ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Թունավոր ծառի» պտուղները դատարանում



Ինչպես նախորդ, այնպես էլ այս դատական նիստին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը չկարողացավ որևէ հայտարարություն անել նստած տեղից հայտարարություն անելու փորձը հիմք հանդիսացավ նրան դարձյալ նիստերի դահլիճից հեռացնելու համար։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հիմնավորումը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքն է։

Գևորգ Սաֆարյան «Նիստերին մասնակցելն իր իրավունքն է և ոչ թե պարտականությունը»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճից դուրս եկավ նաև Գևորգ Սաֆարյանը՝ հայտարարելով, որ նիստերին մասնակցելն իր իրավունքն է և ոչ թե պարտականությունը։ Թեպետ դատավոր Գրիգորյանը մի քանի անգամ կարգադրեց Գևորգ Սաֆարյանին չլքել դատարանի դահլիճը, այնուամենայնիվ Սաֆարյանը դուրս եկավ՝ ասելով՝ դատարանը նման կարգադրություն անելու իրավունք չունի։  


Ժիրայր Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի մի քանի միջնորդությունները՝ իր պաշտպանյալներին դարձյալ նիստերի դահլիճ հրավիրելու մասին, մերժվեցին։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի խոսքով, դատարանը չի խախտում ամբաստանյալների արդար դատաքննության իրավունքը, այլ հակառակը՝ ամբաստանյալներն են իրենց գործողություններով իրենք իրենց դրել նման վիճակի մեջ։

20 փամփուշտ չի կցվել իրեղեն ապացույցներին

Մինչ այդ դատարան էր հրավիրվել ոստիկանության փորձագիտական կենտրոնի փորձագետ Ռուբեն Պողոսյանը, ով իրականացրել էր այս գործով իրեղեն ապացույց ճանաչված ու դատարանում հետազոտված փամբուշտների և ավտոմատների փորձաքննությունը։

Իրեղեն ապացույցները դատարանում զննելիս ևս պաշտպաններն ու ամբաստանյալները հարց բարձրացրեցին՝ արդյոք ավտոմատները և փամփուշտները չեն փոխվել։ Նման կասկածի համար հիմք հանդիսացավ այն, որ փամփուշտները ոչ թե 120 հատ էին, ինչպես նշված է մեղադրանքում, անգամ դատարան ուղարկված գործի նյութերում, այլ՝ ընդամենը 100։ Այն, որ քսան փամփուշտ բացակայում է, պարզ դարձավ դատարանում, երբ հետազոտվում էին ապացույցները։ Այդ ժամանակ պաշտպանները հաշվեցին փամփուշտները։ Փորձագետը դատարանում ևս նշեց, որ քսան փամփուշտ օգտագործել է փորձաքննության համար։ Մինչդեռ ազատության մեջ գտնվող միակ ամբաստանյալ Սմբատ Գալոյանը ցուցմունք էր տվել, որ փամփուշտները եռացրել է դրանք ոչ պիտանի դարձնելու համար։ Ամբաստանյալներից մեկի հարցին, թե արդյոք փամփուշտները եռացնելուց հետո պիտանի կլինեին, փորձագետը պատասխանեց, թե դուրս գալուց հետո դատավորին կասի։ Փորձաքննությունը կատարվել է երեկոյան 21-ից հետո, 1967 թ-ի մոթոդիկայով։

Երկու ինքնաձիգերի լուսանկարները չեն պահպանվել

Եզրակացությանը կցվել է երկու լուսանկար, որտեղից պարզ չեն երևում ինքնաձիգերի համարները, չկա դետալներ։

Փաստորեն իրեղեն ապացույցների մի մասը ոչնչացվել է՝ արձանագրեց փաստաբան Գեորգի Մելիքյանը, այնինչ դրանք ևս պիտի ներկայացվեին


Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչն էլ նշել է, որ լուսանկարել է ինքնաձիգերը, սակայն հետո տեղեկանք է կազմել, որ դրանք չեն պահպանվել։ Այն, որ չկան լուսանկարներ, սխեմա, պաշտպանական կողմի գնահատմամբ, էական խախտում է։ Պաշտպանները համակարծիք էին՝ փորձաքննությունը անթույլատրելի ապացույց է։

Թոփչյանը հայտարարեց, որ դատարան ներկայացված ավտոմատները և ստվարաթղթե արկղում հայտնաբերվածները նույնը չեն։ Հետաքննիչն էլ որևէ նույնականացնող տվյալ չի արձանագրել, չի հրավիրել մասնագետ, լուսանկարները չեն պահպանվել։

Բարձրացվեց մի շարք ապացույցներ անթույլատրելի ճանաչելու հարց  


Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց մի շարք ապացույցներ անթույլատրելի ճանաչելու մասին, մասնավորապես՝ ստվարաթղթե արկղը զննելու մասին արձանագրությունը, որի մեջ գտնվել են ինքնաձիգերը։ Բանն այն է, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ ինքնաձիգերի մասին խոսք չկա։ Դրանք զննվում են հետո՝ Մաշտոցի բաժնում, որտեղ Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած վթարից հետո բերման է ենթարկվում ամբաստանյալներից Հրայր Թոփչյանը։

Ըստ նրա պաշտպան Գեորգի Մելիքյանի, այդ ժամանակահատվածում, ըստ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման, Թոփչյանն ունեցել է կասկածյալի բոլոր իրավունքները, թեպետ բերման ենթարկվածի կարգավիճակ է ունեցել։ Մինչդեռ, ըստ պաշտպանների, նրան չեն պարզաբանվել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր իրավունքները։   

Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանը շեշտեց, որ թունավոր ծառի պտուղների սկզբունքով, պետք է անթույլատրելի ճանաչվեն ստվարաթղթե արկղի զննությունից բխող բոլոր մյուս ապացույցները ևս։ Նա ընդգծեց, որ բացառապես միայն դեպքի վայրի զննություն կարող է կատարվել, այնինչ ստարաթղթե արկղի զննություն է կատարվել։


Ըստ դատախազ Ենոքյանի, հետաքննության տեսուչ Տեր-Պողոսյանի կողմից որևէ կարգ չի խախտվել։ Արկղը զննելու մասին արձանագրությունը, նրա կարծիքով, թույլատրելի ապացույց է։ Թունավոր ծառի պտուղներն այս պարագայում կիրառելի չեն, այսինքն՝ այն, որ անթույլատրելի են մեկ անթույլատրելի ճանաչվող ապացույցից բխող մյուս բոլոր ապացույցները, ըստ մեղադրող Ենոքյանի, այս պարագայում կիրառելի չէ։

«Փորձագետի հարցաքննությունը չփարատեց կասկածները, որ իրեղեն ապացույց ճանաչված փամփուշտներն ու ինքնաձիգերը չեն փոխվել»,-մեզ հետ զրույցում ասաց ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։


Չփարատվեցին նաև փաստաբան Գեորգի Մելիքյանի կասկածները։ Դատախազը ընթերցեց Կառավարության կարգից հատված՝ ասելով, որ Հրայր Թոփչյանին պարզաբանվել են իր իրավունքները և, որ Լենինգրադյան փողոցի մոտից երբ Հրայր Թոփչյանը բերման է ենթարկվել, ստվարաթղթե արկղը ևս տարվել է նրա հետ։

Պաշտպան Գեորգի Մելիքյանը նշեց, որ ամենակարևորը՝ իր պաշտպանյալին չի պարզաբանվել Լռելու իրավունքը, այն, որ նա կարող էր ընդհանրապես լռել տվյալ պարագայում։ Պաշտպանը նաև հայտարարեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը գերակա է Կառավարության կարգից և, որ հետաքննիչը պետք է առաջնորդվեր քրեական դատավարության օրենսգրքով։

Դատարանը որոշեց այդ միջնորդությանն անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ մյուս ապացույցների հետ համադրության մեջ։

Ալեք Ենիգոմշյանը չի հրավիրվի դատարան


Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այսօր մերժեց մի շարք միջնորդություններ՝ պաշտպանական կողմից մի շարք վկաներ՝ Ալեք Ենիգոմշյանին, Սյուզան Սիմոնյանին և այլոց դատարան հրավիրելու, ազատության մեջ գտնվող միակ ամբաստանյալ Սմբատ Գալոյանին դատարան հրավիրելու մասին։

Պաշտպան Պապիկյանը տեղեկություններ հայտնեց, ըստ որոնց Սմբատ Գալոյանը, ով, ի տարբերություն մյուս յոթ ամբաստանյալների, ազատության մեջ է, 2016 թ-ի օգոստոս- սեպտեմբեր ասմիսներին մոտեցել է մի շարք անձանց, օրինակ՝ Օպերայի հրապարակում, ասել, որ ինքը հավաքագրում է մարդկանց, նշել, որ արդեն շուրջ երեք հարյուր մարդ է հավաքագրել։

Ազատության մեջ գտնվող միակ ամբաստանյալը

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյան Սմբատ Գալոյանը այն արմատական մեղադրյալն է, որի շուրջ շատ են կասկածները, ավելին՝ պաշտպանը նշեց, որ Գալոյանը ԱԱԾ գործակալ է, իշխանությունները Գալոյանի միջոցով ստեղծել են անհիմն մեղադրանք։

«Ժիրայր Սեֆիլյանը ներկա չի եղել նրա հարցաքննությանը, առերես հարցաքննություն էլ չի եղել։ Հակընդդեմ հարցման իրավունքը չի պահպանվել։ ՄենքԳալոյանին չենք տեսել, չենք ճանաչում, բայց այդ մարդու ցուցմունքներով Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է։ Սմբատ Գալոյանն է մոտեցել Հիմնադիր Խորհրդարանի շատ անդամների, փորփել է հրահրել, ասել, որ եկեք հանդիպենք, կարողանանք քննարկել։ Իսկ հայտնի է, որ դրդչությամբ ու պրովոկացիայով ձեռքբերվածը չի կարող դիտվել որպես ապացույց»,-նշեց Տիգրան Հայրապետյանը։

Ուշագրավ էր, որ ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն առարկեց Սմբատ Գալոյանին դատարանում կրկին հարցաքննելու միջնորդության դեմ, ինչը թեժացրեց իրավիճակը։ Բանն այն է, որ Հովհաննես Պետրոսյանն ու Սմբատ Գալոյանը արյունակիցներ են։

Նիստի ավարտին փաստաբան Տգրան Հայրապետյանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված