Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Ընդամենը մեկ մազ, և գենետիկայի միջոցով հնարավոր է անգամ կասկածյալ «ստեղծել»



«Դատագենետիկան պետության անվտանգությանն ու հանցագործությունների բացահայտմանը նպաստող ոլորտ է»

Առաջադեմ մարդկությունը` սկսած 1989 թ-ից, կիրառում է հանցանք կատարած անձանց նույնականացման գենետիկական փորձաքննությունը, ինչը հեղափոխություն առաջացրեց քրեական արդարադատության ոլորտում: Ամբողջ աշխարհում արդեն մեկ դար մասնագետները կասկածի տակ են դնում հանցագործությունների բացահայտման գործում անձանց ցուցմունքների արժանահավատությունը, իսկ ԴՆԹ-ով այսօր նույնիսկ կասկածյալ են ստեղծում ընդամենը մեկ մազի առկայության դեպքում:

Մեր երկրում 2000-ականների սկզբից կիրառվում է գենետիկան: Սակայն Հայաստանում դեռ քրեական գործերով իրեղեն ապացույցները շարունակվում են ոչնչացվել: Միայն անցյալ տարի «Ոստիկանության մասին» օրենքում լրացում է մշակվել, ըստ որի` կամրագրվի ոստիկանության` ԴՆԹ նույնականացման հաշվառումներ վարելու իրավունքը:

Ավագ սերնդի բժիշկների հետ զրույցներս հանգեցնում են մեկ մտքի՝ քիչ են ինֆորմացված գենետիկայի մասին, ասում են՝ չեն անցել ուսանելու տարիներին, դա համարվել է բուրժուական գիտություն: Հետևաբար, աննշան պատկերացում ունեն ոչ միայն բժշկական ոլորտում գենետիկայի կիրառման, այլև քրեագիտության մեջ: Նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է նույնականացնել հանցանք կատարած անձին գենետիկայի միջոցով:

Այս և դատագենետիկայի այլ հարցերի շուրջ է «Հետք»-ի զրույցը «Փորձաքննությունների Ազգային Բյուրոյի» ԴՆԹ-նույնականացման բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ «Բժշկական գենետիկայի» ամբիոնի դասախոս Աննա Հովհաննիսյանի հետ:

- Կմանրամասնեք հանրամատչելի ձևով՝ ինչ ասել է գենետիկական փորձաքննություն:

- Գենետիկան ինքնին երիտասարդ գիտություն է, որի սկիզբը համարվում է 19-րդ դարի վերջը: Ինչու ավագ սերնդի բժիշկները ինֆորմացված չեն բժշկական գենետիկայից, քանի որ ԵՊԲՀ-ում «Բժշկական գենետիկա» առարկայի ուսուցման պատմությունը սկսվել է 1999թ.-ից, երբ այն` որպես ուսումնական կուրս, ընդգրկվել է ընտանեկան բժշկության ամբիոնի ուսումնական ծրագրերում: Իսկ «Բժշկական գենետիկայի» ամբիոնը, պրոֆեսոր Թամարա Սարգսյանի ղեկավարությամբ, գործում է 2011 թ-ից, որտեղ ես ևս դասավանդում եմ: Պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են բժշկական գենետիկայի հիմունքներին, գենետիկական ախտորոշման սկզբունքներին և մեթոդներին, գենետիկական ախտորոշման ժամանակակից սարքավորումներին: Սա, իհարկե, բավարար չէ ապագա բժշկին լիարժեք տիրապետելու ոլորտին, նամանավանդ ներկայիս անհատականացված բժշկության դարաշրջանում, երբ բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման, կանխատեսման և բուժման հիմք է հանդիսանում մոլեկուլային գենետիկական ախտորոշումը: Այդ բացը մենք փորձում ենք լրացնել` հնարավորինս շատ կազմակերպելով գիտա-գործնական սեմինարներ կամ գիտաժողովներ բժիշկների լայն շրջանակի համար:

Քրեաբանության ոլորտում գենետիկան իր կիրառումը գտավ 20-րդ դարի վերջում՝ դառնալով հանցագործությունների բացահայտման, անմեղների արդարացման, անձի նույնականացման հզոր և անփոխարինելի գործիք, երբ  հայտնաբերվեցին մոլեկուլային գենետիկական մեթոդներ և տեխնոլոգիաներ, որոնք սկիզբ դրեցին մարդու ԴՆԹ-նույնականացման ոլորտին: Գենետիկական փորձաքննության համար հիմք են հանդիսանում ԴՆԹ-ի շղթայում առկա նուկլեոտիդային կարճ կրկնվող հաջորդականությունները: Նույնականացման համար միևնույն անձի մոտ հետազոտվում են միաժամանակ 15-24 այդպիսի հաջորդականություններ:

- Կպատմե՞ք Ձեր գործունեության մասին, և առհասարակ, գիտության այս ճյուղը զարգացման ի՞նչ վիճակում է Հայաստանում:

-Գործունեությունս ընդգրկում է գենետիկական ախտորոշման և թեստավորման գործնական ոլորտը, որտեղ աշխատում եմ սկսած 1999 թ-ից: Իսկ դատա-գենետիկական փորձաքննությունների ոլորտ վերադարձա 2013 թ-ին՝ բազմիցս հանդիպելով այս ոլորտում առկա բացերին և դրանց զարգացման անհրաժեշտությանը: Այդ ժամանակ էլ ինձ վստահվեց «Փորձաքննությունների Ազգային Բյուրոյի» ԴՆԹ-նույնականացման բաժանմունքի ղեկավարումը: Ինչ վերաբերում է գիտության այս ճյուղի վիճակին, ապա ամբողջ աշխարհում այս գիտությունը երիտասարդ է և ակտիվ զարգացում է ապրում: ՀՀ-ում նույնպես այդ զարգացումը պետք է լինի, բայց ճիշտ զարգացում ունենալու երաշխիքը, իհարկե, ճիշտ կրթությունն է և ճիշտ հիմքի ապահովումը:

«Երկրների մեծամասնությունում դատագենետիկայի զարգացումը ֆինանսավորվում է պետության կողմից»

-Ի՞նչ փուլում են Փորձաքննությունների ազգային բյուրոյում կա ԴՆԹ նույնականացման բաժանմունքի աշխատանքները, որի մասին մենք նախկինում հրապարակել էինք և ի՞նչ է անհրաժեշտ այս բարդ ոլորտը զարգացնելու համար՝ քաղաքական կամք, մեծ գումարներ, թե...

-ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ն ՊՈԱԿ է, որն իր ունեցած բավականին սուղ միջոցների հաշվին ձեռք է բերել այն մինիմալ սարքավորումները և նյութերը, որոնք անհրաժեշտ են անձի նույնականացումը միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու համար: Իհարկե, այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրում և կկրեն, որովհետև դա այն ոլորտն է, որը կարիք ունի անընդհատ զարգացումների և սարքավորումներով հագեցվածության: Եվ այս պարագայում միանշանակ առաջնահերթ են համարվում ֆինանսական միջոցները, որովհետև գենոմային հետազոտությունների ոլորտը բավականին թանկարժեք է (և՛ նյութերը, և՛ սարքերը): Մյուս կողմից էլ՝ թանկարժեք սարքերը ճիշտ աշխատանքի գրավական չեն, առանց որակավորված մասնագետների, քանի որ այս ոլորտում շատ կարևոր է ԴՆԹ-տիպավորման արդյունքների ճիշտ մեկնաբանությունը, վիճակագրական հաշվարկները, մանավանդ՝ եթե գործ ունենք խառնուրդ ԴՆԹ-ների հետ: Բայց բոլոր հարցերը միանշանակ լուծելի կլինեն քաղաքական կամքի պարագայում, որովհետև սա, առաջին հերթին, պետության անվտանգության և հանցագործությունների բացահայտմանը նպաստող ոլորտն է, և երկրների մեծամասնությունում դրանք ֆինանսավորվում են պետության կողմից:

-Վերջերս Հայաստանում կազմակերպվեց «ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները և դրանց գործնական կիրառումը» թեմայով եռօրյա սեմինարը, որը ներառում էր նաև դատագենետիկայի ոլորտը: Կպատմե՞ք սեմինարի կազմակերպման, նպատակների մասին: Ո՞ւմ գաղափարն էր:

-Գաղափարը իմն էր, որի մասին մտածում էի շուրջ երկու տարի, որպես միջոց ոլորտը խթանելու, զարգացնելու և հրավիրելու ոլորտի լավագույն արտասահմանյան մասնագետներին, որոնցից կարող ենք սովորել և ներդնել նրանց փորձը մեզ մոտ: Սեմինարն իրականություն դարձավ Միջազգային գիտագործնական կենտրոնի ֆինանսավորման շնորհիվ: Շատ մեծ դժվարությամբ ինձ հաջողվեց կապեր հաստատել հատկապես ճապոնացի փորձագետների հետ և «համոզել» նրանց իրենց խիստ զբաղվածության պարագայում անցնել այդ հեռավորությունը և այցելել մի երկիր, որը ոլորտում առանձնապես չի փայլում իր մասնագիտական հմտություններով և դեռ կայացման վաղ էտապում է գտնվում: Եվ, ի ուրախություն ինձ, դա կայացավ մեծ ջանքերի կիրառման արդյունքում: Բայց ամենակարևորն այն է, որ ստեղծված կապը կլինի շարունակական և կնպաստի ոլորտի զարգացմանը:

-Ի՞նչ խնդիրներ ունենք այս ոլորտում՝ համեմատած զարգացած ու զարգացող այլ երկրների, նաև հետսովետական պետությունների հետ:

-Օրինական դաշտի ապահովում, ֆինանսավորման տրամադրում, կադրերի վերապատրաստում, կրթություն...

-Ունի՞ արդյոք Հայաստանը բավարար կադրեր այս ոլորտում:

- Միանշանակ, ո՛չ:

-Վերջերս մասնակցում էի դատական սխալներով զբաղվող «Անմեղության եվրոպական ցանցի» ամենամյա կոնֆերանսին, որտեղ իմացա՝ օրինակ, Իտալիայի օրենսդրությունը թույլ է տալիս գիտական նորագույն մեթոդի առկայության պարագայում քրեական գործի վերաբացման հնարավորություն: Իսկ եթե պետությունը ոչնչացրել է իրեղեն ապացույցները, ի՞նչ անել այս պարագայում:

-Չկա փաստ, չի կարող լինել նաև այդ փաստի հետազոտում:

Աննա Հովհաննիսյանի լուսանկարն՝ իր ՖԲ էջից

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված