսել նրա ազդեցության մասին քաղաքական գործընթացների վրա: 

Իսկ մամուլի հրապարակումներն ազդեցություն ունե՞ն: Հնարավո՞ր է թերթի հրապարակումների արդյունքում քաղաքական համակարգում որեւէ փոփոխություն կամ տեղաշարժ լինի, կամ, ասենք, պաշտոնյա ազատվի աշխատանքից նրա չարաշահումների մասին մամուլի հրապարակումների հետեւանքով: 

Ես դրան չեմ հավատում: Այդպիսի բան այժմ հնարավոր չեմ համարում, եւ այդպիսի նպատակ պետք էլ չի դնել: Երբ «Վաշինգտոն պոստ»-ի լրագրողները հետեւում էին, թե ինչպես է Նիքսոնը գաղտնալսումներ կազմակերպում, նրանք պարզապես ուզում էին հայտնաբերել փաստը, ուզում էին իրենց թերթի տպաքանակը բարձրացնել՝ հետաքրքիր փաստ մատուցելով ընթերցողին: Ուոթրգեյթը նրանց նպատակը չէր, նրանք ուզում էին միայն փաստերը գտնել: 

Ընդունելի ե՞ք համարում սենսացիաների միջոցով տպաքանակների բարձրացումը: 

Ես աշխատում եմ երկու պայման ապահովել՝ որպեսզի փաստերը արժանահավատ լինեն, եւ թերթը չօգտագործվի ինչ-որ նպատակների համար: 

«Առավոտ»-ում հերքումներ շատ են լինում. դա նշանակում է, որ ձեր լրագրողները չե՞ն ստուգում իրենց ունեցած ինֆորմացիան, թե՞ այլ կերպ եք բացատրում: 

Չէի ասի, որ հաճախակի են: Եթե մարդը իր հակափաստարկները, իր հակառակ կարծիքն է ներկայացնում, ապա ես ոչ մի խնդիր չեմ տեսնում դա հրապարակելու: Իհարկե, լինում է, որ լուրը վատ է ստուգված լինում, բայց 70-80 տոկոսի դեպքում այդպես չէ: Եթե մարդն իր տեսակետն ունի, եւ մենք չենք կարողացել մի հրապարակման մեջ դա զետեղել, ապա պետք է հրապարակենք նաեւ հակառակ կարծիքը: Բայց եթե թերթը անհերքելի փաստեր եւ ապացույցներ ունի, ապա հրաժարվում է հերքում տպագրել: 

 Այդ դեպքում, ինչպե՞ս կմեկնաբանեիք Կենտրոնական բանկի հետ «Առավոտ»-ի ունեցած դատական վեճը, որի արդյունքում թերթը կամավոր հերքում տպագրեց իր իսկ ներկայացրած «անհերքելի» փաստերի վերաբերյալ: 

Կարելի էր, իհարկե, գլուխ դնել, երկարատեւ դատական վեճից հետո դատարանը էլի մեր դեմ որոշում կընդուներ, եւ էլի նույն հերքումը դատարանի որոշմամբ կհրապարակեինք, բայց ես կարծում եմ, որ եւ՛ ընթերցողի, եւ՛ գովազդատուների համար կարեւոր է թերթի կայունությունը: Եթե մենք ամիսներ շարունակ խոսեինք, որ ա՛յ, հեսա «Առավոտ»-ը կփակեն (իհարկե, չէր փակվի), դա անհանգիստ վիճակ կստեղծեր: Մենք արեցինք այն, ինչ պետք է արվեր երեք ամիս հետո: Եվ չեմ կարծում, որ մեր «պագոնները» դրանից առանձնապես ընկան: 

Չկա՞ր վտանգ, որ դատարանը մեծ նյութական փոխհատուցում կպահանջեր, եւ թերթը, չկարողանալով վճարել, ստիպված կլիներ փակվել: 

Այդ դեպքում մենք կբացեինք «Առավոտ շտրիխ» թերթը եւ կշարունակեինք տպվել: 

Ի՞նչ տվեց «Առավոտ»-ին 2004 թվականը: Արդյոք բավարա՞ր եք համարում թերթի աշխատանքը: 

Խիստ անբավարար եմ համարում, որովհետեւ չհաջողվեց բարձրացնել թերթի տպաքանակը: Միայն այդ չափանիշով կարելի է դատել: Չնայած՝ ինքս ամեն օր 14 ժամ աշխատում եմ, որպեսզի լավ լինի, բայց երեւի լավ չեմ աշխատում:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված