Երկուշաբթի, 21 հոկտեմբերի

ՏՏ ոլորտի և կրթական համակարգի միջև եղած բացերը



Կառավարության տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը շարունակում է զարգանալ տարեկան միջինը 20%-ով, սակայն ՏՏ մասնագետների կարծիքով՝ կրթական համակարգը չի պատրաստում համապատասխան մասնագետներ։

ՏՏ ոլորտի և կրթական համակարգի միջև եղած բացերի մասին իրենց տեսակետն են արտահայտում ոլորտի ներկայացուցիչներն ու ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտորը։

Անդրանիկ Խաչատրյան

2012 - 2017 օգոստոս «Հայկական Ծրագրեր» ընկերության ուսումնական կենտրոնի ղեկավար։

ՏՏ ոլորտի և կրթության միջև եղած բացը լրացնելու լավագույն տարբերակը հետևյալն է՝ այնպես կարգավորել օրենսդրական դաշտը, որ հնարավոր լինի բացել անկախ, բայց տրամադրած դիպլոմով պետականներին չզիջող համալսարաններ։

Փոփոխության հասնելու համար մրցակցություն է պետք։ Եթե հնարավոր լինի բացել անկախ բուհեր, որոնք կունենան իրենց սեփական ծրագրերը, ապա կլինի առողջ մրցակցություն՝ ամեն ինչ կարվի ուսանողին գրավելու և որակյալ կրթություն ապահովելու համար։ Եթե ուսանողները չընտրեն այդ բուհը, չաշխատի, ապա կփակվի։ Հեշտ է կողքից ասել՝ ինչ փոփոխություններ են պետք։ Դրա համար եղածը փոխելու կամ կողքից խորհուրդներ տալու փոխարեն ճիշտ կլինի ունենալ նորը բացելու և այլ բան առաջարկելու հնարավորություն։

Ես չեմ մեղադրում՝ կարծում եմ, որ բուհերը պատրաստ չեն դրսից նոր բաներ վերցնելով` ներսում ինչ-որ բան փոխել։ Համալսարանների ղեկավարության կողմից չեմ հիշում որևէ հայտարարություն, որտեղ իրենք ասեն, որ վիճակը վատ է, այնպես որ ակնհայտ չէ՝ ինչու պետք է արմատական փոփոխություններ անեն։ Նկատելի է, որ Հայաստանում մեծ և փոքր ընկերություններն ունեն իրենց ուսումնական նախագծերը ու դրանցով ոչ միայն նեղ մասնագիտական հմտություններ են փոխանցում, այլև անում են այն, ինչ բուհերը պետք է անեին։

Աշխատանքի ընդունելիս զգացել ենք, որ հիմնանար գիտելիքի ու փորձի խնդիր ունեն ուսանողները։ Մտածում էինք մագիստրատուրայի նոր ուղղություն ստեղծել, հետո հասկացանք, որ դա անիմաստ կլինի, եթե մարդ բակալավրում բավարար հիմք չի ստանում։ Դրա համար որոշեցինք, օրինակ, ունենալ մեր ուսումնական նախաձեռնությունը՝ այն հեռանկարով, որ կա´մ կմեծանա, կա՛մ կփակվի, կա՛մ որևէ բուհ համագործակցելու ցանկություն կհայտնի։ Արդյունքում՝ չփակվեց ու ամեն տարի դիմող ուսանողներն ավելի են շատանում։ «Հայկական ծրագրեր»-ի ուսումնական նախաձեռնության շրջանակում 1 տարվա ընթացքում դասավանդվում են առարկաներ, որոնք մեր կարծիքով կարևոր են, բայց բուհերում համապատասխան ծրագրով ու նյութերով չեն դասավանդվում կամ ուղղակի անտեսվում են։

Պետք է նշել, որ աշխարհում շատ են երիտասարդ գիտնականներն ու ասպիրանտները գնում 35-55 տարեկան ղեկավարի մոտ, իսկ մեզ մոտ այդ շերտը պրակտիկորեն վերացել է. երիտասարդ դասախոսները քիչ են ու հիմնականում մեկ առարկա են դասավանդում։ Նույնիսկ եթե հիմա համալսարանում լավագույն պայմանները ստեղծվեն, միևնույն է՝ երիտասարդներին լրիվ ներգրավել բուհերում այնպես, որ փոխարինեն ավագ սերնդին, անհնար է։ Պատճառն այն է, որ ակադեմիական գործունեությունն անընդհատություն է «սիրում», ու գիտությունը 10 տարով թողնել, ու հետո հետ գալ՝ պրակտիկորեն անհնար է։ Եթե դիտարկենք դրսի համալսարանները ՝ դասախոսների միջին տարիքը 40 է, իսկ մեզ մոտ՝ կասկածում եմ` 60-ի մոտ (ավելի ցածր, եթե հաշվի չառնենք, որ երիտասարդ դասախոսների մեջ շատ են կես կամ քառորդ դրույք ունեցողները)։ Այսինքն՝ մենք ունենք «կորած սերունդ» գիտության մեջ, մի բան, որին ես լուծում չեմ տեսնում։

Ինձ թվում է՝ մեր բուհական համակարգում մոտիվացիայի պակաս կա։ Մարդ կուզենա լավ աշխատել, եթե իմանա, որ դրա շնորհիվ կունենա դրամաշնորհներ, կդառնա հայտնի գիտնական, ավելի շատ ասպիրանտ կունենա և այլն։ Արտասահմանյան բուհերում շեշտը դրված է գիտնականի մոտիվացիայի ու պատասխանատվության, այլ ոչ թե կանոնակարգերի ու կարգավորումների վրա։ Ընդ որում՝ երիտասարդներին շատ ավելի բան են վստահում, քան մեզ մոտ։ Օրինակ, երբ ես Գերմանիայում ասպիրանտ էի, երկու մագիստրոսի ղեկավար էի։ Լավ սովորող ուսանողներն իրենցից մի քանի կուրս ցածրերի համար գործնական են վարում։ Կա ուղղություն ու դրա պատասխանատուն՝ պրոֆեսորը, ով իր ամբիոնի գործերը տնօրինելու մեծ ազատություն ունի (մարդիկ, ֆինանսներ, առարկաներ, թեկնածուական ստանալու համար պահանջներ և այլն)։  

Մեզ մոտ գործանական-տեսական սխալ բաշխում կա, որովհետև ընդունված է, որ պրակտիկան իր կարևորությամբ ու ինտելեկտուալ նշանակությամբ զիջում է թուղթ ու գրիչին։ Միջին ուսանողը լավն է, բայց պրակտիկ գիտելիքներ չունի ու հաճախ դրա մեղավորն ինքը չէ։ Մյուս կողմից էլ, որպես այլընտրանք, կան առցանց կուրսեր. մնում է ինքնակրթությունը։

Գոռ Վարդանյան

Fimetech ընկերության հիմնադիր, Chessify ստարտափի տնօրեն, YerevaNN AI Lab-ի խորհրդի անդամ, Հայ-Ռուսական համալսարանի մեքենայական ուսուցման դասախոս։

Հայաստանում գոյություն չունի համալսարան, որտեղ ուսանողը 4 տարի սովորի (քիչ ժամանակ չէ) և այդ գիտելիքով ընդունվի աշխատանքի՝ որպես կրտսեր մասնագետ։ Սա և՛ որպես գործատու, և՛ որպես դասախոս եմ ասում։

Լուսանկարը՝ Startup Grind Yerevan-ի

Իրականում կրթությունը կապ չունի ՏՏ ոլորտի զարգացման հետ։ Ոլորտն ինքն իրեն է զարգանում, որովհետև պայմանավորված է ոչ թե տեղական, այլ աշխարհի շուկայով։ Հիմա հակառակն ենք տեսնում՝ ՏՏ-ն է ազդեցություն ունենում կրթության վրա՝ փորձելով տարբեր թրեյնինգներով զարգացնել կրթական համակարգը։

Գրեթե բոլոր համալսարանների ՏՏ ոլորտի մասնագետներ պատրաստող բաժինները շատ վատ վիճակում են։ Ես համաձայն չեմ, որ համալսարանն աշխատել պատրաստելու համար չէ։ Այո՛, այն պետք է գիտնականներ կրթի, բայց նաև կարևոր ցուցանիշ է՝ ուսանողներից քանիսն են ավարտելուց հետո, մեկ տարվա ընթացքում, աշխատանք գտնում։ Խնդիրը ոչ թե դասավանդվող առարկաներն են, այլ մեթոդները, ընդհանուր համակարգը։

Համակարգային փոփոխություններ չեմ տեսնում, բայց, օրինակ, Ամերիկյան ու Հայ-Ռուսական համալսարաններում մի քանի անհատների շնորհիվ բացվեցին մեքենայական ուսուցման բաժիններ։ Տեսնում էին, որ ՏՏ-ի ու կրթության կապը կոտրվում է, փորձեցին ինչ-որ քայլեր անել։

Հայաստանում պոտենցիալը մեծ է։ Ունենք Խորհրդային միությունից մնացած շատ ուժեղ մաթեմատիկական բազա և, եթե այդ բազան ու ինժեներական մտածողությունը չկապենք հիմա զարգացող ճյուղերից, օրինակ, մեքենայական ուսուցմանը, շատ վատ կլինի։ Համալսարաններում չկա պրակտիկա, իսկ տեսական հատվածը թերի է։ Դասախոսը մաթեմատիկական խնդիր է սովորեցնում, բայց չի ասում, որ դա, օրինակ, սիգնալների մշակման մեջ ամենամեծ ձեռքբերումն է։ Հետո արդեն աշխատանքի ժամանակ հանդիպում են այդ խնդրին, բայց մոռացած են լինում, որովհետև ծանոթ չէին կիրառելությանը ու սկսում են նորից։ Եթե ժամանակին տվյալ խնդրի հիման վրա ծրագիր գրեին, պատկերների մշակման մեջ օգտագործեին, ուղեղում կմնար։

Դա է պատճառը, որ աշխատանքի ընդունելիս հաշվի ենք առնում միայն պոտենցիալը։ Ընդունվելուց հետո երիտասարդները մոտ կես տարի կամ ավել ինտենսիվ թրեյնինգների են մասնակցում ու նոր պատրաստ լինում աշխատելու։ Կա նաև դասավանդող մասնագետների խնդիր, բայց ինչպե՞ս համոզես երիտասարդ մասնագետներին, ովքեր ՏՏ ոլորտում 30-50 անգամ ավել աշխատավարձ են ստանում, համալսարաններում դասախոսեն։ Իսկ եթե իրենք ավելի բարձր ստանան, քան համալսարանի մյուս դասախոսները՝ արդար չի լինի։

Աշխատանք կա, պահանջարկ կա, ու մեր նշաձողը պետք է շատ բարձր լինի։ Եթե միջին կամ ցածր որակի մասին խոսենք, ապա Հնդկաստանում աշխատուժն ավելի շատ է։ Մենք կոնկրետ մեքենայական ուսուցմամբ, արհեստական բանականությամբ, բժշկական լուրջ ինժեներությամբ պետք է զբաղվենք։ Այսինքն՝ աշխարհում մեր դիրքն ունենալու համար իրական հնարավորություն ունենք, ու դրա համար ամեն ինչ պետք է սկսել դպրոցից։  

Պետք է նկատի ունենալ, որ խոսքը ոչ թե դպրոցներում պարզապես ծրագրավորման լեզուներ մտցնելու մասին է, այլ մտածելակերպ զարգացնելու, նույնիսկ խաղերի միջոցով բլոկ սխեմաների օգնությամբ ինչ-որ խաղեր գրել։ Ամեն ինչ գնում է ավտոմատացման, ռոբոտիզացման, պետք է պատրաստ լինել։ Հիմա կա ինֆորմատիկա առարկա, որը շատ վատ է դասավանդվում, պետք է ուղղակի գումար ծախսել, մասնագետներին վերապատրաստել։ Աշխարհի մակարդակով 2 միլիոն ազատ աշխատատեղ կա ՏՏ ոլորոտում, պետք է սա հաշվի առնել ու տեմպը պահել։

Արտաշես Վարդանյան

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ) տնօրեն:

ՏՏ ոլորտի մասնագետների պահանջը մեծ է, իսկ որակյալ մասնագետները՝ քիչ։ Պատճառը նաև կրթական համակարգն է։ Մեծ ընկերությունները, որոնք ցանկանում են Հայաստանում մասնաճյուղ ունենալ՝ երբեմն հաջորդ քայլը չեն ձեռնարկում, որովհետև չունեն մի քանի տարում մի քանի հարյուր աշխատողով ավելանալու հեռանկար։

Լուսանկարը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի

Այսօր բիզնեսը փորձառու մասնագետների բացը փորձում է տարբեր կերպ լուծել՝ չի սպասում, որ համալսարաններում մոտ ապագայում ինչ-որ բան կփոխվի, ու իրենց պահանջներին համապատասխան շրջանավարտներ մտնեն շուկա։ Փորձառու մասնագետները քիչ են, որովհետև ուսանողի ու աշխատաշուկայի կապը համալսարանից չի սկսվում։ Այսինքն՝ ենթադրվում է, որ պետք է լինի համագործակցություն  համալսարանների ու ՏՏ ընկերությունների միջև։

ՏՏ ոլորտի աճը կարող էր 20%-ի փոխարեն, օրինակ, 40-50% լինել։ Ինչո՞ւ այդքան չէ, որովհետև մարդկային ռեսուրսի բաց կա։ Հայաստանում արդեն կայացած ընկերությունները կարողանում են, օրինակ, մի տարվա ընթացքում 20%-ով աճել՝ տարբեր ինթերշիփերի ու coding bootcamp-երի շնորհիվ թիմը համալրելով երիտասարդ մասնագետներով։ Սակայն, օրինակ, հենց հիմա չորս ընկերություն գիտեմ, որ ուզում են հայաստանյան իրենց ՏՏ գրասենյակները բացել, բայց ռիսկային են համարում, որովհետև, ըստ իրենց կատարած վերլուծությունների, անհրաժեշտ քանակով մասնագետներ աշխատանքի վերցնելու և մի քանի տարում արագ աճելու հեռանկար չունեն։ Փորձում ենք նրանց համար փոքր թիմեր պատրաստել, որպեսզի մի քիչ ավելի ինքնավստահ գործեն։

Այդ հարցում մեծ դեր է խաղում կրթական համակարգը, բայց դրանում հնարավոր փոփոխությունների հասնելու համար պետք է ժամանակ, համբերություն ու մարդիկ, ովքեր պատրաստ են կտրուկ որոշումներ կայացնել ու գործել։ Փոփոխությունները գուցե շատերի համար ցավոտ լինեն, բայց եղածի վրա ինչ-որ բաներ ավելացնելով՝ իրավիճակը հնարավոր կլինի 20%-ով բարելավել, բայց եթե ուզում ենք, որ 20 անգամ տարբերվող պատկեր ունենանք, պետք է նորը ստեղծել՝ նոր չափանիշներով։

Եթե կոպիտ ասեմ, կան հիմնական, աշխատանքային և թոփ հմտություններ։ Մեզ պետք է, որ մարդ համալսարանում նաև աշխատանքային հմտություններ ձեռք բերի ու դրանցով մտնի աշխատաշուկա։ Դրա համար պետք է դպրոցում ստանա այդ հիմնական հմտությունները կամ գոնե ծանոթանա տեխնոլոգիաներին, որոշ գործիքների։ Այսինքն՝ դպրոցներում պետք է մտցնել համակարգչային գիտություն առարկան, այնպես, ինչպես, օրինակ, քիմիան է կամ աշխարհագրությունը։

Այսօր, ցավոք, միայն համալսարանական գիտելիքով մարդ չի կարող հանգիստ դիմել աշխատանքի։ Մեր ուսումնական ծրագրի շրջանակում փորձում ենք թեկուզ փոքր ծավալներով, բայց լրացնել այդ բացը. երիտասարդները վեց ամիս ինտենսիվ՝ օրը ութ ժամ սովորում են, իրական նախագծեր անում, իսկ հետո արդեն պատրաստ լինում աշխատելու։ Պետք է ուղղակի սովորելուն տրամադրող միջավայր լինի, իսկ համալսարաններում, ինչպես նկատում են մեզ մոտ տարբեր համալսարաններից սովորող ուսանողները, ապամոտիվացնող բաները շատ են, իսկ 4 տարում միայն լավ տեսական բազա են ստանում։

Մեր ծրագիրը մշակել ենք 10-ից ավել առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ մի քանի անգամ քննարկումների արդյունքում ու հարմարեցրել աշխատաշուկայի պահանջներին։ Սակայն մեր պատրաստած տարեկան 100-150 սկսնակ մասնագետը շուկայի բացը չի լրացնում։ Տարբեր աղբյուրների համաձայն` մեր աշխատաշուկայում 2000 ՏՏ և ինժեներական ոլորտի մասնագետի պահանջարկ կա, ինչը մի քանի տարում կարող է հասնել 3000-ի։ Այսօր համալսարաններում համակարգչային գիտությանն առնչվող բաժիններ ավարտում է տարեկան 800-1000 ուսանող։ Երանելի կլիներ, որ բոլորը մտնեին աշխատաշուկա։ 3-4 տարի հետո Եվրոպայում այս ոլորոտում մոտ 1, իսկ ԱՄՆ-ում՝ 1.4 միլիոն աշխատողի բաց է լինելու։ Կրթական համակարգի շնորհիվ հնարավոր է լինելու ապահովել ընդամենը 200-300 հազար մասնագետ, իսկ մյուս 1.5-2 միլիոնը պետք է ինչ-որ տարբերակներով լրացնել։

Ռուբեն Մարկոսյան

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու։

ՏՏ ոլորտի ընկերությունների, աշխատաշուկայի պահանաջարկի ու բուհերի կողմից դրանց ապահովման գործընթացում մենք ունենք բացեր, որոնք լուծելու համար ակնկալում ենք մասնավոր ընկերությունների աջակցությունն ու փոխհամագործակցությունը։

Լուսանկարը՝ ԵՊՀ լրատվության բաժնի

Նախ պետք է հասկանալ՝ աշխատաշուկան ինչ մասնագետների կարիք ունի։ Օրինակ՝ ֆակուլտետային իմ գործընկերները շատ հաճախ պնդում են, որ ձեռնարկությունները պարզ ծրագրավորման, կոդավորման հմտություններ ունեցող աշխատուժի պահանաջարկ են ներկայացնում, իսկ իրենք բարձրակարգ կրթություն են տալիս, որը ներառում է մաթեմատիկական լուրջ տեսական բաղադրիչ։

Երկրորդ՝ կարծում եմ ծրագրերը որոշակի վերանայման կարիք ունեն։ Միգուցե պրակտիկ հմտությունները զարգացնող առարկաները  մի փոքր ավելի շատ լինեն, որ դրանց շնորհիվ ուսանողները համապատասխանեն ընկերությունների այդ պահանջներին։ Համաձայն եմ, որ կան առարկաներ, որոնց դասավանդումը չի համապատասխանում արդի մակարդակին։ Գուցե նաև այն պատճառով, որ շատ են ավագ սերնդի դասախոսները, իսկ այս ոլորտը շատ արագ փոփոխվում է, և դասախոսական կազմը գուցե չի հասցնում նույնքան արագ արձագանքել։ Բայց կրթական ծրագրերը միշտ չէ, որ պետք է համապատասխանեն զարգացման ամենավերջին խոսքին, քանի որ նախ՝ հնարավոր է այդ մրցավազքին չհասնել, և մյուս կողմից պետք է փորձել տալ հիմնարար գիտելիքներ և ինքնակրթվելու հմտություններ:

Հարկ է նշել նաև, որ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի անձնակազմի միջին տարիքը (այդ թվում համատեղությամբ աշխատողները) կազմում է 54.2 տարեկան, իսկ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնինը՝ 50.6: Ի դեպ այս թվերը համահունչ են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջին տարիքի ընդհանուր ցուցանիշներին, և այս ֆակուլտետում վիճակն ավելի լավ է, քան բնագիտական այլ ֆակուլտետներում: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմում ներգրավված է 64 աշխատակից (ներառյալ համատեղությամբ աշխատողները)։ 25-30 տարեկան՝ 6, 31-40 տարեկան՝ 9, 41-50՝ 8, 51-ից բարձր՝ 41 դասախոս։ 25-50 տարեկան դասախոսների կեսը ԵՊՀ-ի հիմնական աշխատող չէ։

Արդի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներին, որոնք աշխատում են ՏՏ ընկերություններում, երբեմն դժվար է ներգրավել դասախոսական կազմում, որովհետև խիստ զբաղված են, իսկ դասախոսական աշխատանքն աշխատավարձի տեսանկյունից այդքան էլ հրապուրիչ չէ։ Նաև պետք է հաշվի առնել, որ եթե մարդը լավ մասնագետ է, դեռ չի նշանակում, որ կարող է լավ դասավանդել։

Որակյալ մասնագետների կրթելու համար անհրաժեշտ է ծրագրերի վերանայում, դասախոսների վերապատրաստում, ուսումնական գրականության թարմացում, տեխնիկական պայմանների բարելավում… այս մշտական գործընթացների իրականացման համար լրացուցիչ ռեսուրսներ են պետք։ Քանի որ շահառուն մասնավոր ոլորտն է, այդ ռեսուրսները իրենք էլ պետք է ներդնեն։ Միջազգային փորձի մեր դիտարկումները հենց այս մոտեցումն են շեշտադրում:

Տարբեր ձևաչափի համաժողովների ընթացքում հրապարակային առաջարկել ենք համագործակցել, բայց դեռևս էական առաջընթաց այս հարցում չի արձանագրվել։

Պլանավորում եմ ևս մեկ անգամ թարմացնել ռեկտորատի առաջարկը ոլորտի ընկերություններին, որով կհորդորենք մեզ ներկայացնել կոնկրետ առաջարկներ՝ դասավանդվող առարկաների վերանայման վերաբերյալ։ Իմ փորձը ցույց է տալիս, որ ֆակուլտետի անձնակազմը շատ դեպքերում համակարծիք չէ ընկերությունների բանավոր դիտարկումներին։ Ռեկտորատի մակարդակով կարող ենք միջամտել, եթե տարբեր ընկերություններ անհրաժեշտ փոփոխությունների մասին փորձագիտական հիմնավորումներ ներկայացնեն։ Այդ դեպքում մենք` որպես համալսարանական օղակ, կկարողանանք այդ հստակ փաստարկները ներկայացնել ֆակուլտետին, քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված