Կիրակի, 15 դեկտեմբերի

Բնակարանային գողությունը ամենատարածված ու ամենաքիչ բացահայտվող հանցագործությունն է



Հայաստանում հանցագործությունների մեծ մասը սոցիալ-տնտեսական ծագում ունի: Հանցագործությունների ամենամեծ տոկոսը կազմում են սեփականության դեմ ուղղվածները՝ գողություն, կողոպուտ, յուրացում, շորթում, խարդախություն, հափշտակություն և այլն: Գողությունը շարունակում է մնալ սեփականության դեմ ուղղված ամենատարածված ու ամենաքիչ բացահայտվող հանցագործությունը:

Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերի բացահայտումը ցածր մակարդակի վրա է, սրա մասին է վկայում վիճակագրությունը: Այսպես, ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, 2016-ին սեփականության դեմ ուղղված արձանագրված  7741 դեպքից 1252-ը (16,1%-ը) բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքեր են: Սակայն 2016թ. –ին  բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով հարուցվել է ընդամենը 482 քրեական գործ: Որպես մեղադրյալ է ներգրավվել 198 անձ: Դատարաններ է ուղարկվել 128 գործ՝ 187 անձի վերաբերյալ: Դատարաններում քննված և ավարտված 109 քրեական գործերով դատապարտվել է 153 անձ, որոնցից 81-ի (52.9%-ի) նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը:

Մայրաքաղաքում արձանագրված բնակարանային գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից: Բնակարանային գողություն կատարելու մեջ մեղադրված չափահաս անձինք հիմնականում աշխատանք չեն ունեցել կամ, առանձին դեպքերում, կատարել են բանվորական աշխատանքներ, զբաղվել հողագործությամբ, անասնապահությամբ: 

Հոկտեմբերի 27-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մատնանշել է նաև բնակարանային գողություններով պատճառված վնասի վերականգնման չափազանց ցածր մակարդակը:

Դատախազությունն առաջարկել է Երևանի քաղաքապետին և տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քննարկել, քայլեր ձեռնարկել Երևանի ու մարզերի տարածքներում բազմաբնակարան շենքերը տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ:

Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է հետևել, որպեսզի բնակարանային գողությունների դեպքերով դեպքի վայրի զննությունը կատարվի լրիվ ծավալով, բացառել միայն ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա անձի կողմից գողություն կատարելը հիմնավորված համարելու դեպքերը: Իսկ բացահայտված դեպքերով՝ ապահովել, որպեսզի կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությամբ դեպքի վայրի լրացուցիչ զննությունը կամ քննչական փորձարարությունը կատարվեն ամենայն մանրամասնությամբ:

Դատախազներին հանձնարարվել է նաև յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո ուսումնասիրել իրենց սպասարկման տարածքում գողությունների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները և ըստ անհրաժեշտության՝ դրանցից բխող համապատասխան միջնորդագրեր հասցեագրել Ոստիկանության տարածքային վարչությունների պետերին, իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված