Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Քաղաքացու ստորագրությունը կեղծել են, սակայն կեղծողը հայտնի չէ



Սխալներ՝ դատական որոշման ամենակարևոր մասում

«Ստացվում է, որ հոր սստորագրությունները կեղծել են, բայց չեն կարողանում գտնել՝ ով է դա արել: Բայց ինչպե՞ս կարող էր անծանոթ մեկը մուտք գործել փակ տարածք, անցնել պահակակետից, մտնել տնօրենի սենյակ ու կեղծել ստորագրություններ աշխատանքային փաստաթղթի տակ»,-ասում է Արարատ քաղաքի բնակչուհի Գայանե Հովհանյանը:

Թեպետ Գայանեն հոր՝ Գյանջիրով Հովհանյանի մահվան իրական պատճառները հետաքննելու ճանապարհին հայտնաբերել է հոր ստորագրության կեղծման փաստեր, այդուհանդերձ, որևէ պատասխանատվություն չի հետևել դրան: Ընդհակառակը, թեև դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ ստորագրությունները կեղծ են, այնուամենայնիվ, կեղծողի անձն այդպես էլ չի կարողացել պարզել քննիչ Ա. Ավետյանը: Իսկ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, գտել է, որ քննիչի որոշումը հիմնավոր է: Գայանե Հովհանյանը օրեր առաջ բողոքարկել է մերժման որոշումը Վերաքննիչ դատարան:

«Հետքը» ծանոթացավ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի մերժման որոշմանը, որի վերջում «ՈՐՈՇԵՑ» բառից հետո բոլորովին այլ քննիչի ազգանուն է գրված. Ա. Ավետյանը դարձել էր Ա. Սաֆարյան, իսկ Գայանե Գյանջիրովի Հովհանյանի անունից հետո, թերևս, այլ դատական ակտից մնացած «Ռոբերտ» անունը կա: Ի դեպ, նույն դատարանի մեկ այլ դատական ակտում արձանագրել էինք copy-paste-ի հետևանքով հին ակտից մնացած ևս մեկ դեպք:

Ըստ տուժող Հովհանյանների ներկայացրած փաստարկների` Արարատ քաղաքի քարի արտադրամասում՝ «Ջի ընդ Էյ Ինքորփորեյշն» ՓԲԸ-ում աշխատանքի ընդունվելու վերաբերյալ 3 դիմումներում իր հոր ստորագրությունը կեղծվել է: Գայանե Հովհանյանն այս մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն: Հարուցվել է քրեական գործ Քննչական կոմիտեի Արարատի քննչական բաժնում, սակայն ամիսներ անց այն կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: Գայանե Հովհանյանը կասեցման այս, ինչպես նաև հոր մահվան հիմնական գործով կասեցման որոշումները բողոքարկել էր դատարան: Ու եթե հիմնական գործով Վերաքննիչ դատարանում նա հասել է կասեցման որոշման բեկանման, ապա ստորագրությունների գործով օրերս է բողոք ուղարկել Վերաքննիչ դատարան:

Նշենք, որ հենց այդ քարի արտադրամասից ենթադրյալ քարի ջարդոններ բերելու փորձից էլ սկսվել էր կոնֆլիկտը քարի արտադրամասի սեփականատերերի՝ Ավետիսյան ընտանիքի, մասնավորապես՝ Նարեկ և Հովհաննես Ավետիսյանների հետ: Գյանջիրով Հովհանյանի անհետանալուն նախորդող դեպքերին ականատես էր եղել նաև նրա դուստրը, ով հետագայում սկսել էր իր սեփական հետաքննությունը: Նա մինչ օրս չի հավատում ինքնասպանության վարկածին: Պայքարում է մեղավորներին պատասխանատվության կանչելու համար:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել Գայանե Հովհանյանի բողոքն՝ ընդդեմ Արարատի քննչական բաժնի քննիչ Ա. Ավետյանի` կասեցման մասին որոշման: 

Դատարանը գտել է, որ քննիչ Ա.Ավետյանը բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կատարել է լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության համար, սակայն հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցներ ձեռք չի բերել, հետևաբար արձանագրել է, որ քննիչի որոշումը հիմնավոր է և օրինական:

Գայանե Հովհանյանն այլ կարծիքի է, նա համարում է, որ քննիչը պարզապես ամեն բան արել է, որ «Ավետիսյանները կրկին դուրս մնան պատասխանատվության օղակից: Իսկ դատարանն էլ պարզապես կնքել է քննիչի որոշումը: Դա է պատճառը, որ նորից բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան»:

Հովհանյանները մեկ անգամ չէ, որ փորձել են գործի քննությունը դուրս բերել Արարատի մարզից, քանի որ, ըստ տուժած ընտանիքի, նույն մարզի քննչականում, նույն քննիչի կողմից բազմաթիվ բացթողումներ են եղել իրենց հոր մահվան հանգամանքները քննելիս, հետևաբար՝ ի՞նչ երաշխիք, որ նույնը չէր կրկնվի:

«Ես կհամաձայնեի, որ Արարատում մնար գործը միայն մեկ պայմանով, երբ միակ քննիչը Ավետյանը լիներ: Նույն Ավետյանը 2015-ին կարճել էր իմ հոր մահվան քրեական գործը»,- «Հետք»-ին ասաց Գայանե Հովհանյանը: Հետագայում Գայանեն նոր քննության ժամանակ հասել էր նրան, որ հիմնական գործը Արարատի մարզում չէր քննվել: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված