Կիրակի, 15 դեկտեմբերի

60-ամյա դատապարտված գործարարը հույս է ունեցել՝ շուտով կվերադառնա ընտանիք



2017 թ-ի օգոստոսի 10-ին թեև լրացել է գործարար, արդեն 7 տարի ազատազրկված Աշոտ Հակոբյանի պայմանական վաղաժամկետ ազատվելու ժամկետը, այդուհանդերձ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է նրան պայմանական ազատություն վերադարձնել: 60-ամյա ազատազրկված գործարարը հույս է ունեցել, որ շուտով կվերադառնա ընտանիք: 

Հատկանշական է, որ Աշոտ Հակոբյանը չի ունեցել որևէ նկատողություն, որևէ տույժ, մարզվել ու մարզվում է, առողջ ապրելակերպ վարում: Դատախազը վկայակոչել է քաղաքացիական հայց, որը, ըստ պետական պաշտոնյայի, խոչընդոտ է Աշոտ Հակոբյանին պայմանական ազատելու համար:

«Չկա ոչ վեճ, ոչ առավել ևս ուժի մեջ մտած որևէ դատական ակտ»,-գրված է Աշոտ Հակոբյանի նամակում:

«Հետքն» անդրադարձել է Աշոտ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին՝ նրա հետ հանդիպելով ու հարցազրույց վարելով «Հրազդան» ՔԿՀ-ում:

Աշոտ Հակոբյանը 2010-ի ապրիլի 10-ից` 8-րդ տարին, զրկված է ազատությունից: Դատապարտվել է 2011թ.-ին 11 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով փողերի լվացման, խարդախության և փաստաթղթերի կեղծման մեջ: Ըստ մեղադրանքի` Աշոտ Հակոբյանն ու նրա հրեա գործընկերը 176 մլն դրամ են օրինականացրել: Նրա հետ մեղադրյալի աթոռին նստած է եղել նաև իր երբեմնի հրեա գործընկեր, «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի բաժնետեր՝ Իգոր Մանդելը, ում նկատմամբ, դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում է կայացրել: 

Աշոտ Հակոբյանը նամակ է ուղարկել «Հետքի» խմբագրություն, որտեղ նշել է. «Օրենքը ցանկացած հանցագործություն կատարելու դեպքում նախատեսում է դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատում: Իմ պահով, քանի որ ինձ առաջադրված շինծու մեղադրանքով առանձնապես ծանր հանցագործութուն են բվերագրել ու անօրինական դատապարտել 11 տարվա ազատազրկման, օրենքն այս դեպքում նույնպես նախատեսում է պատժի 2/3-ի կրման դեպքում դատապարտյալին կալանքից վաղաժամկետ ազատվելու հնարավորություն տալ: Պատժի նպատակը դատապարտյալին ուղղելն է: Ես ի սկզբանե ուղղվելու որևէ խնդիր չեմ ունեցե: Պատժի հետագա կրման կարիք չի եղել, նման անհրաժեշտություն  չի եղել... որտեղ էլ, որ գտնվել եմ ոչ մի անգամ ոչ մի խախտում, ոչ մի նկատողություն չունեմ: Ավելին՝ փոխարենը՝ ունեմ փոխադարձ ջերմ հարգանք...»:

«Հրազդան» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը նրան տվել է դրական բնութագիր, սակայն պայմանական ազատման երկրորդ օղակը՝ անկախ հանձնաժողովը տնել է բացասական եզրակացություն՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում: Աշոտ հակոբյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մերժում է ստացել:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված