Հինգշաբթի, 14 նոյեմբերի

«Բաղրամյան 26-ի վրա արտիլերիա պիտի աշխատեր», իսկ իրավապահները միայն հեռախոս էին լսում



«2 ավտոմատով գնանք ի՞նչ անենք, պատրոններն էլ չես տեսել, մեծ մասը ժանգոտված են». սա հատված է «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով գաղտնալսումներից: Հեռախոսով խոսում են ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Սմբատ Գալոյանը և Գալուստ Գրիգորյանը, ովքեր, ըստ մեղադրանքի, ընդգրկված են եղել խմբում:

Ըստ մեղադրանքի` զանգվածային անկարգություններ նախապատրաստող խմբի անդամները հեռախոսով քննարկել են գործողությունների տարբեր մանրամասներ՝ 2 իքնաձիգը ուր են տանելու, ինչպես են տանելու, օրինակ` «ադյալով փաթաթած», ինչպես են մաքրելու՝ «2 շամփուրով» և այլն:

Գաղտնալսումը տեղի է ունեցել 2016թ. մարտի սկզբից. կատարվել է «արտաքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումը: Տվյալները գաղտնազերծվել են, և հիմա դատարանում դրանք ներկայացվում են որպես մեղադրանքի կողմի ապացույց:

«Մի պահ ընդունենք, որ նման լուրջ գործողությունների մասին քննարկումները իսկապես ծավալվել են հեռախոսով, բայց մի՞թե տարօրինակ չէ, որ իրավապահները որևէ քայլ չեն ձեռնարկել դրանք կանխելու համար: Արդյոք մենք գործ չունենք նախապես պլանավորված սցենարի հետ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ, շարունակելով գործընկերոջ միտքը, նկատեց. «Փաստորեն, «Բաղրամյան 26-ի վրա արտիլերիա պիտի աշխատեր», իսկ իրավապահները ոչինչ չէին անում ավելի քան 2 ամիս, միայն հեռախոս էին լսում: Եվ հանկարծ մի վթար է լինում...»: Ըստ պաշտպան Պապիկյանի` նման անգործությամբ հատուկ դիտավորությամբ իշխանության կողմից գործ է մշակվել, որ քաղաքացիներին ավելի խիստ դատապարտեն:

Հիշեցնենք՝ 2016 թ. մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղում Հովհաննես Պետրոսյանի ու Հրայր Թոփչյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից հետո ոստիկաններն ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:

Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանն էլ նշեց, որ գաղտնալսումների մեջ որևէ անգամ չի արտասանվում իր պաշտպանյալի անունը:

Արդեն տևական ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը չի կարողանում մասնակցել դատական նիստերին. նա պարբերաբար հեռացվում է դատական նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ձևակերպմամբ: Գևորգը նստած տեղից է դիմում դատավոր Տաթևիկ Գրիգորյանին: Այսօր ևս բացառություն չէր: Նա նստած տեղից հետաքրքրվեց, թե որտեղ են իր պաշտպանները: Նախ կիրառվեց նախազգուշացում դատական սանկցիան, ապա դարձյալ հեռացում՝ 4 ժամով:

Այսօր որպես ապացույց նաև տեսանյութեր հետազոտվեցին. Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսը ու Գևորգ Սաֆարյանի ելույթը երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, իրավական վիճակի մասին: Դրանք հրապարակային նյութեր են, այսօր էլ կան համացանցում: Պաշտպաններ Պապիկյանն ու Հայրապետյանը նշեցին, որ նման ելույթների համար մեղադրանք առաջադրելն անհիմն է, ավելին՝ մեկ անուն ունի՝ քաղաքական հաշվեհարդար:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը

Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ու ևս 6 անձինք մեղադրվում են մի խումբ անձանցով, նախնական համաձայնությամբ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստման մեջ: Ըստ մեղադրանքի` դա պետք է ուղեկցվեր շենք-շինությունների զավթմամբ, իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով: Եվ այս ամենը, ըստ մեղադրանքի, պետք է կատարվեր 2 ինքնաձիգով ու 120 փամփուշտով: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված