Կիրակի, 20 հոկտեմբերի

«Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը․ ինչ փաստարկներ են բերում երիտասարդ գիտնականները



Հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը դեռ քննարկման փուլում էր, երբ ձևավորվեց անվճար ուսուցման տեղերի համար գոյություն ունեցող տարկետման տրամադրման կարգի վերացման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը։

Շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքերով՝ իրենց նպատակն է խթանել հանրային քննարկումն ու պայքարել նախագծի խոցելի կողմերի դեմ։ Դավիթի պնդմամբ` տարկետման ինստիտուտում սպասվող փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան գիտական ոլորտի զարգացման վրա ու դրան զուգահեռ չեն նպաստի սոցիալական արդարության վերականգմանը կամ սպաների որակի բարձրացմանը, ինչի մասին հիմնականում նշում են նախագծի կողմնակիցները։

«Ասում են, որ տարկետումը ենթադրում է կոռուպցիոն ռիսկեր, բայց դա արդեն կրթական համակարգի բացն է, որը ներսում պետք է լուծեն ու, եթե կան մարդիկ, ովքեր սովորում են պարզապես բանակից խուսափելու համար, կան նաև երիտասարդներ, որոնք իսկապես գիտական աշխատանքով են զբաղվում, ու մենք պետք է պաշտպանենք նրանց շահերը»,- ասում է Դավիթ Պետրոսյանը։

Նրա կարծիքով երկրի պաշտպանության մեջ իրենց լուման ունեն ոչ միայն բանակում ծառայող տղաները, այլև նրանք, ովքեր զարգացնում են գիտությունն ու նաև հող ստեղծում տեխնիկապես ավելի զինված բանակ ունենալու համար։

Հայաստանում գիտական աշխատանք ծավալող YerevaNN մեքենայական ուսուցման լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանն օրինագծում շատ բացթողումներ է տեսնում, որոնք, իհարկե, կարելի է դեռ շտկել։ Նա նշում է, որ տարկետում ստացած տղաների դեպքում օրենքը չպետք է կիրառել։

Հրանտ Խաչատրյանը՝ «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի ժամանակ

YerevaNN-ում հիմա 6 երիտասարդ է աշխատում, որոնցից 4-ը, օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում, կանցնեն ծառայության, իսկ իրենք, ստիպված, թիմը պետք է համալրեն։ Թիմին միացած նոր անդամները նորից կունենան բանակ գնալու ու աշխատանքը կիսատ թողնելու անհրաժեշտություն։ Իսկ սպասել հնարավոր չէ, որովհետև սա այն ոլորտն է, որը շատ արագ է զարգանում ու մասնագետների փոփոխման պատճառով դանդաղել պարզապես չի կարելի։

Մեկ այլ օրինակ է ներկայացնում գերարագ օպտիկայի ու ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի անդամներից Վարդան Ավետիսյանը։ ԵՊՀ-ի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կազմում գործող այս լաբորատորիան զբաղվում է գերկարճ՝ ֆեմտովայրկյանային լազերային իմպուլսների գրանցման ու բնութագրման նոր մեթոդների մշակմամբ։ Այդ մեթոդները կարող են կիրառվել թե՛ գիտական խնդիրներում, թե՛ հեռահաղորդակցության ոլորտում։ Լաբորատորիան ղեկավարում է պրոֆ․ Լևոն Մուրադյանը։ Երիտասարդ ուսանողները զբաղվում են խնդիրների մաթեմատիկական ու համակարգչային մոդելավորմամբ, նրանք այդ ընթացքում իրականացնում են գիտափորձեր։ Այն բավական բարդ է մի շարք պատճառով՝ նախ գործ ունեն լազերային փնջի հետ, որի դեպքում պետք է աշխատել՝ պահպանելով անվտանգության կանոնները, ինչպես նաև կան բազմաթիվ օպտիկական սարքավորումներ, որոնցով աշխատելու հմտություններ ձեռք բերելու համար ուսանողին բավականաչափ ժամանակ է անհրաժեշտ։ Սովորաբար 1-2 տարի ուսանողները դիտորդի կարգավիճակով են մասնակցում փորձերին, մինչև ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ։ Լաբորատորիայի գիտական աշխատանքներում ներգրավված 9 ներկայացուցիչներից 2-ը ասպիրանտ են, 4-ը՝ մագիստրանտ և, օրենքի կիրառման դեպքում, վերջիններս կզրկվեն տարկետման հնարավոր իրավունքից։ Եթե լաբորատորիայի երիտասարդ աշխատակիցները երկու տարով գնան ծառայության, լաբորատորիան կզրկվի հիմնական աշխատողներից ու կխախտվի շարունակականությունը՝ պատրաստ ուսանողները կգնան ծառայելու, նրանց փոխարեն կգան նորերը, որոնց նորից անհրաժեշտ կլինի պատրաստել, բայց պատրաստելուց հետո նրանք էլ կգնան ծառայելու։

Վարդան Ավետիսյանը՝ գերարագ օպտիկայի ու ֆոտոնիկայի լաբորատորիայում

Օրինագծի ընդունման դեպքում ակադեմիական տարկետում չեն ստանա շուրջ 390 բակալավրիատ ավարտող և 140 մագիստրատուրա ավարտող ուսանողներ: Այսինքն՝ եթե խոսում ենք, ոչ թե 18 տարեկանների, այլ մեկ անգամ արդեն տարկետման իրավունք ստացածների մասին, ապա տարեկան կզորակոչվի շուրջ 530 ուսանող։

YerevaNN-ի տնօրենը նշում է, որ անմիջական հարված կստանան ոչ միայն արդեն կայացած գիտական խմբերը (ինչպես, օրինակ, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի Հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտության խումբը կամ ԵՊՀ-ում և Սլավոնական համալսարանում գործող ֆիզիկայի լաբորատորիաները), այլև նոր կայացող խմբերը, որոնք դեռ սաղմնային փուլում են և հայտնի չեն հասարակությանը: Օրինակ, քչերը գիտեն, որ ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի երիտասարդ դասախոսներից մեկը որոշ ժամանակ աշխատել է աշխարհահռչակ քիմիկոս Արտեմ Օգանովի լաբորատորիայում և այժմ իր փորձը փոխանցում է ֆակուլտետի մի խումբ ուսանողների՝ քվանտային քիմիայի տեսական հետազոտությունների խումբ ստեղծելու հեռանկարով: Կամ, որ մի շարք երիտասարդ ֆիզիկոսներ Սթենֆորդի համալսարանի հայազգի գործընկերոջ հետ քննարկում են քվանտային ինֆորմատիկայով զբաղվող խումբ ստեղծելու հնարավորությունը: Վերջին շրջանում նման նախաձեռնությունների աճին նպաստում է նաև FAST հիմնադրամի գործունեության մեկնարկը:

Օրենքը ուժի մեջ մտնելու դեպքում կտուժեն ոչ միայն վերոնշյալ, այլև բազմաթիվ այլ խմբեր, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում։ Հրանտ Խաչատրյանն իր մտահոգությունները գրավոր տարբերակով ուղարկել է նաև Ազգային Ժողով։ Ըստ նրա` Հայաստանում գիտությունը շարունակում է մնալ բավական խոցելի վիճակում։ Պատճառները բազմաթիվ են, բայց առանձնացնում է երկուսը՝ անբավարար ֆինանսավորումն ու գիտնականների տարիքային բաշխումը: Ֆինանսավորման ներկա վիճակը բերում է նրան, որ նույնիսկ անձնական կյանքի փոքր փոփոխությունները ստիպում են շատ երիտասարդների լքել գիտությունը կամ երկիրը: Մյուս կողմից, ըստ ԳՊԿ նախագահի, Հայաստանում աշխատող գիտնականների 30%-ն ավելի քան 65 տարեկան են: Արդյունքում, քիչ չեն դեպքերը, երբ մեկ տարեց գիտնականի կյանքից հեռանալու արդյունքում ցրվում է գիտական թիմը, փակվում է լաբորատորիան և, ըստ էության, Հայաստանում վերանում է գիտության կոնկրետ ճյուղը: Այն գիտական խմբերը, որոնք ակտիվորեն չեն զբաղվում երիտասարդ կադրերի ներգրավմամբ, դատապարտված են նույն ճակատագրին մոտ ապագայում:

Այս ամենը լավ գիտակցում են երիտասարդ գիտնականներն ու գիտական խմբերի ղեկավարները: Նրանք ակտիվորեն փնտրում են ֆինանսավորման նոր աղբյուրներ, միջազգային համագործակցության նոր ձևեր և նոր կադրեր ներգրավելու մեխանիզմներ:

Օրինակ, վերջերս Երևանում կայացած մեքենայական ուսուցման վերաբերյալ միջազգային աշխատաժողովում հնչեց այն միտքը, որ կա ԱՄՆ-ից գիտական ֆինանսավորման չօգտագործված պոտենցիալ, և ուրվագծվեցին համագործակցության մի շարք նոր ուղիներ: Երիտասարդ գիտնակաների աջակցության ծրագիրն օրերս հայտարարեց արտասահմանում աշխատող հայ գիտնականների լաբորատորիաներում վերապատրաստման ծրագրի մասին:

Հրանտ Խաչատրյանի կարծիքով այսօրվա պայմաններում իրատեսական չէ գիտական խմբեր ստեղծել և մեծացնել` արտերկրում աշխատող հայազգի գիտնականներին վերադարձնելու միջոցով: Միակ ճանապարհը մնում է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների վրա հիմնվելը: Այս պատճառով, գրեթե բոլոր երիտասարդ գիտնականները այս կամ այն կերպ ներգրավված են կրթական համակարգում․ դասավանդում են, ղեկավարում են ավարտական աշխատանքներ, մագիստրոսական ու թեկնածուական թեզեր: Այն ուսանողները, որոնք յուրացրել են բուհերում մատուցվող նյութը, ևս մի քանի տարի լրացուցիչ գիտելիք հավաքելու դեպքում կարող են դառնալ լիարժեք գիտաշխատողներ: Սա Հայաստանում գիտական թիմերի համալրման միակ ու քիչ թե շատ հուսալի ճանապարհն է:

Այս ճանապարհի հիմնական խոչընդոտներից մեկը պարտադիր զինվորական ծառայությունն է: Լինում են դեպքեր, երբ էական գիտական նորույթով ավարտական աշխատանքի հեղինակը բակալավրիատից հետո չի հաղթահարում մագիստրատուրայի ընդունելության մրցակցությունը և զորակոչվում է բանակ, իսկ ծառայությունից հետո այլևս չի վերադառնում գիտություն: Այնուամենայնիվ, «Զինապարտության մասին» գործող օրենքը հնարավորություն է տալիս գիտությամբ զբաղվող որոշակի թվով երիտասարդներին ազատվել պարտադիր ծառայությունից և ապահովել ուսումնառության ու գիտական գործունեության անընդհատությունը: Այս համակարգը ժամանակի ընթացքում այլասերվել է և, մեղմ ասած, չի գործում 100% արդյունավետությամբ, սակայն այն շարունակում է մնալ գիտական խմբերին երիտասարդ տղաներով «սնելու» միակ մեխանիզմը:

Այս պահին ԱԺ-ում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծը փաստացի վերացնում է այս ճանապարհը: Փոխարենը առաջարկում է երկու նոր ճանապարհ. կամ ուսանողը ծառայում է 18 տարեկանում, կամ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում՝ բակալավրիատից հետո («Պատիվ ունեմ» ծրագիր):  YerevaNN-ի տնօրեն Հրանտ Խաչատրյանը գտնում է, որ երկու դեպքում էլ էապես փոքրանում է տղաների՝ գիտական կարիերա ընտրելու հավանականությունը հետևյալ երեք պատճառով․

  1. Երկու կամ երեք տարով ուսումն ընդհատելուց հետո ոչ բոլորը կկարողանան կամ կցանկանան շարունակել:
  2. Հանրակրթությունը 12 տարի դարձնելու և այս օրինագծի արդյունքում տղաներն ասպիրանտուրա ընդունվելու հնարավորություն կունենան 25-26 տարեկանում, երբ կենցաղային խնդիրները է՛լ ավելի են դժվարացնում գիտական ճանապարհ ընտրելը:
  3. Գործող օրենքի մի կողմնակի հետևանքն էլ այն է, որ հայաստանյան ասպիրանտական ծրագրերը ունեն մի մրցակցային առավելություն տղաների համար՝ պարտադիր ծառայությունից ազատվելու հնարավորություն են տալիս: Շատ աղջիկներ և այն տղաները, որոնք առողջական պատճառներով ազատված են ծառայությունից, հաճախ նախընտրում են արտասահմանյան PhD ծրագրերը: Այս օրինագծի ընդունման դեպքում` երիտասարդ գիտնականների է՛լ ավելի մեծ մասը կնախընտրի լքել Հայաստանը:

Այս պատճառներից ամեն մեկն առանձին վերցրած դժվար թե մեծ ազդեցություն ունենա գիտության մեջ մնացող երիտասարդների քանակի վրա, սակայն բոլորը միասին արդեն էապես կփոքրացնեն հայաստանյան գիտական խմբերի առանց այդ էլ փոքր բազան:

Մարդկային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը միայն քանակով չէ որոշվում: Երկրի պաշտպանական համակարգը զարգացնելու ճանապարհներից մեկն էլ զինակոչիկների գիտելիքը նպատակային օգտագործելն է: Այս մասով նոր օրինագիծը ոչինչ չի առաջարկում: Մինչդեռ, կարելի է օրենքում ամրագրել, որ «Պատիվ ունեմ» ծրագրին զուգահեռ` ՊՆ-ն պարտավորվում է բակալավրիատում կրթություն ստացած զինակոչիկների որոշ մասին ներգրավել ռազմաարդյունաբերական համալիրում: Ի դեպ, նման ծրագիր, խիստ սահմանափակ ծավալներով, ՊՆ-ն արդեն իրականացնում է (Կառավարության որոշում N 434-Ն, Հավելված 6): Պաշտպանության նախարարն իր հարցազրույցներից մեկում ևս նշեց, որ կոնկրետ մասնագիտությունների դեպքում, որոշ բացառիկ դեպքերում (օլիմպիադաների հաղթողներ և այլն) երիտասարդներին հնարավորություն կտրվի բակալավրիատից հետո ծառայել ՌԱՊԿ համակարգում: Սակայն այս ամենը որևէ կերպ ամրագրված չէ օրինագծում: Մինչդեռ, ինչպես նույն հարցազրույցի մեկ այլ հատվածում այլ առիթով շեշտեց նախարարը, անհրաժեշտ է, որ ընթացակարգերը կախված չլինեն տվյալ պահին աշխատող նախարարի արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելուց:

Հրանտ Խաչատրյանն ասում է, որ ՊՆ-ն չի կարող անմիջապես այդպիսի պայմաններ ապահովել հարյուրավոր երիտասարդների համար, սակայն 2018թ․ բակալավրիատ ընդունվող տղաների համար նման պայմանների ստեղծման համար ունենք 4,5 տարի: Այս ուղղությամբ շարժվելու դեպքում հնարավոր է մեղմացնել օրինագծի բացասական ազդեցությունը միջնաժամկետ հեռանկարում: Նշված նպատակին հասնելուն այս պահին խոչընդոտում են նախ` պաշտպանության ոլորտի այն պատասխանատուները, որոնք փորձում են գիտնականներին բացատրել, որ երկու տարի կրթությունից կտրվելը չի վնասում գիտական կարիերային, ապա նաև գիտության ոլորտի այն պատասխանատուները (բուհերի ղեկավարները, ԳԱԱ ղեկավարները, ԿԳՆ պաշտոնյաները), որոնք գիտական համայնքի շահերը պաշտպանելու փոխարեն` կրկնում են ՊՆ պաշտոնյաների տեսակետները:

Նոր օրինագծի բացասական ազդեցությունը գիտական խմբերի վրա ոչ այնքան միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում է, որքան անմիջապես առաջիկա 3-4 տարիներին: Օրինագծի համաձայն, 2018-ից սկսած` զորակոչվելու են նաև այն տղաները, որոնք արդեն ստացել են բակալավրիատի կամ մագիստրատուրայի տարկետում: Այս ուսանողների մեջ են մտնում այն երիտասարդները, որոնց հետ արդեն աշխատում են գործող գիտական խմբերը, և որոնք պետք է համալրեն այդ խմբերն առաջիկա մի քանի տարիներին: Պետք է նկատել, որ այդ ուսանողների կրթության համար ներդրում է արել նաև Կառավարությունը՝ փոխհատուցել է նրանց ուսման վարձը և շնորհել է տարկետման իրավունք: Այս օրինագծով միանգամից չեզոքացվում են թե՛ Կառավարության և թե՛ գիտական խմբերի արած ներդրումները: Գիտական խմբերը մի քանի տարով կորցնում են ընդլայնվելու հնարավորությունների զգալի մասը, իսկ երիտասարդ գիտնականները՝ նոր խմբեր ստեղծելու մարդկային ռեսուրսները: Իսկ եթե հաշվի առնենք, որ որոշ մասնագիտություններով բուհական ծրագրերում տղաները կազմում են ճնշող մեծամասնություն, ապա ստացվում է, որ որոշ թեմաներով գիտական խմբերը կորցնում են աճելու բոլոր իրատեսական հնարավորությունները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված