ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանին պայմանական ազատելու հարցը լսվում է Վերաքննիչ դատարանում



Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ, ավելի քան 4 տարի «Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող, հաշմանդություն ունեցող Վարդան Վարդանյանին դատարանը մերժել է պայմանական վաղաժամկետ ազատել։ 2017-ի դեկտեմբերի 8-ի որոշման մեջ՝ որպես մերժման հիմք նշվել է այն, որ Վարդան Վարդանյանը 5 տույժ է ունեցել, իրեն մեղավոր չի ճանաչում, չվճարած դատական ծախս կա։

Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը բողոքարկել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Նա Վերաքննիչ դատարանից՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանից խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, կիրառել պայմանական վաղաժամկետ ազատումը։ Վարդան Վարդանյանը չէր ներկայացվել դատարան, սակայն Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց հաջորդ նիստին՝ հունվարի 31-ին, ապահովել պահեստազորի փոխգնդապետ դատապարտյալի ներկայությունը։

Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ներկայացրեց Վարդան Վարդանյանի անցած ճանապարհը՝ Արցախյան պատերազմ, զինվորական բարձրագույն կրթություն, նախկինում դատված ու արատավորված չի եղել, ունի առողջական խնդիրներ, անդամահատված են մատները, տույժերը մարված են վաղուց․ «Այս հարցն առավել շատ ունի քաղաքական ենթատեքստ, քան իրավական»,- նշեց Ինեսսա Պետրոսյանը։ Նա խնդրեց Վերաքննիչ դատարանից մարդասիրական մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով Վարդան Վարդանյանի ավանդը հայրենիքի պաշտպանության գործում։

Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ վերջին տույժը եղել է 1 տարի առաջ։ Դրանք՝ բոլորը, եղել են բջջային հեռախոսի համար, որով, ըստ պաշտպանի, դատապարտյալը կապ է պահել ընտանիքի հետ։

Դատախազ Իսախանյանի կարծիքով՝ բողոքը ենթակա է մերժման, քանի որ Վարդան Վարդանյանը կատարել է ծանր հանցագործություն՝ խուլիգանություն, կա դատական չմարված ծախս, չի ընդունում իրեն մեղսագրված արարքը։ «Ինչպես կարելի է խոսել ուղղված լինելու մասին»,- նշեց դատախազ Իսախանյանը։

ՔԿՀ ներկայացուցիչ, արդարադատության փոխգնդապետ Հրայր Գրիգորյանը նշեց, որ Վարդան Վարդանյանը վատառողջ է, հաշմանդամ է, կոնտուզիայի խնդիրներ ունի, հաշվառված է բուժսպասարկման բաժնում։ Արտաքին աշխարհի հետ կապ ունի, հարգալից է աշխատակիցների հետ։ Աշխատանքի տեղը համալրված է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, տեղերը սահմանափակ են։

Վարդան Վարդանյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման 2013 թ-ի նոյեմբերի 5-ի գործով, որն առավել հայտնի է «Արժեքների հեղափոխություն» կամ «Շանթ Հարությունյան և մյուսներ» անուններով։

Հիշեցնենք, որ 2013 թ-ի նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների» երթի մասնակից 14 քաղաքացիներից 12-ը դատապարտել էին 1,6 -7 տարվա ազատազրկման։ Նրանցից 4-ն արդեն ազատության մեջ են, որոնցից մեկը՝ Հայկ Հարությունյանը պայմանական վաղաժամկետ։ Այս գործով տուժողներ ճանաչված ոստիկանները հիմնականում տուժել էին այնքանով, որ նրանց աչքերն էին մրմռացել: Այդպիսի ցուցմունք էին նրանք տալիս առաջին ատյանի դատարանում:

Քաղաքացիական հայց «Շանթ Հարությունյան և մյուսներ» գործով չէր ներկայացվել։ Դատական ծախս որպես ներկայացվել էր 270000 դրամ, որը գոյացել էր կատարված փորձաքննություններից։ Այն վճարման էր ենթակա համապարտության կարգով։ Միսակ Առաքելյանը, ով պետական գանձարան պիտի վճարեր 50.000 դրամ տուգանք, մեզ հետ զրույցում նշեց, որ 270000 դրամ դատական ծախսը իր աշխատավարձային բանկային քարտից է պահվել դեռևս 3 տարի առաջ՝ դատավարության ավարտից հետո «Կամ պատահականություն է, կամ դիտավորություն, որ դատական ծախսի վճարված լինելու մասին ապացույցը տեղ չի գտել մեր անձնական գործերում։ Պայմանական ազատման ժամանակ նման խնդիր առաջացել է։ Իմ հարազատներն են ապացույցը դատարան բերել»,- մեզ հետ զրույցում նշեց Հայկ Հարությունյանը։

Հաջորդ նիստին դատավոր Ռուբիկ Մխիթարյանը կլսի դատապարտյալ Վարդան Վարդանյանին։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված