Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Զեկույցից զեկույց տեղափոխվող հարցեր՝ կոռուպցիա, գերբնակեցում, սննդի ու բուժծառայության վատ որակ



Բանտային պահման պայմաններ, սննդի ու բուժծառայության որակ, վատ վերաբերմունք, քրեական ենթամշակույթ, կոռուպցիա, գերբնակեցում, անկախ հանձնաժողովի աշխատանք. ահա այն հիմնական խնդիրները, որոնք արձանագրել է ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խումբը 2016թ.-ի ընթացքում:

Երեկ խումբը ներկայացրել է գործունեության ամենամյա հաշվետվությունը: Սակայն եթե մենք թերթենք դիտորդական խմբի տարիներ առաջ կազմած հաշվետվությունները, մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա, տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցները բանտային համակարգի մասին, կհամոզվենք՝ ոլորտում գրեթե նույն խնդիրները զեկույցից զեկույց են տեղափոխվում:

Խմբի անդամները 2016 թվականին այցելել են 12 ՔԿՀ-ներ, դիտարկել շուրջ 95 խուց:

Հաշվետվության մեջ ազատազրկվածների իրավունքների կողքին մտահոգություն կա նաև 12 ՔԿՀ-ների հսկիչների աշխատանքային պայմանների վերաբերյալ: Դիտորդները նշում են՝ այդ պայմանները ծանր են. մասնավորապես հսկիչները չունեն հանգստի սենյակ և փոխարինող, այն դեպքում, երբ նրանք առանց հանգստի աշխատում են 24 ժամ: Հանգստի սենյակներ նախատեսված չեն նաև գիշերային հերթափոխով աշխատող բուժաշխատողների համար:

Բուժսպասարկման հասանելիությունը և որակն` օրակարգային թիվ մեկ խնդիր

Ազատազրկվածներն առավել շատ մատնանշել են հենց առողջապահության հետ կապված հարցերը:

Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ քրեակատարողական հիմնարկներն ապահովված չեն մասնագիտական բուժանձնակազմով։ Դիտորդները նշում են, որ պատճառը հիմնականում ցածր վարձատրությունն է: Խումբն արձանագրել է դեղամիջոցների ոչ ճշգրիտ բաշխման դեպքեր: Բժշկական նյութատեխնիկական բազան ևս խնդրահարույց է, ՔԿՀ-ների բուժանձնակազմերն էլ կախվածություն ունեն հիմնարկների վարչակազմերից: Թույլ է զարգացած հոգեբանական ծառայությունը. լավագույն դեպքում հարյուրավոր դատապարտյալ ունեցող ՔԿՀ-ն սպասարկում է միայն մեկ հոգեբան: Հոգեբանի հաստիք նախատեսված է միայն «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում, իսկ հոգեբուժական բաժանմունք գործում է միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Պահման պայմաններ

Արդարադատության նախարարությունից պատասխանելով հաշվետվության մեջ բարձրացված հարցերին՝ նշված է, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել տարբեր ՔԿՀ-ներում: Սակայն խմբի անդամներն այցելությունների ընթացքում փաստագրել են խոնավությունից բորբոսնած, սանիտարահիգիենիկ 51 նվազագույն պայմանների բացակայությամբ սանհանգույցներ, խոնավ խցեր, վխտացող միջատներ, այդ թվում նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, թեև դա հիվանդանոց է:

Դիտորդների դիտարկումները ցույց են տվել, որ գերազանց կամ բարվոք վիճակում են այն խցերը, որոնք վերանորոգել են դատապարտյալները՝ իրենց ընտանիքների միջոցներով, իսկ այն խցերը կամ կացարանները, որտեղ բնակվող դատապարտյալները չեն ունեցել համապատասխան ֆինանսական միջոցներ, որպես կանոն, գտնվել են ոչ բարվոք վիճակում:

Օրինակ՝ 2016 թ.-ի դեկտեմբերին խմբի անդամներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցի ընթացքում դիտարկվել են հիմնարկի ստորին հարկի խցերից մեկը և միջանցքը։ Խցի պայմանները գնահատվել են անմխիթար, իսկ ազատությունից զրկված անձանց նման պայմաններում պահելը` հավասարազոր անմարդկային վերաբերմունքի։ Անզեն աչքով առաստաղի, պատերի վրա, հացերով լի տուփերում նկատելի են եղել հարյուրավոր խավարասերներ։ «Հատկանշական է, որ այդ խցում պահվում էին քրեական ենթամշակույթի հիերարխիայի ամենացածր և, որպես հետևանք, ամենախոցելի խմբի ներկայացուցիչները (ԼԳԲՏ-ի և քրեական ենթամշակույթին չենթարկվող անձինք)»։

Ըստ հասարակական դիտորդների՝ սարսափեցնող են եղել հացի պահման պայմանները։ Օրինակ` խմբի անդամների այցելություններից մեկի ժամանակ արձանագրվել էր դեպք, երբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացն ուղղակի գցած է եղել հատակին:

Շարունակում է խնդրահարույց մնալ բանտերի գերբնակեցումը

2016 թ. հունվարի 1-ի դրությամբ գերբանկեցված են եղել «Նուբարաշեն» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկները, իսկ 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:

Պայմանական, հիմնականում, ազատվում են հովանավորյալները

Հաշվետվության մեջ նշված է, որ տարեցտարի նվազում է պայմանական վաղաժամկետ ազատվող դատապարտյալների թիվը։ «Այս ինստիտուտը շարունակում է հասանելի չլինել ֆինանսական սահմանափակ հնարավորություններ ունեցող (կամ այդպիսիք չունեցող) և/կամ բարձր հովանավորչություն չունեցող ազատազրկված անձանց համար: Վերջին պնդումն ուղղակիորեն վկայում է նաև կոռուպցիոն ռիսկերի մասին»,- ընդգծել են դիտորդները։

Վճարումներ՝ փոքր ու մեծ «արտոնությունների» դիմաց

Փաստահավաք գործը խմբի անդամներն իրականացրել են նախապես մշակված հարցաթերթիկի միջոցով:

Ըստ այդմ, պարզվել է, որ ազատազրկվածին գումար փոխանցելիս ՔԿՀ աշխատակցին վճարվում է հավելավճար` փոխանցվող գումարի 10%-ի չափով: Ըստ հարցվածների՝ գումարը հիմնարկում ծախսվում է տվյալ հիմնարկին կից գործող կրպակից գնումներ կատարելու, հարկի հսկիչին կամ այլ աշխատակցին վճարելու համար: Հարցվածները նշում են, որ նման վճարումները մեղմացնում են ՔԿՀ աշխատակցի վերաբերմունքը, ինչպես նաև տալիս են որոշակի արտոնություններից օգտվելու հնարավորություն (օրինակ՝ արտահերթ լոգանքի կամ հավելյալ զբոսանքի, ավելի մեղմ խուզարկություն անցնելու, արգելված իրեր ունենալու, ամռանը խցի դռան վրայի փոքր պատուհանը բաց թողնելու, խցից խուց ազատ տեղաշարժվելու («հյուր գնալու»), «օբշյակին» գումար տալու, թղթախաղ խաղալու թույլատվություն ստանալու և թղթախաղի գումարը վճարելու, բջջային հեռախոս գնելու, թմրամիջոց ներս բերելու կամ գնելու և այլնի համար):

Հարցվածների պատասխաններից երևում է, որ «Օբշյակին» գումար տալու չափը տարբեր է՝ 5.000- 10.000 դրամ` յուրաքանչյուր անձից: Այդ գումարը վճարողները հնարավորություն ունեն ազատվելու թղթախաղ խաղալուց, արժանանալու որոշակի մեղմ վերաբերմունքի ինչպես այլ ազատազրկված անձանց, այնպես էլ ՔԿՀ աշխատակիցների կողմից։

Բացի այդ, ըստ 2016թ.-ին ստացված տվյալների՝ ՔԿՀ-ի բուժկետում 1 ամիս գտնվելու համար կալանավորված անձը կամ դատապարտյալը հիմնականում վճարում է մոտ 90.000 ՀՀ դրամ:

Սնունդ

Հաշվետվության մեջ ընդգծված է, որ ինչպես նախորդ տարիներին, այդպես էլ 2016 թ.-ին բոլոր այն կալանավորված և դատապարտված անձինք, ովքեր հնարավորություն են ունեցել օգտվել հանձնուքների միջոցով ստացված սննդից և հիգիենայի պարագաներից, նախընտրել են այդ տարբերակը և չեն օգտվել ՔԿՀ սննդից: Ըստ հաշվետվության՝ նման մոտեցումը հիմնականում պայմանավորված է տրամադրվող սննդի ոչ բավարար որակով, միանման և ոչ գրավիչ ճաշացանկով, ինչպես նաև՝ ազատությունից զրկված անձանց շրջանում ընդունված վարքագծի ոչ ֆորմալ կանոններով:

Բանտային հացի, սննդի որակին, պետական գնումներին մանրամասն անդրադարձել է նաև «Հետքը»՝ «Բանտային սնունդ» հոդվածաշարում:

Խմբի աշխատանքը խոչընդոտվել է

Հաշվետվության մեջ դիտորդներն անդրադարձել են 2016թ.-ի ընթացքում խմբի աշխատանքների խոչընդոտներին՝ նշելով, որ ավելի քան 10 տարիների գործունեության ընթացքում խմբի աշխատանքների նման խոչընդոտներ չէին արձանագրվել: «2016 թ.-ին քրեակատարողական վարչությունը (ՔԿՎ) որդեգրեց մի դիրքորոշում, որով արգելվեց Դիտորդների խմբի անդամներին այցելել և առանձնազրույց ունենալ ազատությունից զրկված այն անձանց հետ, որոնց նկատմամբ քննիչի կողմից դրված է արգելանք արտաքին աշխարհի հետ շփումների վրա, մինչդեռ նախկինում այդ արգելքը դիտորդների խմբի անդամների վրա չէր տարածվում: Հատկանշական է, որ դիտորդների խմբի աշխատանքները խոչընդոտվում էին բացառապես քաղաքական հնչեղություն ստացած գործերով անցնող անձանց դեպքում»,- նշված է դիտորդական խմբի հաշվետվության մեջ:

Դիտորդական խմբի հաշվետվությունը՝ Արդարադատության նախարարության պատասխան արձագանքով ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Լուսանկարները՝ հաշվետվությունից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված