Հինգշաբթի, 14 նոյեմբերի

«Պատմությունը Ձեզ չի ներելու, եթե Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեք այս մեղադրանքով». Սեֆիլյանի գործով դատաքննությունն ավարտվում է



Ժիրայր Սեֆիլյանն այսօր հացով էր եկել դատարան: Դատավարության ավարտին հացը վեր պարզելով` նա դիմեց ներկաներին. «Ժողովո՛ւրդ, Արթուր Սարգսյանը միայն Հաց բերող չէր, առաջին հերթին ապստամբ էր, Արթուրը ազատ մարդ էր, ի տարբերություն շատերի: Ապրի՛ Արթուրը»:

«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով շուրջ մեկ տարի տևած դատաքննությունն ավարտվում է: Եվս մի քանի նիստ, և դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կհեռանա խորհրդակցական սենյակ: Մինչ այդ, դատարանում հնչում են պաշտպանների ճառերը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը

Այսօր իր ճառը ներկայացրեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը. «Սեֆիլյանի գործողություններում չկա հանցավոր արարք, նպատակ է եղել պարզապես սահմանափակել նրա գործունեությունը»:

«Պատվեր տվողները կարող է շատ կարճ ժամանակ հետո չլինեն, բայց պատմությունը Ձեզ չի ներելու, եթե Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեք այս մեղադրանքով»,- շեշտեց Տիգրան Հայրապետյանը:

Նա անդրադարձավ մեղադրանքի ձևակերպմանը, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը ներկայացված է որպես Լիբանանի քաղաքացի: Պաշտպանը նշեց, որ Սեֆիլյանը երկու անգամ դիմել է Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Նա Սերժ Սարգսյանին էլ է դիմել: Դիմել է նաև Արցախի քաղաքացի դառնալու համար, մերժել են: «Ավելին, Ժիրայր Սեֆիլյանի մասին նյութերը վերջին երկու տարիներին հանվել են դասագրքերից ինչ-որ մեկի թեթև ձեռքով, քանի որ Ժիրայր Սեֆիլյանն անցանկալի անձ է իշխանությունների համար»,- ասաց նա: Այդ պահին դահլիճում ներկաների վանկարկումները՝ «Ժիրա՛յր-Ժիրա՛յր», չէին դադարում:

Տիգրան Հայրապետյանն անդրադարձավ գործով իրեղեն ապացույց ճանաչված իրերին, օրինակ՝ սաղավարտներին, որոնք Մաշտոցի պուրակում կրում էին մտավորականները խանութներն ապամոնտաժելիս: Պաշտպան Հայրապետյանը ծիծաղելի ու անտրամաբանական համարեց 6 տարի առաջ ձեռք բերված «կասկաները» մեղադրանքի հիմքում դնելը: Տիգրան Հայրապետյանը հետաքրքրաշարժ համարեց նաև մյուս իրեղեն ապացույցները՝ դրոշակների համար օգտագործվող ճկվող խողովակներ, վերանորոգման համար օգտագործվող երկու մետրանոց փայտե ձողեր և այլն:

Սեֆիլյանը ցուցմունք չի տվել նախաքննության ընթացքում, դատարանում հիմնականում չի կարողացել օգտվել իր դեմ վկայած անձանց հարցեր տալու իրավունքից։ Սեֆիլյանն ի սկզբանե հայտարարել է, որ սա թատերական ներկայացում է, առերեսման ժամանակ բացել է թերթը ու ամբողջ ընթացքում սկսել թերթ կարդալ։ Հետևաբար, ըստ պաշտպանի, այդ ցուցմունքները չեն կարող դրվել դատավճռի հիմքում։

Հրայր Թոփչյանն ու Գալուստ Գրիգորյանը դատարանում հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից։ «Ամբողջ մեղադրանքի մեջ մնում է միայն Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքը, ով տվել է բազմաթիվ՝ 8-10 ցուցմունք։ Մի շարք տեղերում գրել է՝ պիտի գրոհ լիներ, մի շարք տեղերում՝ հակառակը, տարբեր թվեր է նշել, թե երբ է ծանոթացել Սեֆիլյանի հետ։ Այդ ցուցմունքները բազմազան են, հետաքրքիր ու հակասական»,- ասաց պաշտպանը։

«Զենքերը տրվել են գաղափարի համար». դատարանում ասել էր Հովհաննես Պետրոսյանը, իսկ նախաքննական ցուցմունքներում տարբեր նպատակներ էր նշել:

Տիգրան Հայրապետյանը փաստաբան Արայիկ Պապիկյանի օգնությամբ պաստառների վրա ցույց տվեց Հովհաննես Պետրոսյանի բազմաթիվ ցուցմունքների հակասությունները։

Վաղը պաշտպանական ճառով հանդես կգա Գևորգ Սաֆարյանի ու Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ դատարանն արդեն լսել է պաշտպաններ Աննա Ջուվանովայի, Գեորգի Մելիքյանի ու Արայիկ Պապիկյանի պաշտպանական ճառերը: Նրանք միջնորդել են արդարացնել իրենց պաշտպանյալներ Գալուստ Գալոյանին, Հրայր Թոփչյանին, Ժիրայր Սեֆիլյանին ու Ներսես Պողոսյանին:

Անդրադառնալով նախորդ նիստում Ժիրայր Սեֆիլյանի ու Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի ճառին՝ նշենք, որ, ըստ պաշտպանի, «դատարանը չի իրականացրել արդարադատություն, դատավարության ընթացքը զուրկ է եղել իրավաբանական բովանդակությունից»:

Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունները Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարից անձնական վրեժխնդրություն են լուծում: Պաշտպանը հիշեցրեց մեղադրողի ճառը, երբ վերջինս, որպես Ժիրայր Սեֆիլյանի անձը բնութագրող տվյալ,առանձնացրել էր ընդամենը մեկ տող՝ Սեֆիլյանի ակտիվ մասնակցությունը Արցախի սահմանների պաշտպանությանը: «Մեղադրողը չցանկացավ անգամ նշել, որ Սեֆիլյանը հրամանատար է եղել, թեև այդ փաստը առկա է նաև գործի նյութերի մեջ՝ ԼՂՀ Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, փոխգնդապետ Ն. Միրզոյանի 2016 թ. հուլիսի 16-ի գրության մեջ»:

Սեֆիլյանին շնորհվել է պետական խրախուսման բարձրագույն պարգև՝ Մարտական խաչի առաջին աստիճանի ասպետի շքանշան: «Մարտական խաչ» շքանշանը օրենքով շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար: «Հավանաբար, Սեֆիլյանին բնորոշող այս բացառիկ հատկանիշներն են «ստիպել» իշխանություններին նրան բանտարկել... Սեֆիլյանի ողջ զինանոցը նրա քաղաքական գաղափարախոսությունն ու խոսքն է, դանակ-մահակ փնտրել և ներկայացնել պետք չէ, համարձակ եղեք և նրան մեղադրեք արդարության ու օրինականության համար մարտնչելու մեղադրանքով, նա սիրով կընդունի այդ մեղադրանքները»,-իր ճառում նշեց Արայիկ Պապիկյանը:

Դատախազները

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը գաղտնալսվել է 2014թ. մայիսից՝ ավելի քան 1 տարի՝ ընդմիջումներով: Ըստ գործի նյութերի` ԱԱԾ-ն գաղտնալսել է Ժիրայր Սեֆիլյանի 4 հեռախոսահամարներ, Քննչական կոմիտեն` 3, ոստիկանությունը` 2 հեռախոսահամար:

2016թ. հունվարի 12-ին Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է Քննչական կոմիտե` հերթական հարցաքննությանը, որի սկզբում քննիչ Ա. Մակինյանը նրան զգուշացրել ու սպառնացել է՝ եթե չդադարեցնես քո գործունեությունը, ապա քեզ ազատությունից կզրկենք, սա քո վերջին զգուշացումն է: Այս մասին հիշատակում կա նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի ճառում: 

Ըստ պաշտպանների` դատարանը հնարավորություն չի տվել լսելու այնպիսի վկաների, որոնց ո՛չ մեղադրական եզրակացությունում, ո՛չ էլ մեղադրական ճառում չեն անդրադարձել դատախազները: Օրինակ՝ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Գոհարիկ Արշակյանն իր ցուցմունքում նշել է. «Զանգվածային անկարգություններ երբեք չեն նախատեսվել, երբեք նման քայլեր չեն ծրագրվել: Անհնազանդություն է ասվել, որ իշխողները այլ իմաստ են դրել դրա մեջ, որ չի համապատասխանում իրականությանը»:

Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Վարդան Բալյանը հարցաքննվելիս նշել է. ««Քաղաքացիական անհնազանդությունը» զանգվածային անկարգություններ չեն: Անհնազանդությունը կարող է դրսևորվել միայն օրինական ճանապարհով, օրինակ՝ գործադուլ, նստացույց, բողոքի ակցիա: Ինչ վերաբերում է բռնությանը, ապա յուրաքանչյուր ոք ունի ինքնապաշտպանվելու սահմանադրական իրավունք, և ապօրինի բռնության ժամանակ անձն իրավունք ունի պաշտպանել իր կյանքը և առողջությունը ապօրինի ոտնձգությունից»:

Նմանատիպ 30-ից ավելի հարցաքննությունները, սակայն, չեն ընդգրկվել մեղադրանքի ծավալում: «Բացի այդ, մեղադրանքի վկայակոչած և դատարանում հարցաքննված ոչ մի վկա զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մասին ոչինչ չհայտնեց: Այսքանից հետո ձևացնել, թե Սեֆիլյանի հետապնդումը քաղաքական չէ, նշանակում է շարունակել ջուր լցնել քաղաքական իշխանության ջրաղացին, շարունակել սպասարկել դրան և փորձել կյանք տալ ապօրինի և կենսունակությունից զուրկ վարույթին»,-ասաց Արայիկ Պապիկյանը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված