Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Ո՞ր տեղում կլինեին մեր դատավորները



Եվրոպայի ամենաանկախ ու ամենակախյալ դատավորներն` ըստ պետությունների

Եվրամիության անդամ 25 երկրների ավելի քան 11.000 դատավորներ գնահատել են սեփական անկախության մակարդակը 2016-17թթ.-ին: Նրանք լրացրել են Եվրոպական իրավագիտական ասոցիացիաների խորհրդի (ENCJ) կազմած հարցաթերթիկները: Եվրամիության պետությունների դատավորների անկախության թվային պատկերն արտահայտվել է 0-10 սանդղակով: 0 նիշը նշանակել է անկախության ամենացածր շեմ, իսկ 10-ն՝ ամենաբարձր: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական իրավագիտական ասոցիացիաների խորհրդի կայքից: Ի դեպ, հարցաթերթիկների լրացումը, անկախության գնահատումը կատարվում է յուրաքանչյուր տարի:

Այսպիսով՝ ըստ հարցումների արդյունքների, ամենաանկախ դատավորները Դանիայում են, երկրորդ տեղում՝ Ֆինլանդիան է, երրորդում՝ Նորվեգիան: Հիշեցնենք, որ սա հենց իրենց՝ դատավորների գնահատականն է իրենց իսկ գործունեությանը:

Դատական անկախության ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են Ալբանիայում, Բուլղարիայում, Խորվաթիայում, հետխորհրդային նախկին երկու երկրներում՝ Լատվիայում և Լիտվայում: Ընդ որում՝ Եվրամիության 25 երկրների ցանկում Լատվիայի դատավորներն ամենացածրն են գնահատել իրենց անկախության ցուցանիշը՝ 7,4 միավոր, Լիտվայում՝ նույն ցուցանիշը կազմել է 8,2, իսկ ահա Էստոնիայում՝ 9 միավոր: Որպես անկախության խոչընդոտներ, օրինակ, Լատվիայի դատավորները նշել են գործադիր իշխանությունը, դատավարական կողմերը, իսկ Լիտվայում առանձնացրել նաև ԶԼՄ-ները որպես անկախությանը սպառնացող գործոն:

Հարցաթերթիկները կազմվել են մի քանի հիմնական բաղադրիչների վրա՝ դատական հասանելիություն և մատչելիություն հասարակության համար, գործերի՝ ողջամիտ ժամկետներում քննության երաշխիքներ, դատական ակտերի կատարում: Հարցաթերթիկներում կան հարցեր արտաքին ու ներքին անկախությունների, հանրային կարծիքից կախվածության մասին, կոռուպցիայի, ինչպես նաև դատախազության, փաստաբանների, քաղաքացիների, գործադիր իշխանության և ԶԼՄ-ների հետ դատական իշխանության փոխհարաբերությունների ու հնարավոր ազդեցությունների մասին:

ԵՄ անդամ չհանդիսացող հետխորհրդային նախկին պետություններում, սկսած 1990-ականներից, պարբերաբար իրականացվում են դատաիրավական բարեփոխումներ: Մեր պետությունում այդ բարեփոխումների արդեն 4-րդ փուլն է ավարտվում: Օրենսդրությունը գնալով փոփոխությունների է ենթարկվում, փորձեր են արվում օրենքների մակարդակում ստեղծել դատական իշխանության անկախության երաշխիքներ: Սակայն դատական անկախության ժամանակակից ու միջազգային չափանիշների հիման վրա չի չափվել մեր դատական համակարգի անկախությունը: Ուստի, հետաքրքիր կլիներ նմանատիպ հարցաթերթիկ պատրաստել ԵՄ անդամ չհանդիսացող հետխորհրդային պետությունների դատավորների համար ու տեսնել, թե որ տեղում կլիներ Հայաստանը:

Դիագրամը՝ encj.eu-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված