Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Պահեստազորի փոխգնդապետը պայմանական չի ազատվի



Պահեստազորի փոխգնդապետ, 2013-ի նոյեմբերի 5-ին «Անանիմուսների երթի» ժամանակ ձերբակալված ու 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Վարդանյանը պայմանական չի ազատվի: Այսօր նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը մերժեց նույն դատավորը՝ Մնացական Մարտիրոսյանն, ով տարիներ առաջ կարդացել էր նրա դատավճիռը: Դատավոր Մարտիրոսյանին Վարդան Վարդանյանը ինքնաբացարկի միջնորդություն չարեց: Ասաց, որ ուզում է արագ որոշվի հարցը՝ հայտարարելով, որ այլևս պայմանականի հարցով չի գալու դատական նիստի. «6 ամիս ա մնացել մինչև նոյեմբերի 5-ը, կնստեմ»:

Մինչ դատավորի՝ խորհրդակցական սենյակ անցնելը, դատախազ Գարեգին Իսախանյանը խնդրեց մերժել հարցը՝ հիմնավորելով, որ Վարդան Վարդանյանը տույժեր ունի. «Ճիշտ է, դրանք մարված են, բայց Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ, պայմանական վաղաժամկետ ազատման հարցի ժամանակ պետք է տույժերը հաշվի առնվեն»,-ասաց նա: Բացի այդ, դատախազը նշեց, որ Վարդան Վարդանյանը չի ընդունում մեղքը, իրեն մեղավոր չի ճանաչել ու ճանաչում, չի մասնակցել աշխատանքների, բացառությամբ 1 անգամ սեղանի թենիս է խաղացել, ինչը, ըստ դատախազի, չի կարող վկայել անձի ուղղված լինելու մասին:

Սակայն Վճռաբեկ դատարանի նախադեպի համաձայն, անձը ոչ թե պետք է ուղղված լինի, որ պայմանական ազատություն վերադառնա, այլ պետք է կանգնած լինի ուղղման ճանապարհին:

Դատախազը չանդրադարձավ, սակայն, Վարդան Վարդանյանի անցած ճանապարհին՝ Արցախյան պատերազմ, 20 տարի հայկական զինված ուժերում ծառայություն: Փոխարենը ինքը՝ Վարդան Վարդանյանը նշեց, որ 4 անգամ վիրավորվել է, առողջական խնդիրներ ունի:

«Ես հաստատ հանցագործ չեմ, չեմ դուրս գալու քուչի մեջ հանցանք անեմ, բայց եթե իմ արժանապատվությանը էլի կպնեն, համարժեք պատասխան կլինի»,-ասաց Վարդան Վարդանյանը:

Դատավոր Մարտիրոսյանի հարցին, թե ինչ նպատակներ ունի՝ ազատություն վերադառնալով, Վարդան Վարդանյանը պատասխանեց. «6 թոռ ունեմ, մեկին էլ չեմ տեսել, պիտի գնամ թոռներովս զբաղվեմ»:

Խոսելով ազատազրկման վայրում աշխատանքի հնարավորության մասին, դատապարտյալը նշեց, որ գաղութում աշխատելու հնարավորություն համարյա չկա. ոչ մի աշխատանք իրեն չի առաջարկվել, որ ինքն էլ հրաժարված լինի:

Առաջին ատյանում Վարդան Վարդանյանի պայմանական ազատման հարցը երկրորդ անգամ լսելու հնարավորություն առաջացել էր այն ժամանակ, երբ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Ինեսսա Պետրոսյանի բողոքը:

Արցախյան պատերազմի մասնակից, 20 տարի հայոց բանակում ծառայած, այժմ՝ պահեստազորի փոխգնդապետ, ավելի քան 4 տարի 5 ամիս «Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Վարդան Վարդանյանը կարող էր տուն վերադառնալ դեռևս 2016-ին:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված