
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի շենքի բակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական գերատեսչությունների շրջափակումն ու մուտքուելքերի արգելափակումը նպատակ ունի կաթվածահար անել պետական ողջ համակարգի աշխատանքը:
«Եթե մեզ հաջողվի բլոկ անել ամբողջ պետական կառավարման համակարգը, ապա նշանակում է՝ կառավարությունը երկիրը չի կառավարում, այլ՝ երկիրը ինքնակառավարվում է»,- նշեց Փաշինյանը:
Խոսելով հավաքների կազմակերպման շարունակության մասին՝ «Իմ քայլը» շարժման առաջնորդը նշեց, որ իրենք պետք է հավաքը շարունակեն «ցանցային եղանակներով»:
«Հավաքները պետք է կազմակերպվի այնպիսի տեղանքներում և այնպիսի մասշտաբներով, որի ցրելու մասին խոսք լինել չի կարող: Կան հանրահավաքներ, որոնք ընդհանրապես չեն ցրվում: Նույնն էր նաև երեկվա հանրահավաքը: Մենք պետք է այնպես շարունակենք, որ մեր քաղաքական գործընթացը, ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը հասնի տրամաբանական ավարտին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ մինչ ՏՄՊՊՀ հասնելը ցուցարարները արգելափակել էին Գլխավոր դատախազության, Պետական եկամուտների կոմիտեի, արտաքին գործերի, արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների և Կենտրոնական բանկի շենքերը:
Այսօր՝ 18:30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու, որն ըստ Փաշինյանի՝ լինելու է Երրորդ հանրապետության պատմության ամենամարդաշատ հանրահավաքը:
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի