Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

Դատարանը կպարզի՝ Ստեփան Գրիգորյանի նախկին դատվածությունը 1981, թե 1991 թվականին է եղել



Այսօրվա դատական նիստին ևս Վերաքննիչ դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը որոշում չկայացրեց՝ ցմահ բանտարկյալ, 23 տարի բանտում պատիժը կրող Ստեփան Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ։

Ճիշտ է, դատավորը ստացել և ուսումնասիրել էր Ստեփան Գրիգորյանի անձնական գործը «Արմավիր» ՔԿՀ-ից, սակայն այնտեղ ջնջում էր հայտնաբերել։ Այն վերաբերում էր Ստեփան Գրիգորյանի նախկին դատվածությանը։

«Պետք է պարզել՝ Ստեփան Գրիգորյանի նախկին դատվածությունը ո՞ր թվականին է եղել։ Անձնական գործում գրվածը ջնջված է»,-նշեց դատավորը՝ պարզաբանելով, որ դատարանի նպատակն է ստուգել՝ արդյոք առկա է ռեցիդիվ։

Ստեփան Գրիգորյանն ու նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանը նշեցին, որ խոսքը 1981 թվականի մասին է, եւ ռեցիդիվ (կրկնահանցագործություն) առկա չէ։

«Արմավիր» ՔԿՀ ներկայացուցիչը ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Հարությունյանից ստացված տեղեկանքը ներկայացրեց, ըստ որի` անձնական գործում տեղ է գտել վրիպակ` Ստեփան Գրիգորյանը ռեցիդիվ չունի։

Դատախազը նշեց, որ Ստեփան Գրիգորյանը 1981-ին է դատապարտվել ազատազրկման Ժողդատարանի կողմից` չորս տարի ժամկետով։

Լսելով կողմերի կարծիքները՝ դատարանը որոշեց հարցում ուղարկել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն. «ՔԿՀ-ից ստացված տեղեկանքը չի կարող փոխարինել ինֆորմացիոն կենտրոնի տեղեկանքին»։

Նիստն ընդմիջվեց մինչև փետրվարի 6-ը։

Դատական նիստից հետո փաստաբանը լրագրողներին տեղեկացրեց, որ 1981-ին, երբ Ստեփան Գրիգորյանն անչափահաս է եղել, դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, որը վաղուց արդեն մարված դատվածություն է և Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն չի կարող իր պաշտպանյալի համար առաջացնել որևէ իրավական հետևանք։

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանն արդեն երրորդ անգամ է պայքարում պայմանական վաղաժամկետ ազատման իր իրավունքից օգտվելու համար։ Իրեն մեղավոր է ճանաչում։ Դատապարտվել է մահապատժի 1997թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ՝ 1961թ. Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով` մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից: 2003թ. նախագահի ներման հրամանագրով մահապատիժը փոխվել է ցմահ ազատազրկման: Թեպետ Ստեփան Գրիգորյանը 2015-ի մայիսի 14-ից ստացել է պայմանական ազատվելու իրավունք, այսինքն՝ լրացել է ցմահ դատապարտյալի պատժի կրման 20 տարին (նախնական կալանքի տակ եղած 1 տարվա ժամանակահատվածը, նախկին օրենքի համաձայն, հաշվարկվել է 1 օրը մեկուկեսի համապատասխան: Ուստի ստացվել է, որ 2015թ. լրացել է պատժի կրման 20 տարին), այդուհանդերձ, պայմանական վաղաժամկետ ազատման հարցում մերժում է ստացել:

Մերժվել են նաև պատժի կրման 20 տարվա շեմը հատած ևս 30 մահապատժի ու ցմահ ազատազրկման դատապարտվածների դիմումներ։

Լուսանկարում ձախից` փաստաբան Ռ. Ռևազյանը, Ստեփան Գրիգորյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Սևակ09:13 - 11 փետրվարի, 2018
ինչ ասել է սպանության գործով որպես մասնակից? հեղինակի գրիչը չի պտտվում որ գրի մարդասպան? ու քանի հոգու արյուն կա ազատություն տենչող էս մասնակցի վրա?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված