Երկուշաբթի, 22 հուլիսի

Դատական ֆարս



Հունիս 10-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննեց ապրիլի 5-ին Նաիրի կինոթատրոնի մոտ «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործը: 

Այդ օրը մի խումբ սափրած գլուխներով անձինք ծեծի ենթարկեցին լրագրողներին եւ կոտրեցին նրանց տեսախցիկներն ու լուսանկարչական ապարատները: Այդ մարդկանցից առնվազն երկուսը մինչեւ ապրիլի 5-ը` ծեծի օրը, աշխատում էին հայտնի օլիգարխ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում (Բռնություններ լրագրողների նկատմամբ): 

Դատարանում ամբաստանյալներ Հրայր Հարությունյանը (արտաշատցի Հրո) եւ Աշոտ Ավետիսյանը (բանգլադեշցի Համո) հրաժարվեցին ցուցմունք տալ: Դատարանը հրապարակեց նրանց նախաքննական ցուցմունքները: Ըստ այդ ցուցմունքների` նրանք միտինգի վայրում պատահական են հայտնվել: Հ. Հարությունյանը ցուցմունքում նշել էր, թե Արտաշատից եկել էր Նաիրի կինոթատրոնի մոտի խանութից խմորեղեն գնելու ու «ստիված» ջարդեց «Կենտրոն» եւ Հանրային հեռուստաընկերությունների տեսախցիկները:

Աշոտ Ավետիսյանը մոտակայքում գտնվող «Առագաստ» սրճարանում ժամադրված էր աղջկա հետ: Երբ տեսել է, որ իրեն նկարահանում են, մտածել է, որ լուսանկարը կտպագրվի եւ ինքը տանը կնոջ հետ խնդիրներ կունենա: Այդ պատճառով որոշեց ջարդել «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանի լուսանկարչական ապարատը: 

Ըստ գործի նյութերի նախաքննության ժամանակ առերես հարցաքննության արձանագրությամբ ամբաստանյալ Հրայր Հարությունյանը ճանաչել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին, բայց լրագրողն ամբաստանյալին չի ճանաչել:

Տուժող կողմի միջնորդությամբ դատարանում հրապարակվեց նախաքննության ավարտին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի «մեղադրյալները որոշվել են ոչ թե նախաքննական, այլ ինչ-որ արտաքննական պրոցեսում, նախաքննությունը կատարվել է ոչ լրիվ, բոլոր մեղավորները բացահայտված չեն»: Տուժող կողմը միջնորդեց որպես ապացույց ճանաչել տեսագրությունը, որ պատկերում է ջարդարարություն կատարած բոլոր անձանց, սակայն դատարանը մերժեց այն` միջնորդությունը տվյալ գործի շրջանակից դուրս լինելու հիմնավորմամբ:

Նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյանը տեղեկացրեց, որ մայիսի 31-ին որոշում է կայացվել անհայտ անձանց վերաբերյալ գործից մաս անջատելու մասին: Ամբաստանյալներն իրենց վերջին խոսքում հայտարարեցին զղջալու մասին, մինչդեռ դահլիճից դուրս նրանց կողմնակիցներն ընդգծված ագրեսիվ եւ ցինիկ պահվածք էին դրսեւորում լրագրողների հանդեպ:

 

Նրանք պատնեշել էին դատարանի դահլիճի դուռը, արգելում էին լրագրողներին եւ օպերատորներին մուտք գործել դահլիճ, զազրախոսում էին օրենքի պահապանների` ոստիկանության աչքի առաջ: Ի պատասխան «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակից Սոնա Մաշուրյանի պահանջի` չխոչընդոտել իր աշխատանքին, ոստիկաններից մեկն անվայելուչ խոսքերով պարզաբանել է, թե դահլիճում տեղ չկա, իսկ դատական նիստի դահլիճի դուռը «հսկող» հաստամարմիններից մեկը խոստացել է ջարդել նրա գլուխը: 

Դատարանը հավատաց ամբաստանյալների նախաքննական ցուցմունքներին եւ չփորձեց անգամ պարզաբանել դրանց իսկությունը: Մեղադրողը` Երեւանի դատախազի ավագ օգնական Արթուր Երիցյանը, նկատի ունենալով ամբաստանյալների զղջալու հանգամանքը եւ քրեական գործի մեջ առկա դրական բնութագրությունները վերջիններիս` օրինակելի մարդ լինելու մասին` միջնորդեց նրանց տուգանել 100 հազարական դրամով, որը կգանձվի պետբյուջե: Դատավոր Ռուբեն Ներսիսյանը բավարարեց միջնորդությունը եւ վճռով ՀՀ պետական բյուջե գանձեց 200 հազար դրամ:

Ըստ գործի նյութերի փոխհատուցվեցին նաեւ լրատվամիջոցներին պատճառված նյութական վնասները` Հանրային հեռուստատեսությանը 290 հազար դրամ, «Կենտրոն»-ին` 247 հազար դրամ, «Հայկական ժամանակ» օրաթերթին` 200 հազար դրամ: «Առավոտ» օրաթերթը հրաժարվել է քաղհայցից, հետեւաբար չի ստացել իրեն հասանելիք 10 հազար դրամ փոխհատուցումը: 

«Սա դատական ֆարս էր: Այս նիստը բացահայտեց, որ լրագրողների ծեծը կազմակերպված էր, եւ կար հստակ հրաման: Այդ հրամանը «կախված» էր նաեւ դատարանում: Իսկ թե ովքեր են տվել այդ հրամանը, մենք շուտով կգրենք դրա մասին»,-ասաց «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված