Շաբաթ, 14 դեկտեմբերի

Մերուժան Տեր-Գուլանյանը «Հրաժեշտ Քաջարանին» վերնագրով գիրք չի գրի



«Հետքի» հարցերին պատասխանում է հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Պրն Տեր-Գուլանյան, ընթերցողներին հետաքրքրում է, թե ինչու եք Քաջարան գնացել ոչ թե մտավորականների, այլ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:

Ես չեմ գնացել մարզպետի հետ, գնացել եմ իմ ընկեր Արմենի հետ: Ինձ հետ գալու էր Թովմաս Պողոսյանը, բայց, ափսոս, խնդիր եղավ, վերջին պահին չկարողացավ գալ, ու ընկերոջս հետ գնացի: Գնացել, հասել եմ մինչեւ Կապան, մեր մեքենան բավական դժվար բարձրացավ Որոտանի կիրճը: Կապանում զանգ եմ տվել մարզպետին, որ ինքը մարդ դնի, որ տեղն իմանամ («Գարունի» շրջանում (Մ. Տեր-Գուլանյանը եղել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը- հեղ.) եղել էի, բայց մոռացել էի տեղը), եւ եթե հնարավոր էր, մի հատ տրակտոր: Այնպես որ ես մարզպետին չէի կարող արգելել, որ մարզպետն ինքն էլ գար իր ենթակայության գյուղ: Մենք միաժամանակ ենք մտել գյուղ. այս է խնդիրը:

Ընթերցողները զարմացել են, որ նույն մեքենայից եք դուրս գալիս:

Չէ, վերադարձիս՝ այո, որովհետեւ իմ մեքենան թողեցի Կապանում: Վերադարձիս մարզպետի մեքենայով վերադարձա, բայց չեմ կարծում, որ ինչ-որ մեծ մեղք է: Մարզպետը շրջանի ղեկավարն է, գումարած դրան՝ մարզպետին ճանաչում եմ 88 թվականից:

Դուք «Առավոտ» օրաթերթին ասել էիք, որ գերակա հանրային շահն առաջին հերթին ժողովրդի շահն է: Հիմա գյուղացիներն ասում են, որ կպած են հողին ու չեն ուզում հեռանալ, բայց միաժամանակ կառավարությունը որպես գերակա հանրային շահ այդ 181,7 հեկտարը տվել է կոմբինատին՝ հանքարդյունաբերության համար: Այսինքն՝ Դուք դե՞մ եք կառավարության որոշմանը:

Իհարկե, չնայած կոմբինատն առաջնային հարկատուներից մեկն է, իսկ հարկահավաքությունը ժողովրդի բարեկեցության համար է՝ որպեսզի ժողովրդին թոշակ տան, աշխատավարձ տան, այսինքն՝ վերջնական նպատակը, գերակա շահը մարդու բարեկեցությունն է, դրանից ավելի բարձր շահ որեւէ պետություն չունի: Ուստի, եթե, գերակա շահ հռչակելով, նա տալիս է կոմբինատին, պետք է առաջին հերթին տեղի բնակիչներին հարցնել, տեղեկացնել, քննարկել, նոր հռչակել գերակա շահ՝ հօգուտ կոմբինատի: Ստացվում է այնպես, որ գերակա շահը կոմբինատինն է, բա ու՞ր մնաց ժողովրդի շահը:

Տեսանյութի մեջ մարզպետը նաեւ ասում է, որ ժողովրդին փոխհատուցում կտրվի, եթե անհրաժեշտ լինի…

Ամբողջ հարցն այն է, որ գյուղը տեղահանելու խնդիր չի դրված: Այն կարող է տեղահանվել, եթե բաց հանքը սկսի գործել, այսինքն՝ քամին անընդհատ մոլիբդենի փոշին պետք է բերի լցնի գյուղ: Գյուղը վախենում է դրանից, թե չէ գյուղին ոչ ոք չի ասում՝ վեր կացեք գնացեք: Այդպիսի որոշում չի կայացվել: Ճիշտ չէր այն, ինչ մինչ այդ կարդացել էի մամուլում. որ իբր գյուղի լույսը, ջուրը կտրել էին, այդպիսի բան չկար, եւ ոչ ոք չի ասել՝ վեր կացեք գնացեք այստեղից: Գյուղացիները վախենում են, որ հանքի հետագա շահագործման ընթացքում իրենք ստիպված կլինեն թողնել գյուղը՝ նկատի առնելով հատկապես փոշին եւ ասելով, որ մոլիբդենի հիմնական երակը գտնվում է իրենց գյուղի տակ, այսինքն՝ այդ հեկտարները մեծացնելով նրանք պիտի գան մինչեւ գյուղ:

Մի կողմից մարզպետն ասում է, թե մենք մեր գյուղացիների մեջքին կանգնած ենք, անելու ենք այնպես, ինչպես իրենք կուզեն, բայց մյուս կողմից ասում է, որ կառավարությունը որոշում է ընդունել, ճիշտ է, թե սխալ է, պետք է հետեւենք դրան: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Ինձ իրավունք չեմ վերապահում մարզպետի փոխարեն պատասխանել: Իմ կարծիքով՝ կառավարությունը հապշտապ որոշում է կայացրել՝ առանց խորանալու հարցի մեջ: Կառավարության որոշումը Աստծո կողմից ստորագրված փաստաթուղթ չէ, միշտ էլ կարելի է վերանայել, կարծում եմ, որ այն վերանայման կարիք ունի այն առումով, որ առաջին հերթին պետք է խոսել բնակչության հետ, համոզել, որ գյուղը երբեք չի տեղափոխվի, կամ չի վնասի այդ փոշին: Կամ եթե ապագայում նման խնդիր առաջանա, մարդկանց վճարեն իրենց ողջ ունեցվածքի դիմաց: Գյուղացիների ուզածը մեծ բան չէ, նրանք ուզում են, որ իրենց մարդու տեղ դնեն:

Իսկ Դուք կարծում եք, որ եկեղեցին ու գերեզմանոցը կարելի է տեղափոխե՞լ:

Տարիներ առաջ, երբ «Գարունի» գլխավոր խմբագիր էի, մենք նման խնդիր ունեցանք Սիսիանի ջրամբարի հետ կապված (խոսքը Տոլորսի ջրամաբարի մասին է- հեղ.), երբ մի հսկակայն գյուղ մնաց ջրի տակ, գյուղացիներին տեղափոխեցին, ջրի տակ մնաց նաեւ եկեղեցին: Ես ապագայում չեմ տեսնում գյուղը (Քաջարանը) տեղափոխելու խնդիր, բայց եթե այդպիսի բան լինի, իհարկե, պիտի եկեղեցին տեղափոխել: Եգիպտական փարավոնների արձանները ինչպե՞ս տեղափոխեցին:

Ենթադրենք այդպիսի խնդիր է առաջանում, եւ եկեղեցին ու գերեզմանոցը տեղափոխում են, բայց ռազմավարական բնակավայրը սահմանին կանգնած զինվորի թիկունքից հետ քաշելը, թիկունքը բաց թողնելը որքանո՞վ է ճիշտ:

Անկեղծ ասած, չեմ ուզում այդպիսի բան քննարկել: Ասում եմ՝ չի դրված գյուղը տեղահանելու խնդիր:

«Առավոտին» ասել էիք՝ «ինչու՞ է բնապահպան մեր ջահել զավակներին թվում, թե երկրի տերն իրենք են: Ինչու՞ չեն մտածում, որ երկրի տերը երկիրը ստեղծողներն են»:

Այդտեղ մի բառ ընկել է: Ես այդպես չեմ ասել: Ասել եմ «ինչու՞ չեն մտածում, որ երկրի տերը նաեւ երկիրը ստեղծողներն են»: Խնդրում եմ ֆիքսեք՝ «նաեւ»-ը ընկել է:

Մեր ուսանող ընթերցողներից մեկը հարց էր տվել, թե ինչու է Տեր-Գուլանյանին թվում, որ երիտասարդությունը չէ այս երկրի տերը:

Շատ ճիշտ է հարցը տալիս, որովհետեւ «նաեւ» բառը ընկել էր: Այսինքն՝ բացի մեր երիտասարդ ջահելներից մենք էլ ենք այս երկիրը տերը: Խնդրում եմ շեշտել դա:

Դուք թերթին ասել էիք նաեւ, որ կնամեծար անձնավորություն եք: Վերջերս ՀՔԾ-ն հաստատեց, որ Սուրեն Խաչատրյանն ապտակել է գործարար Սիլվա Համբարձումյանին: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Չեմ ուզում այդպիսի բաների մասին խոսել. ես ներկա չեմ եղել, այդ առիթով որոշում է եղել, ներողություն են խնդրել, անցել է: Չեմ ուզում այդպիսի հարցերի անդրադառնալ: Թե ով որ թվականին ինչ է արել, իմ խնդիրը չէ:

Վալենտին Ռասպուտինը ունի մի հրաշալի վիպակ՝ «Հրաժեշտ Մատյորային»: Մատյորա գյուղը մնաց ջրամբարի տակ: Այդ վիպակի ազդեցությունն էր, որովհետեւ թերթերից դատելով՝ գյուղը տեղահանում էին, ու ես մտածեցի՝ գնամ իմ աչքով տեսնեմ, ես գրող եմ, ու ինձ հետաքրքիր էր դա: Պարզվեց այդպես չէ. գյուղը ոչ ոք չի տեղահանում:

Այսինքն՝ չեք գրի «Հրաժեշտ Քաջարանին» վերնագրով գիրք:

Չէ, հաստատ իմ կյանքում չեմ գրի: Չի լինելու դա: Որ գնում էի, իմ մեջ վերնագիր առաջացավ. կա քաղաք Քաջարանը եւ գյուղ Քաջարանը: Վերնագիրն այսպես մտածեցի՝ «Երկրորդ Քաջարան չի նշանակում երկրորդական Քաջարան»: Բայց առիթը չեղավ, որ այդ վերնագրով հոդված գրեմ, որովհետեւ գյուղը չեն տեղահանում:

Դուք համոզվա՞ծ եք:

Կառավարության որոշման մեջ նման բան չկա: Վաղը մյուս օրը ինչպես կլինի՝ ես չգիտեմ: Բայց ես հույս ունեմ, որ կառավարությունը որոշումը կվերանայի, որովհետեւ դա հապշտապ արված բան էր: Չեմ կարծում, որ Քաջարանը կտեղահանվի, համենայն դեպս, այն կյանքը, որ ինձ մնացել է ապրելու, այդ ընթացքում չի լինելու:

Դուք պայքարելու՞ եք դրա դեմ:

Այո, պայքարելու եմ: Այ, որ օրերը մի քիչ տաքանան, էլի եմ գնալու: Ես պայքարելու եմ: Եվ այսուհետեւ շարունակելու եմ իմ դիրքորոշումն արտահայտել ցանկացած այդօրինակ խնդրի շուրջ:     


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (5)
1. Գևորգ12:02 - 23 դեկտեմբերի, 2011
Մերուժան Տեր-Գուլանյանը պայքարելու է...իշխանության դեմ:Եվ խորհրդային ժամանակներում,եվ այսօր նա օգտվում է խշխանության կերակրատաշտից;Հո սոված չի մնալու:
2. arutyun18:19 - 23 դեկտեմբերի, 2011
«Հետքի» հարցերին պատասխանում է հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: "…Գյուղացիների ուզածը մեծ բան չէ, նրանք ուզում են, որ իրենց մարդու տեղ դնեն": Կրկնում ենք մեր կողմից ևս մեկ անգամ, որ լավ հասկացվի. "… Գյուղացիների ուզածը ՄԵծ բան չէ, նրանք ուզում են, որ իրենց մարդու տեղ դնեն": Պատկերացրեք Վիլյամ Սարոյանը, կամ Հովհաննես Թումանյանը այս խոսքերը լսեին: Իսկ ի՞նչ կպատասխաներ պրն Տեր-Գուլանյանը, եթե “Հետք”-ը հարցներ. "Իսկ մարդուն մարդու տեղ դնելը, փո՞քր բան է" Այո’, պրն Տեր-Գուլանյան, մենք մոռացել ենք, որ ՄԱՐԴԸ ամենամեծ արժեքն է, և նրա հետ ամեն օր վերաբերվելով որպես փոքր արժեք, վարժվել ենք դրան և կարող ենք ասել. "… Գյուղացիների ուզածը ՄԵԾ բան չէ, նրանք ուզում են, որ իրենց մարդու տեղ դնեն:"
3. Վարուժան Ավետիսյան22:40 - 23 դեկտեմբերի, 2011
Այս մարդու բառապաշարն էլ է սովետական. "գյուղը մարզպետի ենթակայության տակ է", "մարզպետը շրջանի ղեկավարն է", գյուղ գնալու ձևն էլ. "մարզպետի աջակցությամբ, իսկ եթե բախտը բերի` նաև ընկերակցությամբ", մտածած վերնագիրն էլ, ինքնամատույց միջնորդ-հաշտարարի կերպում դրսևորվող լղոզված "պայքարն" էլ ... Եվ ինքը չի հասկանում, որ երկրի տերը միայն նրանք են, որ տիրություն են անում երկրին, որոնք ցրտին, ձյան ու անձրևի տակ մերկ ձեռքերով ուղիղ և փոխաբերական իմաստով կանգնում են հայրենաքանդ մեքենայի դեմ ու կանգնեցնում են այդ մեքենան: Չի հասկանում նաև, որ ինքը տերերի տեսակից չէ, այլ ծառաների, ընդ որում` կամովին, այլ ոչ բռնությամբ ստրկացված, ուստի չի կարող իրեն տերերի շարքը դասել: Չի հասկանում նաև, որ իր նմանների ստեղծածը պատուհաս է դարձել հայի գլխին: Չի հասկանում նաև, որ Հայն այս անգամ չհասկացողին չի ներելու ...
4. arevik22:51 - 23 դեկտեմբերի, 2011
Գեւորգ, աչքիս ժամանակին պարոն Տեր-Գուլանյանը չի տպել անտաղանդ գործերդ, կամ էլ մի այլ հարցով ես նրանից >աբիժնիկ< մնացել... ինչ-որ շատ ես հալումաշ լինում նրա դեմ քոմենթներ գրելուց:
5. arevik22:57 - 23 դեկտեմբերի, 2011
Էն էլ ում, Տեր-Գուլանյանի բառապաշարն է սովետական? Ծիծաղելի է: Պարոն, երբ էդ մարդը Ձեր ասած Սովետի դեմ էր դուրս գալիս, Դուք ուր էիք` էսօրվա ազատ ու ոչնչի համար պատասխանատվություն չզգացող >տերերդ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված