ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել. որևէ մեկը պատասխանատվություն չի կրել



Մոտ 5 տարվա գործը չի փակվում, շուտով կսկսվի քննության 3-րդ շրջանը

Արարատում մոտ 5 տարի առաջ կատարված 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի մահվան գործով թեև որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, այդուհանդերձ այն չի էլ փակվում: Շուրջ 5 տարվա ընթացքում այս գործը շուտով կանցնի քննության 3-րդ շրջանը:

Ամեն անգամ քննչական մարմինների կարճումները կամ կասեցումները բողոքարկվել են տուժողի իրավահաջորդ, մահացածի դուստր Գայանե Հովհանյանի կողմից, ով հատուկ է իրավագիտություն ուսանում հոր մահվան իրական մեղավորներին բացահայտելու համար: Կարճման ու կասեցման որոշումները Գայանեն բողոքարկել է սկզբում Գլխավոր դատախազությունում, հետո նաև՝ դատական ատյաններում:

Գայանե Հովհանյանը օրեր առաջ ստացել է, ինչպես ինքն է ասում, երկար սպասված լուրը՝ հոր սպանության հանգամանքները նորից՝ արդեն 3-րդ անգամ նոր քննության նյութ կդառնան: Գործը, ինչպես նախորդ, այս անգամ էլ, կքննվի Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Նախորդ անգամ տուժողի իրավահաջորդը գործի քննությունը դուրս էր բերել Արարատի մարզից՝ պնդելով, որ Արարատում չի կարող իրականացվել օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն, քանի որ առաջին անգամ քննվել ու կարճվել էր հենց Արարատի մարզի քննչական վարչությունում:  

Գործն արդեն 3-րդ անգամ նոր քննության ուղարկելը հնարավոր է դարձել վերաքննիչ քրեական դատարանի՝ Գայանե Հովհանյանի կողմից բերված բողոքը բավարարելու շնորհիվ, որով բեկանվել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել էր վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումները: Ու թեև գլխավոր դատախազությունը բողոք էր տարել վճռաբեկ դատարան, այդուհանդերձ այն վարույթ չէր ընդունվել: Հետևաբար, գործը նորից քննության առնելու հիմք է ստեղծվել:

Այն, որ գործը քննության երրորդ շրջանն է անցնելու, տուժողի իրավահաջորդը համարում է իր ներկայացուցիչ, փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանի, բարեխիղճ դատավորների ու իր ձեռքբերումը: «Ինձ հավատացնում էին, որ մերժման որոշումն արդեն կայացված է, իզուր եմ նորից բողոքարկում դատարան, բայց այս անգամ էլ համառեցի, փորձեցի»,- ասում է հոր գործն ուսումնասիրած տուժողի իրավահաջորդ դուստրը:  

«Հետքը» շարունակում է հետևել այս քրեական գործի զարգացումներին, դատական վիճարկումներին: Հիշեցնենք՝ 2013թ. հունիսի 26-ին 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի դին գտնվել է Արարատ քաղաքից 3 կմ հեռու մասնավոր այգում՝ ծառից կախված վիճակում՝ բռնության հետքերով: Մինչ օրս մահացածի դուստրը համոզված է, որ հայրը ոչ թե ինքնասպան է եղել, կամ նրան հասցրել, դրդել կամ հակել են ինքնասպանության, այլ տեղի ունեցածը սպանություն է, բայց որևէ մեկը պատասխանատվություն չի կրել: Նախաքննական մարմինները և դատախազությունը համարում են, որ բացի տուժողների պնդումները՝ սպանության մասին, այլ ապացույցներ չկան: Սպանության վարկածն առհասարակ ի սկզբանե հերքվել է իրավապահների կողմից, չնայած նրան, որ արյան մեծ լճակ է եղել Գյանջիրով Հովհանյանի տաբատի վրա: Ինքնասպանության հակելու կամ թե՝ դրդելու վարկածներն էլ արդյունք չեն տվել: Քննիչները գտել են, որ չկա որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձ:

Խախտումներ ու բացթողումներ

  • Նախաքննական մարմինները չեն կարողացել պարզել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել Գյանջիրով Հովհանյանի մահվանից առաջ՝ 24 ժամվա ընթացքում (ուր է գնացել, ում հետ է շփվել և այլն)
  • ծառի վրա հայտնաբերվել է Գյանջիրով Հովհանյանի հագուստի մանրաթելերից
  • հայտնաբերվել են նաև այլ մանրաթելեր նույն ծառի վրա, քանի որ դիակը իջեցնելու համար ծառ են բարձրացել նաև իրավապահ մարմինների աշխատողներ (դին ծառից իջեցնելուց առաջ պետք է այդ ծառի վրայից հետքերը վերցվեին)
  • Գյանջիրով Հովհանյանի դին ծառից կախված վիճակում հայտնաբերելու ժամանակ չի կատարվել դեպքի վայրի պատշաճ զննություն
  • դիակի ու դեպքի վայրի լուսանկարները անհետացել են առաջին քննիչի համակարգչից
  • փորձագետները միանշանակ չեն պատասխանել, թե ինչից են առաջացել մահացածի մարմնի վրայի վնասվածքները, հագուստի վրայի արյունը ինչի հետևանք է
  • հողագիտական փորձաքննություն է կատարվել, կոշիկի վրայից հայտնաբերվել է փոշի, սակայն դրանց քանակը բավարար չի եղել որևէ նույնականացում կատարելու համար
  • չի կատարվել փորձաքննություն, թե արդյոք մահացածի ձեռքերի վրա կան ժանգի հետքեր, քանի որ մետաղալարը, որից նա կախված է եղել ժանգոտ է եղել
  • դիակի զննությամբ ավելի շատ վնասվածք նկարագրվել, քան դատաբժշկական փորձաքննությամբ
  • դատաբժիշկը չի նկարագրել աչքի տակի վնասվածքը (դիակը ծածկված է եղել գրիմով, դուստրն այն հետո է նկատել ու լուսանկարել՝ ներկայացնելով նախաքննությանը)

Մարդն իր ազգանունը սխալ կգրի՞

Բացի այդ, ներկայումս՝ Վերաքննիչ դատարանում՝ Կարեն Մարդանյանի նախագահությամբ լսվում է Գայանե Հովհանյանի մյուս բողոքը՝ հոր ստորագրությունների կեղծման վերաբերյալ: Բանն այն է, որ նույն քարի արտադրամասում աշխատանքի ընդունվելու փաստաթղթերում հիմնական գործով վիճարկումների ժամանակ Հովհանյանների ներկայացուցիչ Գարիկ Մալխասյանը հայտնաբերել է ստորագրությունների տարբերություններ: Գործից մաս է անջատվել:

Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի հարցին, թե ինչ պիտի աներ քննիչը, որ չի արել հարցին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լյուդվիգ Ավետիսյանը պատասխանեց. «Ինքս քննչական երկարամյա փորձ ունենալով՝ էդպես չէի քննի գործը, ափսոս է, կհարցաքննեի մարդկանց, լա՛վ ով եկավ անցավ պահակակետով, բարձրացավ վերև ու 6 տեղում կեղծեց Գյանջիրով Հովհանյանի ստորագրությունները»:

Ուշագրավ է, որ հիշյալ փաստաթղթերից մեկում էլ Հովհանյան ազգանվան փոխարեն գրված է՝ Հովհաննիսյան. «Իմ հայրը իր ազգանունը չէր կարող սխալ գրել»,- ասում է Գայանե Հովհանյանը:

Գործի մասին՝ ամփոփ

Տուժող Հովհանյանները ականատես էին եղել ավագ Հովհանյանի անհետանալուն նախորդող դեպքերին, երբ Արարատի քարի արտադրամասի (որտեղ որպես բանվոր աշխատում էր ընտանիքի հայրը) սեփականատիրոջ` Ասլան Ավետիսյանի որդիներ Նարեկ և Հովհաննես Ավետիսյանները ահաբեկել էին Գյանջիրով Հովհանյանին ու ողջ ընտանիքին՝ քարի արտադրամասից կատարված ենթադրյալ գողության համար: Սակայն Արարատի մարզի նախաքննական մարմինը, հանցակազմի բացակայության հիմքով կարճել էր քրեական վարույթը: Տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի ու նրա փաստաբան Գագիկ Մալխասյանի ջանքերով կարճման որոշումը բողոքարկվել էր դատական կարգով: Որոշումը վերացվել էր: Դատարաններն արձանագրել էին աղաղակող խախտումներ: Սկսվել էր նոր քննություն: Վարույթը դուրս էր բերվել Արարատի մարզից: Այն քննվում էր Երևանում` Քննչական կոմիտեում` ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանի վարույթում: Սակայն ամիսներ անց քննիչը երկու որոշում էր կայացրել՝ քրեական հետապնդում չիրականացնելու և ինքնասպանության հասցնելու վարույթը կասեցնելու վերաբերյալ: Այս երկու որոշումներն էլ վիճարկվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, բայց դատարանը խախտում չէր տեսել: Մերժման որոշումն այս անգամ Գայանե Հովհանյանը վիճարկել է Վերաքննիչ դատարանում ու հաղթել (Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ): Վճռաբեկ դատարանը դատախազի բողոքը վարույթ չի ընդունել: Սկսվել է գործի նոր քննություն՝ արդեն 3-րդ անգամ:

Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանն՝ իր ներկայացուցիչ Լյուդվիգ Ավետիսյանի հետ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված